Այս տարի սեռական բժշկության 27-րդ համաշխարհային հանդիպումը, որը նաև բժշկական սեքսոլոգիայի եվրոպական (ESSM) և միջազգային (ISSM) միության համագումարն էր, տեղի ունեցավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում։ Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը և բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 2 գիտական աշխատանք․ ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Լուռ ցավ». Վագինիզմը հայ կանանց մշակութային առանձնահատկությունների տեսանկյունից»
և բժիշկ-սեքսոլոգներ Ա․ Ղարիբյանի ու Ս․ Սահակյանի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Գաբապենտինի արդյունավետությունը վուլվոդինիայի բուժման մեջ. դիտարկումներ փոքր կլինիկական նմուշում»: 
Աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ և սեռական առողջության ոլորտի վերջին նվաճումները լուսաբանող հզոր գիտական ծրագիր ունենալով՝ հանդիպումը արժեքավոր հարթակ ստեղծեց փորձի փոխանակման, ուսուցման և իմաստալից քննարկումների համար: Այս տարվա համագումարին կար ավելի քան 1200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Փոխգործակցության և համագործակցության բարձր մակարդակը իսկապես արտացոլում էր միջազգային համայնքի ուժը:

Համագումարը մուլտիդիսցիպլինար էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։



