Նախասրահում սպասում էր ամուսնական զույգը, որին շատ նրբանկատորեն ինձ մոտ էր ուղորդել մի պատկառելի հոգևոր գործիչ: Քրիստոնյա այս զույգը հավատքի մեջ էր վաղուց, իրար հետ ծանոթացել էին եկեղեցում և ապրում էին իրենց ամուսնական կյանքի 17-րդ տարին: Ունեին երեք դպրոցական տարիքի երեխաներ: Նրանց այստեղ էր բերել մի անլուծելի հակասություն, որ 3 տարի կլիներ արդեն, ինչ քայքայում էր իրենց ամուսնական դաշինքը:
Ամուսինները միմյանց կապված էին ամենաջերմ սիրով: Հավատարիմ և նվիրված, փոխադարձ հոգատարությամբ իրար քնքշորեն խնամող այս զույգը գանգատվում էր կնոջ էրոտիկ կրքի և սեռական պահանջի բացակայությունից, որի պատճառով վերջին երեք տարիների ընթացքում սեռական կյանքի հաճախականությունը գնալով նվազել և ի վերջո դադարել էր:
Կինը միշտ ուներ մերձեցումից հրաժարվելու «հարգելի պատճառ»` երեխաների հետ զբաղվելուց հոգնել է, լարված աշխատանքային օր է ունեցել, լիքը տնային գործեր են կուտակվել և շատ այլ հնարամտությամբ հյուսված հիմնավոր պատճառներ: Ամուսինը ամեն ինչ անում էր կնոջը օգնելու և հոգսը կիսելու համար, ուշադիր էր ամեն հարցում, կիրառում էր հրապուրելու և գայթակղելու բոլոր հնարավոր միջոցները: Կինը գնահատում էր սիրեցյալի ջանքերը և վայելում սիրո պարգևած ապահովության ու պաշտպանվածության զգացումները, Եվ մինչ հոգեհուզական կապվածությունը գնալով խորանում էր, գիշերային կյանքում ամեն ինչ ընթանում էր հակառակ ուղղությամբ, սառում էր սեռական կիրքը:
Ամուսինը սաստիկ տառապում էր, քանի որ այնպես էր ստացվում, որ կինն էր որոշողը, թե երբ կունենան սեռական մերձեցում, իսկ իր սեփական ցանկությունը դատապարտված էր մնալու անպատասխան: Ինչ տեսակ անձնազոհությունների էլ որ դիմեր նա, միևնույնն է, սեռական մերձեցումը կնոջ կամքից կախված մի բան էր, դրանից էլ սկսում է առաջանալ կնոջ իշխանության տակ գտնվելու դառն զգացողություն, ծնվում և իրար են հաջորդում դժգոհությունը, ագրեսիան, վհատությունը, անճարության և անցանկալի լինելու զգացումները:
-Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը ինքնավստահ է ու ինքնաբավ-ասում է կինը:
-Այո, բայց դժվար է մշտական քննադատություններին և մերժումներին ի հանդիման պահպանել ինքնավստահությունը, բավարարության զգացումը,-առարկում է ամուսինը:
Այսպիսով ստացվում է արատավոր մի շրջան, որը շատ բնորոշ է սեռական ցանկության անհամապատասխանությունների դեպքում: Ինչքան շատ է մեկը մերժում, այնքան ուժգնանում է մյուսի կարիքը և կորչում ինքնավստահությունը: Տվյալ դեպքում ամուսնու կարիքը գնալով ուժգնանում էր և նա փորձում է շատացնել իր կողմից գործադրած ճնշումը, որին ի պատասխան կինն է՛լ ավելի է հեռանում` բողոքելով նրա անրբանկատությունից: Ամուսինն իր վարքով վանում է կնոջը, թեև ճիշտ հակառակն է ուզում, կինն էլ հեռու մնալով ամուսնուց խորացնում է նրա կարիքի և անվստահության զգացումը, որից և ամենաշատն է բողոքում:
Անշուշտ կինը նույնպես տառապում էր իր սառած կրքի պատճառով, ակնհայտորեն դրսևորելով խնդրի լուծման մեծ պատրաստակամություն: Իմ այն հարցին թե` տարփալից և ցանկասիրական ի՞նչ մտքեր է ինքն ունենում, սկսեց պատմել ամուսնու կարիքի և հուսահատությունների մասին, պարզ դարձավ, որ կինն այն աստիճան ներծծված էր ամուսնու սեռական ապրումներով, որ բոլորովին կորցրել էր կապը սեփական զգացումների և ցանկությունների հետ, նա ուղղակի չգիտեր` ինչ է իր ուզածը, մինչդեռ մանրակրկիտ կարող էր շարադրել` ինչ է ուզում ամուսինը:
Ամուսնուն էր վերապահված նաև սեռական հաճույքի բանալին:
-Եթե ամուսնուս պիտի ասեմ, թե ինչ է ինձ դուր գալիս, ուղղորդեմ նրա սեռական վարքը, ուրեմն էլ ինչ տղամարդ: Չէ՞ որ տղամարդը պետք է իմանա գրգռել ճիշտ կետը, որպեսզի կինը հասնի հաճույքի և բավարարման: Մյուս կողմից, երբ ղեկը տրվում է տղամարդուն, որպեսզի նա շարժվի իր իմացածի պես` առանց «հրահանգների», այս անգամ էլ տղամարդը մեղադրվում է էգոիստաբար հաճույք ստանալու մեջ և պիտակավորվում իբրև աննրբանկատ մեկը:
Ահա թե ինչպես կարող է մշակութային ծագման բարդույթը ազդել սեռական կյանքի վրա: Եվ ինչպես սովորաբար լինում է, սեքսուալ բարդույթները հանդես են գալիս ոչ թե մեկուսի, այլ փնջով: Պարզվեց, որ կինն ուներ այն խորը համոզումը, իբր տղամարդը պետք է ջանքեր գործադրի կնոջը հասնելու համար, կնոջ սիրտը և մարմինն ունենալն այդքան էլ հեշտ չէ, հարկավոր են սխրագործություններ, հերոսություններ կնոջ սիրտը գրավելու, կնոջը գայթակղելու համար: Ու հենց այն պահին, որ տղամարդուն կարող է թվալ, որ վերջապես հասել է իր ուզածին, պետք է փշրել նրա պատրանքը, «Քեզ թվում է դու հասար ինձ, չարաչար սխալվում ես, ես հիմա նորից կհեռանամ, որպեսզի դու ինձ ավելի ուժեղ ուզենաս»:
Ինչու է կնոջը հրապուրելու, գայթակղելու փորձը տղամարդու վարքում այդքան կարևոր կնոջ համար, եթե ոչ այն պատճառով, որ չի ընդունվում սեռական մերձեցման նախաձեռնությանը ինքնաբերաբար, մեքենայորեն ասված «այո»-ն: Հրապուրանքի գաղափարը ենթադրում է, որ կարող է լինել ընտրություն` «այո»-ի և «ոչ»-ի միջև, կարող ես տալ համաձայնություն հրապուրողին, կարող ես հավասարապես մերժել: Հրապուրանքի գաղափարը ազատ կամքի դրսևորման հնարավորություն է տալիս: Իսկ ցանկության համար կարևոր են ինքնուրույնության, անկախության և ազատության այս զգացումները: Սցենարն այսպիսին է, տղամարդը նախաձեռնում է, կինը մերժում, 5 րոպե կամ շատ ավելի անց, կինն ինքն է նախաձեռնում և միայն այդ դեպքում սեռական հարաբերությունը սկզբնավորվում է:
«Ամուսինը թող իր պարտականությունը կատարի կնոջ հանդեպ. նմանապես՝ կինը տղամարդու հանդեպ…» (1 Կորնթ 7։3-5), մեջբերում է կինը Պողոս առաքյալի խասքերը: Եվ այսպես ամուսնու պարտականությունն է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, իսկ կնոջ պարտականությունը տրվել իր ամուսնուն, երբ նա կամենում է այդ։ Էլ ու՞ր մնաց ազատ կամքի դրսևորումը: Եթե սեքսը ամուսնական պարտականություն է, որ ուզես թե չուզես պիտի համաձայնվես, ուրեմն ինչ, ստացվում է սիրային այդ հարաբերությունը պարտավորվածության պես մի բան է, -ես չեմ կարող ընդունել դա, ես չեմ ուզում այդ սիրային հարաբերությունը:
Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա բացատրել կնոջը, որ նրա բողոքը պարտադրանքի դեմ է, այլ ոչ իր ամուսնու վարքի, կինը չի ուզում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ հարկադրված է, քանի որ այդպես է պահանջում «օրենքը»: Կինն ուզում է սեռական հարաբերության ունենա, որովհետև այդ ինքն է ուզում, նա ուզում է միայն այն ժամանակ, երբ ազատ է պարտավորվածության բեռից: Այդ կնոջ համար դժվար է ուզել այն, ինչ ուզում է իր ամուսինը, քանի որ այդ դեպքում նա անմիջապես կորցնում է իր անկախության զգացումը և դրա հետ միասին ուզելու ցանկությունը:
Այսպիսով, կինն առարկում է ոչ թե ամուսնու, այլ ամուսնական պարտականության դեմ, նրա վարքը կնոջ դասական դերի դեմ ապստամբության և կնոջ ինքնուրույնության մասին է: Ամուսնու անձը այստեղ կապ չունի: Իզուր չէ, որ կնոջ ցանկությունը բորբոքվում է վիճաբանությունից հետո, որովհետև այդ ժամանակ նա զգում է իր անձնական սահմանները, պակասում է պարտավորվածության բեռի ծանրությունը, նա զգում է իր անկախությունը: Միչդեռ ամուսնու վրա վիճաբանությունը ճիշտ հակառակն է ազդում:
-Երբ ասում եմ «ոչ» մի բանի, որը հարկադրված եմ անել, պարտավորված եմ անել, այդպիսով դրսևորում եմ իմ ազատ կամքը: Չէ որ աստված ստեղծել է ինձ ազատ կամքով: Ես ուզում եմ դրսևորել իմ կամքը, զգալ որ ինքուրույն էակ եմ ազատ կամքով: Ու հանկարծ համարձակ տոնով ավելացնում`
-Գիտեք, ես ունենում եմ սեռական կրքի զգացողություն, երբ հասարակական վայրերում եմ, ասենք ռեստորանում խնջույքի ժամանակ, կամ տաքսու մեջ, բոլորովին անծանոթ տղամարդկանց հանդեպ:
-Որովհետև, եթե չեք ճանաչում տղամարդուն և կապված չեք նրան ամուսնական դաշինքով, ապա ազատ եք կնոջ դասական ամուսնական պարտականությունից և պարտավորության զգացու՞մից:
Կինը մոլորված հայացքով նայում է ինձ: Նա սիրում է և գնահատում իր ամուսնուն: Նրա համար կարևոր է ապահովության զգացումը, որ տալիս է ընտանիքը, ընտանեկան միջավայրը, որովհետև միայն այդ դեպքում նա կարող է թույլ տալ իր ինտիմ զգացմունքերին ազատ դրսևորվելու: Մինչդեռ լինում է ճիշտ հակառակը` տանը, ընտանեկան մթնոլորտում նա կորցնում է իր սեռական կիրքը և արգելակվում:
-Ի՞նչն է խանգարում նրան տանը, տնային գործե՞րը, տնային պարտականությունները, կենցա՞ղը,-բոլորովին շփոթված բուժման զարգացման ընթացքից հարցնում է ամուսինը:
-Ոչ, տնային գործերը չէ, ձեր կնոջն արգելակում է անկողինը և այն, ինչ ենթադրվում է անել այդ անկողնում: Որովհետև ինքն իր մեջ նա մտածում է, որ այդ անկողինը հաճույքի համար չէ, հաճույք ստանում են միայն թեթևաբարո կանայք, իսկ բարոյական վարքի կանայք այդ հաճույքը չեն զգում:
Մեր սեռականությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել մշակութային և ներընտանեկան այն ուղերձների ամբողջությունը որով մենք մեծացել ենք: Այս դեպքում կինը մեծացել էր խիստ նահապետական ընտանիքում: Հայրը, որ քահանա էր, ներարկել էր աղջկան, որ նախաամուսնական սեքսը անթույլատրելի է, ընտանեկան սեքսը երեխաներ ունենալու համար, իսկ մարմնական հաճույքը` մեղք: Ու թեև կինն այսօր քննադատաբար է մոտենում այդ թելադրանքներին, միևնունն է նա կրում է այդ պարտադրանքները իր ներսում, դրանք իր անբաժանելի մասն են դարձել:
-Ահա թե ինչու,- երբ ճամփորդության մեջ ենք և հայրենի տանից հեռու, դու ավելի կրքոտ ես դառնում և ավելի մեծ ցանկություն դրսևորում,-ասում է ամուսինը կնոջը:
Կան կանայք, ովքեր սեռական ցանկություն դրսևորելու համար ոլոր-մոլոր ճանապարհ անցնելու կարիք ունեն` սկզբում մերժում են, որն ամուսինը պետք է հարգանքով ընդունի և միայն քիչ անց իրենք են հայտնում սեռական պահանջը: Այստեղ ոչ թե իշխանության խնդիր է, ինչպես հաճախ կարող է մտածել զուգընկերը, այլ անձնական սահմանները զգալու, ինքնուրույնության զգացումի, սեփական ցանկություն ունենալու համոզման: Որովհետև մտածում են այսպես` եթե ես համաձայնվեմ, ուրեմն հանձնվեցի, եթե անեմ ինչ որ նա է ցանկանում, ինչպես իմանամ, որ ինքս էլ այդ էի ուզում: Միակ ձևը, որ զգամ իմ ազատ կամքով եմ շարժվում, եթե ինքս եմ ցանկանում և գնում նրա մոտ: Հակառակ դեպքում իմ ցանկությունը մարում է նրա ցանկության ֆոնի վրա:
Բուժման ավարտին զույգի սեռական կյանքում հաստատվեց խորը համաձայնություն և ներդաշնակություն, սեռական կյանքը դարձավ նրանց հարաբերության կարևոր և այդ հարաբերությունը հարստացնող կարևոր ենթաբաժին, այլ ոչ թե ամուսնական պարտականություն: Եվ այնուհանդերձ պետք է իմանալ, որ ցանկությունը երկարատև հարաբերություններում ունենում է ալիքաձև ընթացք` մեկ ուժեղանում է, մեկ` թուլանում, ամուսինները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է ցանկությունը հետ բերելու և կրկին բորբոքելու պատասխանատվությունը, քանի որ ընտանեկան էրոտիկայի գոյությունը պահանջում է ակտիվ մասնակցություն և կամային դրսևորում: Ամուսնական սեքսը պլանավորված, պայմանավորված սեքս է և կարևոր է չտրվել այն առապելին, որ ամուսնությունը լուրջ գործ է, ծանր աշխատանք, այլ ոչ թե խաղ, իսկ հաճույքը միայն երիտասարդների համար է: Ամուսնական սեքսի ձանձրույթից գանգատվելը սովորական բան է, ավելի ազնիվ և քաջություն պահանջող է ամուսնական էրոտիկան սնելը և զարգացնելը: