Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Սեռական առողջության հիմնական բաղադրիչներն են`
1. սոցիալական և անհատական նորմերի համաձայն սեռական հաճույքի վայելելը,
2. սեքսուալ լիարժեք հաղորդակցության առկայությունը,
3. սեքսուալության վերաբերյալ սխալ պատկերացումների, վախի, ամոթի, մեղքի զգացումի բացակայությունը,
4. սեքսուալ և մանկածնման ֆունկցիան խաթարող օրգանական այլ հիվանդությունների բացակայությունը:
Մեր կողմից իրականացրած հարցումների վերլուծությունը ցույց տվեց, որ երիտասարդ ընտանիքների սեռական կյանքում առկա են մի խումբ դժվարություններ և խնդիրներ: Երիտասարդ ամուսինների մեծ մասը գտնում է, որ իրենց սեռական կյանքում չկա ներդաշնակություն, բարձր տոկոս է կազմում սեռական անբավարարությունը, ինչը զգալիորեն գերազանցեց մեր սպասումները: Մյուս կողմից, մեր տվյալները վկայում են, որ մեծ տոկոս են կազմում նաև այն երիտասարդ ամուսինները, ովքեր չեն էլ գիտակցում, որ իրենք ունեն սեռական լուրջ պրոբլեմներ, ամուսիններ, ովքեր ունեն հակասական պատկերացումներ սեռական կայնքի վերաբերյալ, անիրական սպասումներ սեռական կյանքից, զուգընկերոջից: Քիչ չեն նաև այն ամուսինները, ովքեր տառապում են սեռականության խորը արգելակումով և զրկված են սեռական կյանքի հաճույքաբեր ակտիվությունից: Հատկանշական է նաև, որ ամուսնական հարաբերությունների սկզբում սեռական ցանկությունն ավելի բարձր է եղել, քան ներկա պահին, ինչը ամուսինները վերագրում են սկզբնական ռոմանտիկ սիրահարվածության անհետացմանը, ընտանեկան հոգսերի ծանրությանը:
Մեր տվյալները թույլ են տալիս եզրակացնելու, որ շատ երիտասարդ ընտանիքներում առկա է սեռական աններդաշնակության լուրջ խնդիրը, որը կարող է վնասել սեռական առողջությունը և առաջացնել ընտանեկան կյանքից հուսահատության, խաբվածության և անբավարարության զգացում:
Իսկ ի՞նչ է սեռական աններդաշնակությունը
Սեքսուալ զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական, էմոցիոնալ/հուզական/ և ֆիզիկական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն, սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է:
Սեռական աններդաշնակությունը դրսևորվում է սեռական պահանջի նվազմամբ, իջնում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաև առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա /իմպոտենցիա/, կանանց մոտ ֆրիգիդություն /սեռական ցանկության բացակայություն/, իջնում է օրգազմելիության հաճախականությունը կամ ընդհանրապես բացակայում է օրգազմի զգացումը:
Որո՞նք են սեռական աններդաշնակության պատճառները
Հաճախ սեռական աննեդաշնակության պատճառը կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունն է:
Անձնային-հոգեբանական անհամատեղելիությունը դիտվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անհատական անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացածության և կրթության աստիճանները, հայացքները` ուղղված կենսական և նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակույթային պահանջները, սովորությունները, ճաշակը, հետաքրքրությունները և հակումները: Նման անհամատեղելիությունը ուղեկցվում է միմյանց հետ իրենց զգացողությունները և ապրումները կիսելու անկարողությամբ, դիմացինի թերա- կամ գերագնահատմամբ, որն էլ միմյանցից հեռացման օտարացման պատճառ է հանդիսանում: Զուգընկերոջ հանդեպ բացասական էմոցիաները` վախը, ատելությունը, անտարբերությունը խանգարում են մարդուն լրիվությամբ տրվել սեռական զգացողություններին և սեռական մերձեցման ժամանակ պարզապես վստահել զուգընկերոջը: Իսկ երբ ամուսինները ամբողջ կյանքի ընթացքում օտար են մնում միմյանց հետ, երբևէ ձեռք չեն բերի միջանձնային խորը կապ և հետևապես սեռական ներդաշնակություն:
Անձնային անհամապատասխանությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի և միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից և որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետևանքները օր` անկայուն հոգեվիճակը կամ օրինակ սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային և սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան:
Չնայած վերը նշվածին` սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների դեպքում: Այս իրավիճակը բավականին դժվար է լուծվում հատկապես կնոջ կողմից այն դեպքում երբ նա սիրում է ամուսնուն, բայց միևնույն ժամանակ կուզենար թողնել նրան, քանի որ վերջինս սեռապես չի բավարարում իրեն: Միևնույն ժամանակ կոնֆլիկտային միջանձնային հարաբերությունները կարող են չուղեկցվել սեռական աններդաշնակությամբ, սակայն ժամանակի ընթացքում իր բացասական ազդեցությունը ունենալ սեռական հարաբերությունների վրա և իջեցնել ամուսինների սեռական ակտիվությունը:
Մյուս պատճառը, որ առաջացնում է սեռական աններդաշնակություն ֆիզիոլոգիական խանգարումներն են: Տղամարդկանց մոտ այդ շարքին են պատկանում էրեկտիլ դիսֆունկցիան /սեռական թուլություն կամ իմպոտենցիա/, վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ակտիվության իջեցումը կամ բարձրացումը, կանանց մոտ ցածր սեռական ցանկությունը, վագինիզմը, գենիտալգիան, ուշացած սեքսուալ դրսևորումները /ինֆանտիլիզմ/, ինչպես նաև սեռական օրգանների բորբոքային հիվանդություննրը և նյարդա-հոգեկան խանգարումերը: Այդ է պատճառը, որ սեռական աններդաշնակությունների պրոֆիլակտիկայի /կանխարգելման/ համար խիստ մեծանում է ճիշտ ժամանակին նշված խնդիրների ախտորոշումը և բուժումը:
Ի՞նչ է Էրեկտիլ դիսֆունկցիան
Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով:
Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ:
Էրեկտիլ դիսֆունկցիան պատկանում է այն սեռական խանգարումների թվին, որը խիստ մտահոգություն է պատճառում տղամարդկանց: Երբեմն տղամարդիկ այնքան են ֆիքսվում իրենց սեռական օրգանի ձգվածության աստիճանի վրա, որ մեկ անհաջող փորձից հետո սեռական հարաբերությանը ընդունում են իբրև սպառնալից մի փորձություն և սկսում են այն վերահսկել ամբողջ ակտի ընթացքում: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Այս էտապում բուժման հիմնական նպատակը կատարման հենց այս տագնապի վերացումն է:
Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ: Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար: Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն, որը նպաստել է ԷԴ-ի առաջացմանը:
Ի՞նչ է վաղաժամ սերմնաժայթքումը
Վաղաժամ սերմնաժայթքումը բնորոշվում է հետևյալ չափանիշներով՝
Ա. Մշտապես կամ պարբերաբար կրկնվող այնպիսի սերմնաժայթքում, որն առաջանում է կարճատև գրգռումից հետո` անմիջապես հեշտոցամուտից հետո կամ հենց դրա ժամանակ: Գրգռման փուլի ախտաբանական կարճատևության գնահատականը տալիս է բժիշկը՝ ելնելով մի շարք չափանիշներից, ինչպիսիք են՝ տարիքը, զուգընկերուհու կամ սեքսուալ գրգռիչի նորույթը, նախորդող սեքսուալ աբստինենտ շրջանի տևողությունը:
Բ. Խանգարումը լուրջ անհանգստություն է պատճառում տվյալ անձին կամ զուգընկերուհու կողմից դժգոհության տեղիք տալիս, որը միջանձնային խնդիրների աղբյուր է դառնում:
Գ. Վաղաժամ սերմնաժայթքումը չպետք է լինի հետևանք որևէ դեղամիջոցի կամ այլ նյութի ուղղակի ազդեցության:
Տարբերում են բացարձակ և հարաբերական վաղաժամ սերմնաժայթքում:
Բացարձակ է համարվում այն սերմնաժայթքումը, որը վրա է հասնում սեռական ակտի առաջին րոպեի ընթացքում, և որի ընթաքում զուգընկերուհին սեռական բավարարվածություն չի ստանում:
Հարաբերական է համարվում այն սերմնաժայթքումը, որի առաջացման ժամանակահատվածը բավարար չէ զուգընկերուհու սեռական բավարարման համար:
Ի՞նչ է ցածր սեռական ցանկությունը
Ցածր սեռական ցանկությունը /ֆրիիդություն/ բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ:
Սեռական ցանկության նվազման ծայրահեղ աստիճանը սեքսուալ ավերսիայի առաջացման պատճառ է հանդիսանում:
Սեքսուալ ավերսիան զզվանքի զգացումն է և ակտիվ խուսափումը սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ:
Ի՞նչ է վագինիզմը
Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:
Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից /կուսաթաղանթի պատռում/ սրվում է անմիջապես ակտի փորձի ժամանակ` առաջացնելով ակամա կծկումներ, որն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ ընդհանրապես անտեղյակությունը: Ինչպես նաև, այս ամենին զուգահեռ, վագինիզմի զարգացմանը շատ հաճախ նպաստում է զուգընկերների միջև կոմունիկացիայի բացակայությունը: Այսպիսով վագինիզմը երբեմն միջանձնային խնդիրների հետևանք է, որն էլ իր հերթին խորացնում է այն:
Ի՞նչ է գենիտալգիան /Դիսպարեունիան/
Դիսպարեունիան սեռական ակտի ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններն են, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է` նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական դրսևորումների կախվածությունը անհատական փորձից և, որ ամենակարևորն է` զուգընկերոջ անձնային հատկանիշները: Վերոհիշյալ նախապայմանները որոշում են կնոջ սեռական կյանքի որակը:
Դիսպարեունիան կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել:
Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում:
Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է “մարմնի լեզվի” ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է:
Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը:
Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է ահնդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էռոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհամրապես բացակայությունը:
Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել նաև միմյանց հետ խառնվածքի և սեռական կոնստիտուցիայի ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես /խոսք, միմիկա,հագուստ, հոտ որը բնորոշ է տվյալա անհատին/ անտանելիության հանգամանքը ինչպես նաև երբ նա կորցրել է իր էռոտիկ գրավչությունը` իրեն չհետևելու պատճառով:
Սեռական աններդաշնակության պատճառներից մեկը, ինչպես նշվեց վերևում, ամուսինների ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունն է: Սեքսոլոգիայում սեռական հատկանիշների ֆիզիոլոգիական գնահատման համար կա մի հասկացություն, որը կոչվում է սեռական կոնստիտուցիա:
Ինչ է սեռական կոնստիտւցիան
Սեռական կոնստիտւցիան օրգանիզմի կենսաբանական հատկանիշների /առանձնահատկությունների/ ամբողջականությունն է, որը ձևավորվում է ժառանգական գործոնների ազդեցությամբ: Սեռական կոնստիտւցիայից է կախված սեռական պահանջմունքի մակարդակը և սեռական ակտիվության սահմանը, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա վնասակար ազդակների հանդեպ դիմադրողականությունը: Սեռական կոնստիտւցիան որոշում է սեռական դրսևորումների ինտենսիվությունը, այսինքն սեռական տեմպերամենտը: Թույլ սեռական կոնստիտւցիայի դեպքում սեռական դրսևորումները թույլ են արտահայտված, սեռական կյանքի հաճախականությունը բարձր չէ, մյուս կողմից սեռական ֆունկցիայի վրա ազող վնասակար գործոնների հանդեպ շատ զգայուն են: Ուժեղ սեռական կոնստիտւցիայի ժամանակ սեռական խանգարումներ կարող է առաջանալ ուժեղ և տևական ախտահարող ազդակի ազդեցությամբ:
Սեռական աններդաշնակության զարգացմանը նպաստում է նաև սեռական ֆունկցիայի փսիխոհիգիենայի և ֆիզիոլոգիական նորմերի մասին որոշակի գիտելիքների բացակայությունը, կամ օրինակ սեռական խանգարումների առաջացման վերաբերյալ սխալ պատկերացումները: Օր. հասարակության մեջ կա տարածված թյուր կարծիք, որ օնանիզմը /ձեռնաշարժությունը/ պատճառ է սեռական թուլության և այլն:
Ինչ է փսիխոհիգիենան
1. Անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ինտիմ հարաբերությունների համար
· Ամուսինները ննջարանում պետք է մենակ լինեն
· Սեռական մերձեցումից առաջ hիգենիկ միջամտությունները պարտադիր են երկուսի համար
· Ամենակարևորը պետք է հիշել, որ ինտիմ մերձեցումը սկսվում է ոչ անկողնուց
2. Պետք չէ սեռական հարաբերությունից առաջ խոսել գործնական և տհաճ թեմաների շուրջ
3. Սեռական հարաբերությունների հաճախականությունը պետք է համապատասխանի երկուսի ցանկությանը:
4. Պետք չէ նախորոք պլանավորել սեռական մերձեցման ռիթմը, հակառակ դեպքում երբեմն վեր է ածվում ամուսնական պարտքի և ամուսինները սեռական անհաջողությունների հետ են բախվում:
5. Սիրող ամուսինների միջև թույլատրելի սեռական ակտիվության ցանկացած տարբերակ, եթե այն ընտրվում է երկուսի համաձայնությամբ:
6. Տղամարդիկ պետք է հիշեն, որ կնոջ էռոգեն գոտիները պատասխանում են շոյանքներին, երբ կինը հոգեբանորեն պատրաստված է: Եվ էռոգեն գոտիները կարող են տարիքի ընթացքում փոխվել, ինչն էլ պատճառ է հանդիսանում սեռական կյանքում անընդհատ փոփոխություններ մտցնելուն` նոր էռոգեն գոտիներ հայտնաբերելու համար:
7. Էռոգեն գոտիների խթանման տևողությունը կախված է կնոջ սեռական գրգռման մակարդակից: Առնանդամի ներհրում պետք է կատարել երբ կինը լիարժեք գրգռված է:
8. Կրկնակի սեռական ակտը պետք է ցանկալի լինի երկուսի համար: Պետք է հիշել, որ ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի կրկնակի սեռական գործողության:.
Գոյություն ունեցող սեռական դժվարությունների սրությունը փոխադարձ սիրո և փոխըմբռնման առկայության դեպքում կարող է կրկնակի անգամ նվազել: Սիրո առկայությունը ինչպես սեռական, այնպես էլ միջանձնային աններդաշակությունը կանխող հզոր գործոն է համարվում:Կա այնպիսի կարծիք, որ սեռական հարմոնիայի համար անհրաժեշտ զգացմունքի բացակայությունը կարելի է կոմպենսացնել` կիրառելով որոշակի տեխնիկական հմտություններ: Սակայն ոչ մի տեսակի տեխնիկական հմտություններ փոխադարձ սիրո և հարգանքի բացակայության դեպքում չեն կարող սեռական ներդաշնակություն ապահովել:
Քանի որ սեռական աններդաշնակությունները սեռական խանգարումների համար նախաախտաբանական վիճակ են համարվում, այդ պատճառով նրանց կանխարգելման համար պետք է անց կացվի սեքսոլոգիական կոնսուլտացիա, հետազոտում, ապա անհրաժեշտության դեպքում ամուսնական և ընտանեկան թերապիա: Սեռական խանգարումների հայտնաբերման դեպքում անց է կացվում հոգեթերապիա, դեղորայքային թերապիա, ֆիզիոթերապիա և ասեղնաբուժություն: