Սեռավարակները` դրանք առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներն են /վարակներն են/: Դրանք տեղակայվում են հիմնականում տղամարդկանց և կանանց ներքին ու արտաքին սեռական օրգաններում. ախտահարելով տվյալ սեռական օրգանը առաջ են բերում այս կամ այն չափով արտահայտված ցավային համախտանիշ, ընդհուպ մինչև ֆունկցիայի խանգարում: Ներկայումս բավականին լավացել է սեռավարակների հայտնաբերման մեթոդների արդյունավետությունը /քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն, արյան իմունոֆերմենտային քննություն, ժամանակակից նոր գեներացիայի վարակների հայտնաբերման համար կիրառվող ԴՆԹ պոլիմերազային մեթոդները,/ ,բայց դրա հետ միաժամանակ շատացել են հիվանդությունների գաղտնընթաց և ձգձվող ընթացքով, խրոնիկական դեպքերը:
Սեռավարակների ոչ լիարժեք բուժման դեպքում կամ երբ հիվանդը լիարժեք բուժում դեռ չստացած դադարեցնում է բուժումը, առաջանում են դեղորայքակայուն ինֆեկցիաների շտամներ/տեսակներ/, որոնք փոխանցվելով իրենց զուգընկերներին կամ զուգընկերուհիներին առաջ են բերում տարբեր սեռական օրգանների հիվանդություններ, որոնց բուժումը բժիշկների համար դժվարություն է ներկայացնում ,քանի որ արդեն այդ ինֆեկցիաները կայուն են դեղորայքների նկատմամբ:
Կախված տեղակայումից, ընթացքից, հիվանդի տարիքից, վարակի տեսակից և տևողությունից սեռավարակները կարող են առաջացնել սղամարդկանց մոտ բալանոպոստիտ /սեռական անդամի գլխիկի բորբոքում/, ուռետրիտ /միզուկի բորբոքում/, սերմնային թմբիկի բորբոքում, շագանակագեղձի սուր և խրոնիկական բորբոքում /պրոստատիտ/, ամորձիների ախտահարում /օրխիտ/`ընդհուպ մինչև սերմառաջացման ֆունկցիայի խանգարում, բերելով արական անպտղության զարգացման: Որպես բարդություն հաճախ դիտվում են սեռական ֆունկցիայի խանգարումներ` էրեկցիայի թուլաթյուն, վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում:
Կանանց մոտ սեռավարակները կարող են առաջ բերել վուլվովագինիտ/հեշտոցամուտքի և հեշտոցի բորբոքում/, արգանդի վզիկի և արգանդի լորձաթաղանթի բորբոքում, արգանդափողերի ձվարանների ախտահարում`առաջ բերելով ձվազատման ֆունկցիայի խանգարում և կպումների ձևավորման պատճառով նաև կանացի անպտղություն: Կանանց սեռական ֆունկցիայի խանգարումներից հաճախ դիտվում են գրգռման ժամանակ հեշտոցի ոչ բավարար խոնավացում, օրգազմի զգացողության խանգարումներ, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական ցանկության նվազում:
Վերոհիշյալ նկարագրվածից պետք է հետևություն անել, թե որքան կարևոր է բժիշկ-սեքսոլոգների համար սեռավարակների կանխարգելումը: Մեծ նշանակություն ունի սեռավարակների ճիշտ և ժամանակին հայտնաբերումը, ռացիոնալ, արդյունավետ բուժումը քանի որ սեռական ֆունկցիայի խանգարման և անպտղության քողի տակ կարող է թաքնված լինել որևէ սեռավարակի հին, խրոնիկական օջախներ, առանց որի հայտնաբերման և ժամանակակից համակողմանի բուժման հնարավոր չէ հասնել սեռական կամ ամուսնական զույգի սեքսուալ ֆունկցիայի վերականգնման և կայուն բուժական արդյունքի: