Անկանոն սեռական կյանքը բազմակի զուգընկերեների հերթափոխմամբ համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այսպիսի աղջիկները ունենում են բազմաթիվ սեռական զուգընկերներ, որոնց հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, ում հետ սեռական հարաբերությունը առաջինը և վերջինն է: Խոսքը չի գնում մարմնավաճառության մասին, որովհետև սեռական այս վարքի հիմքում ոչ մի դեպքում ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Ոչ էլ նրանց առաջնորդում է սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` մեծ մաս դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:
Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում որևէ սեռավարակ/ներ և տարածում են այն իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին` իր անպատասխանատվության պատճառով նա հաճախ մնում է թերի բուժված և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում, ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես եթե ընդհատել են անցանկալի հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը:
Իսկ ինչո՞ւ է աղջկա սեռական կյանքը ձեռք բերում նման ընթացք, արդյոք սա ժառանգական նախատրամադրվածություն է, թե կյանքի անբարեհաջող հանգամանքներն են «մեղավոր»: Մեր կլինիկական փորձը ցույց է տալիս, որ նման վարքի աղջիկները ունեն աձի սահմանային տիպ, իսկ դա նշանակում է հուզական անկայունություն, ներքին մղումով գործելու վառ արտահայտված միտում, առանց հետևանքները հաշվի առնելու: Միջավայրի ազդեցությունը հեշտությամբ կարող է հրահրել վարքային «պայթյունների», նրանք դյուրագրգիռ են, դժվարանում են իրենք իրենց տիրապետել: Մյուս կողմից այս աղջիկներն ունեն անինքնավստահության զգացում և իբրև անլիարժեքության դեմ պայքարի միջոց ընտրել են իրենց սեռի գրոտեսկային ընդգծումը, քանի որ համարում են, որ տղամարդուն գրավում են կրքոտ, սեռազգայուն և մուլտիօրգաստիկ կանայք: Այն պատճառով, որ այս աղջիկներն ի վիճակի չեն կայուն փոխհարաբերություններ ստեղծել, նրանց «կյանքի ընկերը» երկար չի դիմանում իրենց կողքին և հեռանում է: Սա իր հերթին ավելի է խորացնում թերարժեքության զգացումը, հուսահատության մեջ հայտնվելով նրանք սկսում են իմպուլսիվ կերպով` առանց իրենց հաշիվ տալու փոխարինել մի տղամարդը մյուսով: Սեռական կապերը նրանց կյանքում դառնում են ինքնահաստատման և թերարժեքության խորը զգացումից ձերբազատման կարևոր միջոց:
Հոգեսեռական վարքի խանգարումով այս աղջիկները խորը թերարժեքության և միայնակության զգացում ունեն և միայն բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ կարող են ձերբազատվել իրենց նիմֆոմանիկ սեռական վարքից և վերականգնել սեռական առողջությունը: