Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն,դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:
Երկրորդ խումբ տղամարդիկ ունեն ավելի լուրջ` հոգեբուժական խնդիրներ` դիսմորֆոֆոբիկ համախտանիշ` կապված առնանդամի չափի հետ: Այստեղ երբեմն պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն և բուժական օգնության կազմակերպում այս դաշտի շրջանակներում:
Երրորդ խումբը իրոք միկրոպենիսով տղամարդիկ են, այստեղ չափի պատճառով իրոք առաջանում են ներթափանցման լուրջ խնդիրներ և սեռական դիրքերի անհարմարություն: Կանայք, ովքեր սեռական հաճույք են ապրում վուլվայի գրգռումից, ներթափանցման կարիք չունեն և միկրոպենիսը այս դեպքերում խնդիր հանդիսանալ չի կարող: Այլ է այն կանանց դեպքում, երբ ներթափանցումը պարտադիր անհրաժեշտություն է սեռական հաճույք ապրելու համար: Կարելի է ենթադրել, որ ամենամեծ դժգոհությունը չափսից արտահայտում են այն կանայք, ովքեր ընդհանրապես սեռական գրգռում և հաճույք չեն ապրում,քանի որ այստեղ տուժում են իրենց էմոցիոնալ կարիքները, կանացի ինքնությունը: