Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել` ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:
Գիտական փաստերը վկայում են, որ սիրով խանդավառված անձի օրգանիզմում բարձրանում է նյարդային մեդիատոր դոպամինի քանակությունը եւ իջնում` սերոտոնինի քանակը: Դոպամինը այն նյարդային մեդիատորն է, որը դրդում է կրկին անգամ ձեռնարկել այնպիսի վարքային ակտիվություններ, որոնց ավարտին ի հայտ է գալիս խորը բավարարման զգացողություն: Ահա թե ինչու է սեքսուալ բավարարման զգացողությունը բերում սեռական ցանկության բորբոքման:
Գիտական հետազոտությունները վկայում են, որ կախյալության հակվածությամբ օժտված անձանց մոտ, օրինակ` նիկոտինային կախյալությամբ տառապող անձի դեպքում, դոպամինի նյութափոխանակությունը այնպես է խաթարված, որ կախյալություն առաջ բերող նյութը, տվյալ դեպքում` նիկոտինը, զգալիորեն ուժեղ հաճույք է հարուցում տվյալ անձի մոտ, քան նրանց, ովքեր չունեն կախյալության հակվածություն: Նմանապես «կպչուն-սեւեռուն» սիրո դեպքում, սիրված անձնավորությունը դառնում է կախյալության օբյեկտ եւ առաջացնում այնպիսի ուժեղ հաճույքի զգացողություն, որն ամրապնդում է այդ ախտի ձեւավորումը:
Սերոտոնինը ունի տրամադրությունը, ախորժակը եւ քունը կարգավորող ազդեցություն, լավացնում է հիշողությունը եւ սովորելու կարողությունները, սերոտոնինի քանակը գլխուղեղում բարձրացնող դեղերը բերում են տրամադրության բարձրացման եւ տագնապի իջեցման: Հիվանդագին սիրո ժամանակ սերոտոնինի ցածր քանակությամբ է պայմանավորվում դեպրեսիվ-տագնապային ապրումների գերիշխումը անձի հոգեվիճակում, անքնությունը, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողությունը, ախորժակի կորուստը:
Սերը կարող է կոկաինային կախյալության պես կպչուն լինել: «Կպչուն-սեւեռուն» սերը ունի խորը արմատներ, որոնք հասնում են մինչեւ մանկության տարիներ: Երբ ծնողները ի վիճակի չեն բավարարել երեխայի հուզական պահանջները, երեխան մեծանալով` կյանքի ողջ ընթացքում շարունակում է հուզական ուշադրություն տենչալ: Նա հեշտությամբ գերվում է եւ սեւեռվում դժվար հասանելի եւ հուզականորեն անմատչելի զուգընկերների վրա, որովհետեւ վերջիններս անգիտակցաբար դիտարկվում են եւ նմանակվում այն ծնողին, որի սիրո պակասը իրենք միշտ զգացել են:
Եվ այսպես` ամփոփելով վերոշարադրյալը կարելի է եզրահանգել, որ սերը հիվանդություն կարող է դիտարկվել այն դեպքում, երբ այն կրում է կպչուն-սեւեռուն հոգեկան խանգարման բնույթ: «Կպչուն-սեւեռուն» սիրո հակված են առավելապես կախյալության հակվածությամբ անձիք: Հիվանդագին սիրով ախտահարման մյուս ռիսկային գործոնը ծնողների հուզական վերաբերմունքն է երեխային, հուզական սառնությունը, անմատչելիությունը:
Նյութը՝ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
http://zaruhi.com