Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է:Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքիցհրաժարումը կամ այլ կերպ ասած իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման: