Արդյոք մեր հասարակությունն այսօր կաշկանդված չէ արտաբերել «սեքս» բառը, որքանո՞վ է սխալ սեռական դաստիարակությունը հիմք հանդիսանում հոգեբանական լուրջ խնդիրների և վերջապես` եղե՞լ է Հայաստանում «sexual revolution» թե ոչ Panorama.am-ը զրուցեց ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանի հետ:



-Պարոն Հակոբյան, եթե խոսենք հայ հասարակության սեռական դաստիարակության մասին, կարո՞ղ եք 5 բալանոց համակարգով գնահատեք, թե որչա՞փ է այս իմաստով այն զարգացած:
-Ցավոք 2-3 բալ կարող եմ տալ միայն: Իրականում մենք դեռ մեծ անելիքներ ունենք: Թյուր է կարծիքը, թե սեռական խնդիրների մասին չխոսելն ու չբարձրաձայնելը ապահովագրում է հասարակությանն ասեքսուալությունից: Դա այդպես չէ` որքան բանիմաց ու գրագետ, այնքան ավելի ճիշտ դեռահասները սեռական կյանք կմտնեն և այնքան ավելի պաշտպանված կլինեն սեռական այս կամ խանգարումներից ու հիվանդություններից:

-ՀՀ անկախացումը դեռահասների սերունդը կանգնեցրեց փաստի առաջ. մի կողմից` sexual revolution, մյուս կողմից` ավանդական դաստիարակություն, որը ժամանակի թելադրանքը սխալ է համարում: Տարածված կարծիք կա, որ դա հոգեբանորեն լուրջ խնդիր հանդիսացավ այդ սերնդի համար:
-Խնդիրն իսկապես առկա է: Այն սերունդը, ում դեռահասության շրջանն ընկավ 1990-ականների սկզբին իսկապես մեծ խնդիրներ ունի սեքսուալ առողջության ու հատկապես ռեպրոդուկտիվ առողջության առումով: Վերջինիս հետ կապված ասեմ, որ այդ տարիներին չարվեցին անհրաժեշտ փոխպատվաստումները, ինչը հետագայում բերեց հատկապես տղաների մոտ վերարտադրողական ֆունկցիայի վատթարացմանը:
Ինչ վերաբերում է սեռակրթությանը, ապա այդ տարիներին տաբուների վերացումը մեծ մասամբ դեռահասներին ու առհասարակ հասարակությանը դրդեց սեռական անկանոն կապերի ու չպաշտպանված սեռական հարաբերությունների, որոնք էլ բերեցին սեռավարակների տարածմանը: Իսկ դրանց ժամանակին ճիշտ չբուժելը և անտեսելը իր հերթին մի շարք լուրջ խնդիրներ առաջ քաշեց` մենք մինչ օրս առնչվում ենք այդ խնդրի հետ:

-Բայց իսկապե՞ս Հայաստանում տեղի է ունեցել այդ «սեքսուալ հեղափոխությունը»:
-Ավելի շատ ոչ թե հեղափոխության, այլ էվոլյուցիայի ձևով է եղել: Այսինքն` մենք մի աստիճանից անցում կատարեցինք մեկ այլի, ավելի բարձր աստիճանի, որն էլ, առանց ոչ համապատասխան մասնագիտական ապահովման ավելի բարդացրեց իրավիճակը: Այն է` մարդիկ գտնվեցին, որոնք , ասենք, մեծ գրանտ էին շահել և այլն և սկսեցին ձեռնարկներ տպագրել սեքսի վերաբերյալ, բայց համապատասխամ մասնագիտական հիմք այդ ամենը չուներ: Բայց հիմա, կարծում եմ, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

-Այսինքն` մեր հասարակությունըն այսօր ավելի շատ է հասկանում, թե ի՞նչ բան է սեռական ճիշտ դաստիարակությունը և չի վախենում բարձրաձայն արտաբարել սեքս բառը:
-Մի քիչ ավելի գրագետ են դարձել հասարակության լայն շերտերը և փորձում են ավելի ճիշտ տեղեկատվություն ստանալ:

-Համացանցն ու հեռուստատեսությունը այդ թեման այսօր բավականին հասանելի են դարձրել, բայց արդյոք դա բավարար է ճիշտ դաստիարակության համար: Արդյոք ժամանակը չէ, որ թեման քննարկվի դպրոցներում:
-Մենք առաջարկել ենք, որպեսզի սեռական դաստիարակությունը պարտադիր լինի ավագ դպրոցներում, առաջարկել ենք նաև մանկավարժների հատուկ խումբ ընտրել դրա համար, որոնք համապատասխան կրթություն կստանան: Սա իսկապես ժամանակի հրամայականն է: Կարծում եմ առաջիկայում պաշտոնապես կդիմենք Կրթության և գիտության նախարարությանը և հավանության կարժանանանք:

-Շա՞տ են հոգեբանական գործոններով պայմանավորված սեքսուալ խանգարումները:
-Բավականին ու դրանք բազմաթիվ են` սկսած սեռական կյանքի ու ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին ապատեղեկատվությունից, որոնք կարող են կեղծ սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ: Օրինակ, տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնց մասին անհատը տեղյակ չէ և դա խանգարում է համարում ու չի գնում բժշկի: Ու այդպես էլ ապրում է տառապելով:
Այդ, ինչպես նաև մի շարք այլ խանգարումներ` սեռական անհամատեղելիության, ռիթմերի, գուրգուրանքների և այլնի հետ կապված իրականում շատ հեշտ է կարգավորել ու բուժել: Պարզապես հարկ է չկաշկանդվել ու ժամանակին դիմել սեքսապաթոլոգի և ոչ թե որպես հետևանք ամուսնալուծվել:

-Բացի ամուսնական զույգերից, դեռահասներ Ձեզ դիմո՞ւմ են, կա մեզանում արդեն այդ մշակույթը:
-Այո, որովհետև այսօր միտում է նկատվում, որ դեռահասները նախքան ամուսնությունն են սեռական կյանք վարում ու ըստ այդմ դիմում մասնագետի առկա հարցերի պատասխանները ստանալու համար: Եվ սա էլ մեր հասարակության գրագիտւթյան աստիճանի բարձրացման մասին է վկայում:

-«Կարմիր խնձորի» ավանդույթը և՞ս հոգեբանական խնդիրների տեղիք է տալիս, ինչպես այսօր տարածված է ասել:
-Այսօրվա միտումն այնպիսին է, որ նախամուսնական կապեր երիտասարդներն ունենում են և որոշակիորեն միտում կա այս գաղափարի հետզարգացման: Բայց ես չեմ կարող ասել ընդհանուր առմամբ դա մեր ազգի մտածելակերպի վրա ինչպես կանդրադառնա:
Սեքսոլոգիական տեսանկյունից դա դրական է անդրադառնում զույգերի հետագա սեքսուալ կյանքի վրա, քանի որ առավել լավ ճանաչելով միմյանց սեռական առանձնակատկությունները և պահանջմունքները կանխվում է հետագայում դրանց պատճառով ծագած ամուսնալուծությունները:

Հ.Գ. Խորհրդային միության տարիներին Հայաստանը առաջինն էր, որտեղ 1985թ-ի վերջում ստեղծվեց Սեքսապաթոլոգիայի կլինիկա: Այն ԽՍՀՄ-ում միակ մասնագիտացված կենտրոնն է եղել` գիտական պոտենցիալով ու բարձրակարգ մասնագետներով: Հետագայում ինչ-ինչ խնդիրներով այդ կենտրոնը փլուզվեց ու միայն 2000թ-ին ստեղծվեց Սեքսապաթոլոգիայի ամբիոնը Բժշկական համալսարանում:

 

http://www.panorama.am