Ամուր ընտանիքը մարդու ամենանվիրական երազանքերից մեկն է և այն պահպանելու համար, ամեն օր մարդը «ստիպված» է լինում հաղթահարել մի շարք դժվարություններ՝ ընտանեկան երջանկության, ընտանեկան խաղաղությանն ու ներդաշնակության համար, որտեղ մարդը կանչված է ծնվել, աճել ու բազմանալ:
Ընտանեկան հաղթահարվող դժվարություններից է ամուսինների միջև եղած հարաբերություններն ու սեռական կյանքի ճիշտ կազմակերպման հիմնախնդիրները:

Ներկայացնում ենք հարցազույց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանի հետ:

Մասնագետը առաջարկում է լուծումների ու միջանձնային հարաբերությունների մի քանի տարբերակներ:
Որքանո՞վ է անդրադառնում սեռական հարաբերությունները ընտանիքի կայունության և ամրության վրա:

-Ուղիղ համեմատական կապով: Ընտանիքում պետք է միշտ արևշող եղանակ լինի, որի գրավականը սեռական առողջ հարաբերություններն են: Սեռական փոխհարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, օրինակ` բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը և այլն: Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես՝ սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերը իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

Ներքին և արտաքին գործոնները կարո՞ղ են սեռական կյանքի վրա ազդեցություն ունենալ:

- Սեռական առողջ փոխհարաբերություններ ձևավորելու համար մեծ նշանակություն ունի ոչ միայն, ինչպես արդեն ասացի, անձի բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը, այլև՝ համապատասխան զուգընկերոջ ընտրությունը: Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս: Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է հետագա սեռական և ամուսնական կյանքում ներդաշնակություն ստեղծելու համար: Բացի այդ գործոններից, անհրաժեշտ է առանձնացնել սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարևոր գործոն` կենցաղայինը: Դրա բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ: Հաճախ նյութական միջոցների հայթայթմանն ուղղվում են մարդու ողջ կարողությունները և նպատակները` ժամանակ ու ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար: Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսևորումն է գտնում սեռական անհաջողություններում: Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակին, որն արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում: Կանանց մոտ տնտեսական գործոնը կարող է ազդել սեռական զուգընկերոջ ընտրության և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխման վրա:

Ինչու՞ են շատերը խուսափում սեքսոպաթոլոգին դիմելուց:

- Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումներն և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում և կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման չափանիշից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև սեքսուալ խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին: Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվոթյունը պետք ընդգրկի նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ խանգարումների առաջացումը:

Ձեզ արդյոք դիմո՞ւմ են մարդիկ կամ զույգեր, որոնց մոտ ընտանիքը քայքայման վտանգի առաջ է կանգնում՝ սեռական կյանքում ունեցած «ձախողումների» պատճառով:

- Իհարկե, լինում են դեպքեր, երբ ամուսնական նավը խորտակման եզրին է հայտնվում հենց սեռական կյանքում անլուծելի թվացող խնդիրների պատճառով: Սակայն մեր մասնագիտության առանձնահատկություններից մեկն էլ հենց ընտանիքի ստեղծումն ու պահպանումն է: Երբեմն կենցաղային խնդիրներն իրենց հետքն են թողնում ամուսնական անկողնու վրա: Իսկ անկողնային անախորժությունները, որպես կանոն, վատթարացնում են միջանձնային հարաբերությունները: Առաջանում է սեքսուալ ձանձրույթ, որից խուսափելու համար անհրաժեշտ է, պարբերաբար յուրովի, թարմություն ներմուծել ամուսնական հարաբերություններում:

Ինչպե՞ս անել, որ սեքսուալ կյանքի պատճառով չքայքայվեն ընտանիքներն ու ավելի ամրանան:

-Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները,վաղ թե ուշ, կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այդ պատճառով ցանկալի է ձգտել, որպեսզի ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեքսուալ կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել, պարզապես պետք է դիմել մասնագետի: Ու ամեն մի զույգ պետք է հասկանա, որ ամուր և կայուն ընտանիքը առողջե պետության գրավականն է:

Ինչի՞ց կարող է խանգարվել զույգերի սեռական կյանքի ներդաշնակությունը:

- Զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական և ֆիզիոլոգիական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն՝ սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է: Պատճառները բազմաթիվ են՝ կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունը, սեռական խառնվածքների տարբերությունը, զուգընկերից որևէ մեկի սեռական խանգարումներն և այլն:

Մինչև ամուսնական սեռական կյանքով ապրելը ճիշտ է, թե ոչ: Այն կարո՞ղ է ազդեցություններ ունենալ հետգա կյանքի ընթացքի վրա: Ու ինչպիսի՞ն կարող է լինել այդ ազդեցությունը և «Կարմիր խնձոր»-ի ավանդույթի անհամաձայնությունն ժամանակակից կենսակերպի հետ. դրա հետևանքով առաջացող խնդիրները:

-Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: «Կույս» նշանակում է՝ չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական` մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև՝ «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում: Այնպես, որ սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ:

Որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասն ու երիտասարդությունը:

-Պետք է փաստել, որ սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանն ու հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին մեր երիտասարդները չեն տիրապետում: Յուրաքանչյուր այցելու բացի բժշկական սպասրկումը պետք է անցնի նաև խորհրդատվություն:Իհարկե պետք աստիճանաբար համակարգվի այս ոլորտը, որպեսզի այն իր արդյունավետության ցուցանիշը բարձրացնի: Իմ մասնագիտական փորձառության ընթացքում ունեցել եմ այցելուներ, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառը այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում» են նաև նրանց «շրջապատը»՝ ավագ ընկերները, կասկածելի և անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունն և այլն, իսկ սա շատ վտանգավոր է: Ուստի պետք է երեխան՝ իր տարիքի համապատասխան, աստիճանաբար ստանա այս իր անձի սեռական դաստիարակության որոշակի գիտելիքներ իր ընտանիքում՝ իր ծնողի կողմից, որպեսզի դրսում չփնտրի այն: Հայ ընատանիքներում էլ պետք է ձևավորվի այս հարցի շուրջ իրենց երեխաների հետ խոսելու և սեռական դաստիարակություն տալու մշակույթը, որը, ցավոք սրտի, այսօր բացակայում է:

Հարցազրույցը` Վարդ Գիշյանի

http://asekose.am