Սեպտեմբերի 7-ին Ռուբեն Սեւակի 140-ամյակին նվիրված գրական-թատերական երեկոյի ընթացքում տեղի է ունեցել «Բժշկի օրագրից պոկված էջեր» գրքի շնորհանդեսը։
Գրքի հեղինակն ու թարգմանիչը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանն է, որը ոչ միայն արևմտահայերենից ռուսերեն է թարգմանել «Բժշկի օրագրից պոկված էջեր» պատմվածքների շարքը, այլեւ՝ լրացրել դրանք Ռուբեն Սևակի մասին գրված ակնարկով։ 
Գրական-թատերական երեկոյին ներկա էին նաև սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամները՝ Արամ Հակոբյանը, Ռուզաննա Ազատյանն ու Սաթենիկ Սահակյանը:
«Ռուբեն Սևակի հետ առաջին «հանդիպումս» դեռ ուսանողական տարիներին էր՝ Երևանի Դրամատիկական թատրոնում։
Ռուբեն Սևակը եւս բժիշկ էր, եւ ես ցանկացա ուսումնասիրել նրա գործունեությունն ու ընթերցողին ներկայացնել հենց այս տեսանկյունից։ Ինչ-որ պահից հասկացա՝ իր մասին լավագույնս գրել է հենց հեղինակը՝ «Բժշկի օրագրից պոկված էջեր» պատմվածքների շարքում։
Որոշեցի թարգմանել այս պատմվածքները ռուսերեն՝ հասանելի դարձնելով ավելի մեծ թվով մարդկանց։ Ինքս էլ բժիշկ եմ և սա թույլ տվեց, որ ավելի համարձակ գործեմ։
Հեղինակի 31 պատմվածքի թարգմանությունից բացի, գրքում տեղ գտավ նաև իմ ակնարկը Ռուբեն Սևակի մասին, որի համար հիմք դարձավ երկարատև աշխատանքը Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Հայաստանի արխիվներում։» Ստեփան Մաթևոսյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի հեղինակ և թարգմանիչ

