«Մինչամուսնական հարաբերություններից պետք է տարբերել վաղ հարաբերությունները և ամուսնությունները, որոնք հաճախ կայուն չեն լինում, քանի որ զույգը պատրաստ չէ բախվելու կենցաղային և այլ բնույթի խնդիրներին: Այսինքն՝ այդ պարագայում «կաղում» է հոգեբանական հասունությունը:

Միջազգային և մասնագիտական փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում մինչամուսնական ողջամիտ սեռական կյանքը կարող է կանխել անհաջող ամուսնությունների դեպքերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Երիտասարդ զույգերը սկսել են ավելի շատ դիմել դիմել բժշկի: Ըստ մասնագետի՝ դա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է սեռական խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին»:

Սեքսոպաթոլոգի խոսքերով՝ ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվությունը պետք ընդգրկի նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի մասին տեղեկատվություն. «Դա հաճախ կանխարգելում է որոշ սեքսուալ խանգարումների առաջացումը: Սակայն դա անհատական հարց է, և յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ»:

 

http://www.1in.am