Պոտենցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան պատենցիայի /էրեկցիայի/ հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչս օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:

Ըստ վիճակագրության` աշխարհում 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայից: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է:



Ինչո՞ւ է էրեկցիան երբեմն այդքան քմահաճ: Իզուր չեն ասում, որ սեքսուալ ամենագլխավոր օրգանը գլխուղեղն է: Հենց ուղեղն է ղեկավարում մարդու սեռական ոլորտի բոլոր դրսևորումները` ստեղծում է հուզական տրամադրվածություն, հակառակ սեռի նկատմամբ հակում և ապահովում սեռական օրգաններում, օրինակ` առնանդամում, համապատասխան փոփոխություններ: Հենց ուղեղն է հրաման տալիս ողնուղեղի նյարդային կենտրոններին լցնել առնանդամի սպունգանման մարմնիկները արյունով և պինդ դարձնել այն: Այս համակարգը հիշեցնում է հեռագրական կապ: Գլխավոր` հրամատարական կետում առաջանում է «հրաման», ասես էլեկտրական ազդանշաններ, որոնք վազում են հաղորդալարերով` նյարդերով: Հաղորդալարի վերջում նստած են «հեռագրավար» նյարդերը, որոնք գրգիռները «թարգմանում» են հատուկ նյութերի ազդեցության տակ, ինչի հետևանքով առնանդամի մկանները մերթ թուլանում են, մերթ կծկվում: Երբ սեռական գրգռվածությունը նվազում է, սպունգանման մարմիններում մկանները կծկվում են` դուրս մղելով արյունը, ինչպես սպունգի միջից ջուրը: Այն նյութը, որը մկաններին թուլանալու հրաման է տալիս, կոչվում է ացետիլխոլին: Այն արագ քայքայվում է հատուկ ֆերմենտներով:
Սեքսոլոգիական հետազոտությունները վկայում են, որ իրեն իմպոտենտ համարող յուրաքանչյուր երրորդ տղամարդ միանգամայն առողջ է, և նրա սեռական խնդիրները հիմնականում հոգեբանական բնույթի են: Այս տեսակի ձախողումները հաճախ անսպասելի են առաջանում` որպես կյանքում տեղի ունեցած որևէ լուրջ դեպքի հետևանք: Իսկական սեռական անկարողությունն զարգանում է դանդաղ, աստիճանաբար:
Այսպես կոչված փսիխոգեն սեռական անկարողության ժամանակ պահպանվում են գիշերային և առավոտյան էրեկցիաները, ինչպես նաև էրոտիկ նկարներ նայելու համապատսախան ռեակցիան: Եթե սեքսուալ խնդիրներն ունեն օրգանական բնույթ, ադեկվատ խատասխան չեն առաջացնում ո´ չ պոռնոգրաֆիան, ո´ չ առավոտյան տեստոստերոնի մակարդակի բարձրացումը:

Քննարկենք այն դեպքերը, երբ կինը կարող է օգնել ամուսնուն մոռանալ իր ենթադրյալ անկարողությունը:


Խնդիրը: Սեքսոլոգները նկատել են, որ վերջերս տղամարդիկ սկսել են կասկածել իրենց սեքսուալ ընդունակությունների վրա այն պատճառով, որ սխալ պատկերացում ունեն կնոջ օրգազմի մասին: Բազմաթիվ պոռնոֆիլմեր նայելով, որտեղ կանայք սեքսուալ գագաթնակետի ժամանակ տնքում են, հեծկլտում և պատն ի վեր բարձրանում, տղամարդը սկսում է նման ռեակցիա սպասել նաև իր զուգընկերուհուց: Սակայն քանի որ օրգազմի նման դրսևորում ոչ բոլորն են ունենում, մարդը սկսում է մտածել, թե ինքը չի կարող բավարարել կնոջը: Եվ ահա սեքսուալ առումով նորմալ տղամարդը սկսում է խուսափել սեքսից կամ, ընդհակառակը, տրվում զանազան մտատանջությունների: Իսկ արդյունքը ավելի ու ավելի ողբալի է, քանի որ միացել է գլուխը, և վերացել է ինքնաբուխությունը:
Ելքը: Եթե կինն զգում է, որ տղամարդն անկողնում իրենից սպասում է հույզերի ինչ-որ արտասովոր արտահայտություն, փորձեք բացատրել նրան, որ կինոն տեսարան է և ոչ միշտ է նման կյանքին: Իրականում եթե կինը սեռական հարաբերությունից հետո իրեն զգում է թուլացած, բավականություն ստացած, ուրեմն նա օրգազմ է զգացել, թեկուզև այն չի արտահայտվել տնքոցներով, ճիչերով և մարմնի խելահեղ շարժումներով: Լավ կլինի, որ տղամարդը կենտրոնանա կնոջ զգացողությունների նրբություններին ու փնտրի առավելագույն հաճույք պարգևող դիրքեր և գործողություններ: Դրա օգուտը կրկնակի կլինի. և´ կինը կզգա նոր զգացումներ, և´ տղամարդը կշեղվի էրեկցիայի հետ կապված խնդիրներից: Այն զույգերը, ովքեր յուրացրել են, որ կինը կարող է հաճույք ստանալ նաև առանց բուռն օրգազմի, հսկայական թեթևություն են զգում. տղամարդն այլևս չի ընկնում անիմաստ արդյունքի ետևից, իսկ կինը կարիք չունի ձևացնել «կրքի ծվեններ»:
Խնդիրը: Համարվում է, որ հանդիմանություններով ու փոխադարձ վիրավորանքներով վեճից հետո կինը չի կարող սեքսով զբաղվել: Իսկ տղամարդուն հարաբերությունների բուռն պարզաբանումը միայն գրգռում է: Գուցե որոշ դեպքերում դա այդպես է: Սակայն ոչ այն դեպքում, երբ կինը վիճաբանության թունդ պահին նսեմացնում է տղամարդու «անկողնային» հնարավորությունները: Երբեմն կինը դավաճանության մեջ կասկածող տղամարդուն ցավագին «խայթելու» համար կարող է հարցնել. «Դու էդ ո՞նց ես բավարարում սիրուհուդ, եթե ինձ հետ քեզ ոչինչ չի հաջողվում»: Կամ բարկացած նետել` «Քեզնից ոչ մի օգուտ չկա...»: Կամ, ցանկանալով զուգընկերոջն ավելի բորբոքել, ասում է. «Դու քո տվյալներով ո՞ւմ ես պետք»: Նման բաներ լսելով` տղամարդը հազիվ թե ոգեշնչվի: Նա ավելի շուտ կսկսի կասկածել իր հնարավորություններին և աստիճանաբար կարող է համոզվել, թե իմպոտենտ է դարձել:
Ելքը: Որքան էլ կինը նեղացած լինի տղամարդուց, եթե պատրաստվում է նրա հետ հետագայում ապրել, երբեք նրա ամենախոցելի տեղին չպետք է հարվածի: Եթե կինը նման սխալ է գործել, պետք է ամեն ինչ անի` վիճակը շտկելու համար` նրան սիրային նամակ գրի, ասի ամենաքնքուշ բառերը: Տղամարդուն հասկացնի, որ իր համար նա ամենա-ամենան է...
Խնդիրը: Ձեր կոնֆետային-ծաղկեփնջային շրջանը ավարտվում է, դուք պատրաստվում եք ամուսնանալ և հասկանում եք, որ շուտով կհայտնվեք անկողնում: Եվ ահա ննջարանի աղոտ լույս, մեղմ երաժշտություն, գրկախառնություններ ու... վերջ: Նման բան հաճախ է լինում. տղամարդն այնքան ուժեղ է ցանկանում կնոջը, այնպես է կենտրոնանում նրան նվաճելու մտքի վրա, որ դա խանգարում է նրան մտածածն իրականացնելու: Եվ խուճապի մեջ հայտվելով` սկսում է մտածել, որ ինքն իմպոտենտ է:
Ելքը: Փորձեք թույլ չտալ նրան, որ անկողնուց վեր կենա: Որևէ բան ասեք, օրինակ` «Ես մի քիչ հոգնել եմ, վատ եմ զգում, արի հետաձգենք»: Միացրեք հեռուստացույցը, նայեք լուսանկարներ: Եթե նույնիսկ տղամարդը հասկանա ձեր խորամանկությունը, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Երբ տղամարդը հասկանա, որ «բարձունքում» լինելը կենաց մահու անհրաժեշտություն չէ, ամեն ինչ շատ ավելի լավ կստացվի:
Սեքսոպաթոլոգներն սեռական անկարողությունը բուժելու այսպիսի մի ձև ունեն. բժիշկը մեկ ամսով արգելում է կենակցումը, սակայն թույլ է տալիս անել ամեն ինչ, բացի սեքսից` գրկախառնվել, միմյանց փաղաքշել, համբուրվել... Որպես կանոն` մեկ շաբաթ անց էրեկցիայի հետ կապված բոլոր խնդիրները վերանում են:
Խնդիրը: Կինը նկատում է, որ տղամարդն ավելի ու ավելի քիչ է իրեն ցանկանում: Ի՞նչ է պատահել: Նման դեպքերում ավելի ճիշտ է, որ կինն իր վրա ուշադրություն դարձնի: Գուցե կինը գիրացել է, դադարել է գեղեցկության սրահ հաճախել, տանը շրջում է հնամաշ շապիկով: Մի մոռացեք, որ տղամարդը սիրում է աչքերով, և հոգնած կոպերից կոսմետիկայի ծուռումուռ հետքերը կամ արդեն երրորդ օրն անլվա, խունացած մազերը նրան վանելու ամենաարդյունավետ միջոցներն են:
Ելքը: Քննադատորեն նայեք ինքներդ ձեզ հայելու մեջ: Հիշեք, թե ինչպես էիք ձեզ հետևում, ինչպես էիք հագնվում, երբ ցանկանում էիք նրան նվաճել: Նայեք այն լուսանկարները, որտեղ միասին եք ձեր հարաբերությունների սկզբնական փուլում: Ձեր լրիվ բերեք «մարտական պատրաստվածության» և այլևս նման սխալներ թույլ մի տվեք:
Խնդիրը: Դուք արդեն երկար տարիներ շաբաթվա նույն օրը, նույն ժամին զբաղվում եք սեքսով, գիտեք, թե ամուսինը նախ` որտեղ է համբուրում, իսկ հետո` որտեղ շոյում: Դուք էլ նրան պատասխանում եք անգիր արած նույն շարժումներով: Ըստ էության, երկուսիդ էլ ձանրձրացրել է «ամուսնական պարտքի կատարումը»` առանց առանձնակի հույզերի, առանց ինչ-որ անակնկալների: Բայց կարծում եք, որ դա ամուսնուն անհրաժեշտ է, իսկ նա էլ մտածում է, որ սեքսը ձեզ է անհրաժեշտ: Ու եթե ինտիմ հարաբերությունները ձեր կյանքից անհետանում են, սկզբից դուք երկուսդ էլ թեթևացում եք զգում: Բայց ահա ամուսինը փորձում է սեքսով զբաղվել, ու... ոչինչ չի ստացվում: Դուք երկուսդ անհանգստացած եք. «Սա ի՞նչ է նշանակում»:
Ելքը: Ձանձրալի, միապաղաղ սեքսը հանգեցնում է ցանկության մարելուն: Իրավիճակը կրիտիկական աստիճանի մի´ հասցրեք: Ոչինչ այնպես չի գրգռում, ինչպես անկանխատեսելին, ինքնաբուխությունը: Փոխեք մթնոլորտը, որում զբաղվում եք սեքսով` լուսավորությունը, հագեք էրոտիկ ներքնազգեստ, երբեք մի հայտվեք զուգընկերոջ առաջ ամեն կողմից ցցված վարսակալներով: Փոխեք գործողության վայրը (ոչ թե ննջարանը, այլ, օրինակ` հյուրասենյակի գորգը), ժամանակը, դիրքերը:

Շարունակելի...