ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Արսեն Գրիգորյանը ԵՊԲՀ կլինիկայի վիճակագրական տվյալները ներկայացնելով՝ փաստում է, որ աշնանը սեռավարակներով հիվանդների թիվը մեծանում է:


Սակայն, ըստ նրա, վարակը ձեռք է բերվում ավելի շատ ոչ թե աշնանը, այլ ամռանը՝ հանգստյան սեզոնին: «Ամռանը տենդենց կա ավելացման, իսկ աշնանը՝ ակտիվացման: Մարդիկ գնում են ամռանը հանգստանալու և հանգստյան վայրերում ակտիվ սեռական կյանք ունենալով վարակվում են, որը արտահայտվում է աշնանը»,- ասաց նա:



Բժիշկ-սեքսոպաթոլոգն ավելացնում է, որ բացի այդ, շատերն աշնան են ամուսնանում, այդ պատճառով ըստ նրա, այժմ միտում կա, որ զույգերով այցելությունները շատացել է: «Խնդիրներ են առաջանում գիշերվա հետ կապված, և արդեն դիմում են»,- ասաց նա և հիշեցրեց, որ աշնանն են վերադառնում նաև արտագնա աշխատանքի մեկնածները:


«Գարնանը գնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որոնցից որոշ մասը աշնանը «նվերներով» են վերադառնում և արդեն դիմելիությունը մեծանում է»,-շարունակեց նա:


Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան` Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ հիվանդությունը ավելի շատ նկատվում է երիտասարդների մոտ, սակայն քիչ չեն նաև ավելի հասուն տարիքի մարդիկ, իսկ սեռերի դեպքում գրեթե հավասար է լինում, ուղղակի տարբերությունն այն է, որ տղամարդիկ ավելի շատ են դիմում:


«5-10%-ի չափով առավելությունը տղամարդկանց կողմն է: Ավելի շատ տղամարդիկ են դիմում, քանի որ ռիսկը նրանց մոտ է՝ ընտանիքին չվնասելու համար: Օրինակ՝ ասում են, բժիշկ ջան, օդանավակայանից տուն չեմ գնացել, կասկածում եմ, մի հատ ստուգվեմ, նոր գնամ»,- պատմեց մաշկավեներաբանը:


Սամվել Հովհաննիսյանի խոսքով, եթե ժամանակին սեռավարակների առաջատարը սիֆիլիսն էր, որն ըստ նրա, վերջերս բավականին մեծ քայլերով հետընթաց է ապրել, ապա այսօր ավելի նոր, ժամանակակից սեռավարակներն են շատ:


Բժիշկների խոսքով՝ այսօր ազգաբնակչության մոտ սեռական հիվանդությունների մասին կրթվածություն է նկատվում և մարդիկ սեռավարակների նկատմամբ ավելի զգոն են դարձել: Ըստ նրա, վերջիններս իրենց խնդիրներով ավելի շատ են սկսել դիմել մասնագետներին:

http://tert.am