«Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է  անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից: Ըստ  էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման  անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք  փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
 
Ըստ  նրա՝ այդպիսի երիտասարդները ունենալով դեռևս տարաբնույթ սեքսուալ  ֆանտազիաներ գտնվում են ներ-և/կամ միջանձնային կոնֆլիկտային  իրավիճակներում:
«Այդպիսի անհատների շրջանում առաջանում է  հակասություն, որոշ ժամանակ նրանք չեն ռեալիզացնում իրենց սեռական կյանքը  կամ ունենում են էպիզոդիկ փորձեր, որոնք կարող են լինել ինչպես  հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ բնույթի: Սա, ըստ էության,  բիսեքսուալիզմի էլեմենտներ է պարունակում»,- նշեց նա:
Սեքսապաթոլոգն  ասաց, որ ժամանակի ընթացքում` կախված նրանից, թե որ ուղղությունը  կգերակշռի անհատի մոտ, նա կողմնորոշվում է: Այսպիսի մարդիկ վարքային որևէ  առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, փորձում են թաքցնել իրենց սեռական  կողմնորոշումը: Նրանք դա քողարկելու համար պատրաստ են նույնիսկ ամուսնանալ:  
«Ստեղծելով ընտանիք` նրանք որոշակիորեն կարողանում են  հասարակության կասկածները ցրել, ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են  էպիզոդիկ սեռական կյանք՝ զուտ երեխաներ ունենալու համար»,- նկատեց  մասնագետը: 
Ինչպես նշեց Սևադա Հակոբյանը, նման դեպքերում անհատը չի  կարողանում այդ փորձությունը հաղթահարել, ինչի պատճառով կանանց մեծ մասը  դիմում է բժշկի օգնությանը` հայտնելով, որ ամուսնու մոտ նկատում են գաղտնի  էրոտիկ ֆիլմերի դիտում կամ ձեռնաշարժություն: 
«Փորձը ցույց է  տալիս, որ նման դեպքերում մի քանի հանդիպումից հետո տղամարդը խուսափում է  գնալ բժշկի, երբ բժիշկը փորձում է բացահայտել խնդրի էությունը: Սա  անխուսափելիորեն հանգեցնում է ընտանիքի քայքայման»,- ասաց սեքսապաթոլոգը: 
Սևադա  Հակոբյանը հավելեց, որ դիմակավորված հոմոսեքսուալիզմը բնորոշ է ոչ միայն  մեր հասարակությանը: Դա պայմանավորված է անհատի քողարկման, դիմակավորման  ներքին հակումով, երբ նա ունի նույնասեռական կողմնորոշում:
http://1in.am/arm/armenia_society_115868.html
																		