Սույն թվականի հոկտեմբերի 28-29 տեղի ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպված ‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով գիտաժողովը։
Գիտաժողովի ձևաչափը մուլտիդիսցիպլինարանային էր , ինչը հնարավորություն տվեց միջմասնագիտական տեսանկյունից քննարկել առկա խնդիրները։ Անկյունաքարային էին սեռական խանգարումների ախտածագման հոգեկան և սոմատիկ ասպեկտներն ու պատճառա-հետևանքային կապերը։
Գիտաժողովի պատվավոր հյուրերն էին հոգեբույժ, սթրեսոլոգ, բ․գ․դ․ պրոֆեսոր, էկոլոգիայի և կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ա․ Ս․ Թադևոսյանը, ով ներկայացրեց ‹‹Մարդու հոգեկան խոցելիությունը․ <Թզենու տերևը> լիբիդոյի/սեքսի էվոլյուցիայում։ ‹‹Պացիենտը/հոգին հոգեթերապևտի առանձնասենյակում››, և բ․գ․դ․ պրոֆեսոր, Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲ Սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բ․ Մ․ Վորնիկը իր ‹‹Լիբիդո, ֆիզիոլոգիական և կլինիկական ասպեկտները սեքսոլոգիական պրակտիկայում›› վերնագրով զեկույցով։
Հոկտեմբերի 28-ին ԵՊԲՀ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում իր հետաքրքիր զեկույցով հանդես եկավ բ․գ․դ․ պրոֆեսոր , Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Ա․ Է․ Հակոբյանը ‹‹Հոգեկան կոմպոնենտի դոմինանտ դերը սեռական դիսֆունկցիայի պաթոգենեզում›› վերնագրով զեկույցով։
Այդ օրը ևս մեկ հետաքրքիր թեմա քննարկվեց բ․գ․թ․ , դոցենտ , ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վ․ Ա․ Շահրամանյանի կողմից ‹‹Սոմատիկ գործոնի գերախտորոշումը և վերագնահատումը սեռական խանգարումների գենեզում››:
Հոկտեմբերի 29-ին Ցենտրալ հյուրանոցում իրենց զեկույցներով հանդես եկան բ․գ․թ․ , ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչի և կլինիկայի ղեկավարի ժ/պ Ա․ Դ․ Գրիգորյանը իր ‹‹Դեղորայքային և վարքային թերապիայի համակցումը տրանզիտոր էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ›› թեմայով և ներկայացրեց կլինիկական դեպքի վերլուծություն ‹‹Վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման և բուժման նոր մոտեցումների›› վերաբերյալ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ , սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ՍԵքսոլոգների Հայկական Ասոցիացիայի տնօրեն Ռ․ Է․ Ազատյանը ‹‹Կանանց հոգեծին սեռական դիսֆունկցիաների բուժման առանձնահատկությունները›› թեմայով, իսկ սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․ Ա․ Ա․ Չարչյանը ներկայացրեց ‹‹Միֆերն ու կարծրատիպերը սեռական առողջության տեսանկյունից››։
Միքայելյան հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Ս․ Ա․ Սահակյանը ներկայացրեց նորամուծություններով լի ‹‹Սեռական առողջության հիվանդությունների միջազգային դասակարգման վերանայված 11-րդ տարբերակում›› թեման, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հյուրերի և մասնակիցների շրջանակում։
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ բ․գ․թ․ , դոցենտ Վ․ Ա․ Շահրամանյանի կողմից ներկայացվեց ‹‹Տղամարդկանց սեռական խանգարումների բուժումը՝ պայմանավորված փոքր կոնքի սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով›› թեմայով զեկույցը։
Իսկ այս հաճելի և նոր գիտելիքների պաշարով մեզ հարստացնող ջերմ հանդիպումն ավարտվեց մեր երկու հյուրերի կողմից ներկայացված կլինիկական դեպքի քննարկումով, որը էլ ավելի ամրապնդեց մեր գիտելիքները և ևս մեկ անգամ հնարավորություն տվեց գիտելիքների փոխանակում իրականացնելու։
Միջոցառումը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ կողմից սահմանված 6 ՇՄԶ կրեդիտով։ Թիրախային խմբի մեջ մտնում էին սեքսոպաթոլոգները, հոգեբույժները, կլինիկական հոգեբանները, նյարդաբանները, ուրոլոգները, ընտանեկան բժիշկները և մաշկաբանները։