Սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ջրում սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանգստյան օրերի ընթացքում հաճախ մարդիկ ունենում են զբոսաշրջային սիրավեպ, ինչը իր հետ բերում է որոշակի հետևանքներ:
«Հաճախ սեռական հարաբերություններ են ունենում առանց պահպանակների: Դրանից հետո սեռավարակներ են ստանում և տարածում: Իմ խորհուրդն է բոլորին սեռական հարաբերություններ պատահական մարդկանց հետ չունենալ առանց պահպանակի և լողավազանում կամ ծովի մեջ»,– ասաց նա:
«Ջրի մեջ սեռական հարաբերություններ ունենալը բարձրացնում է սեռավարակներով հիվանդանալու հավանականությունը, հատկապես կանանց դեպքում»,- ասաց բժիշկը և հիշեցրեց, որ ցանկացած ոք, որտեղ էլ լինի, պարտավոր է հետևել հիգիենայի կանոններին:
Ըստ բժշկի՝ եթե տասը տարի առաջ Հայաստանում սեքսոպաթոլոգին դիմում էին միայն քաղաքաբնակները, ապա այսօր գալիս են անգամ հեռավոր մարզերից, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ այս մասին շատ է խոսվում:
«Մեզ ավելի շատ դիմում են տղամարդիկ: Խնդիրները հիմնականում կապված են էրեկցիայի և վաղաժամ սերմնաժայթքման հետ: Մեզ դիմող կանայք հիմնականում ունեն սեռական ցանկության նվազում, վագինիզմ (վախ սեռական հարաբերությունների նկատմամբ) և հեշտանքի հետ կապված խնդիրներ: Ավելացել է զույգերի դիմելիությունը, որը խոսում է կրթական մակարդակի բարձրացման մասին»,-ասաց բժիշկը:
Անդրադառնալով ամառային շրջանում մարդկանց շրջանում առաջացող խնդիրներին, սեքսոպաթոլոգը նշեց, որ ամռանը տղամարդկանց սեքսուալության աստիճանը բարձրանում է:
«Մի կողմից կանայք թեթև և ավելի ազատ են հագնվում, երևում են մարմնի տարբեր հատվածները և տղամարդկանց գրգռվածության աստիճանը բարձրանում է: Մյուս կողմից էլ դա բացատրվում է հանգստյան սեզոնի բացմամբ: Մարդ տարին 11 ամիս աշխատելուց հետո փորձում է իր այն մեկ ամիսը փոխել իր ապրելակերպը և այդ պարագայում մինչև կրկնապատիկ անգամ կարող է բարձրացնել սեռական ակտիվությունը»,- բացատրեց բժիշկը:
Խոսելով, որ սինթետիկ կտորներից պատրաստված ներքնազգեստներ կրելու մասին, բժիշկը նշեց, որ թեև դրանք գեղեցիկ են, բայց ավելի հաճախ են մաշկային խնդիրներ առաջանում: