Սեռական ցանկությունը, կամ այլ կերպ ասած լիբիդոն (լատ.libido-կիրք ձգտում), չգիտակցված ցանկություն է, ձգտում բավարարելու սեռական պահանջը, որը անձին մղում է սեռական մտերմության ՝ ռեալիզացնելու համար սեռական բնազդը, որի մեջ մտնում են սեռական վարքը և սերնդաշարունակությունը:
Լիբիդոյի ձևավորման մեջ կարևոր նշանակություն ունեն ՝
1.Սեռական կոնստիտուցիան ՝ գենետիկորեն պայմանավորված օրգանիզմի անհատական պահանջը և էներգետիկ հագեցվածությունը, որով և պայմանավորված է լինում անհատի սեռական ակտիվության մակարդակը,
2. Հոգեսեռական զարգացման ընթացքը, մարմնասեռական զարգացման առանձնահատկությունները,
3 Տարիքային դրսևորումներով պայմանավորված լիբիդոյի տատանումները:
Սեռական ցանկությունը պայմանավորված է սեռական հորմոններով, իսկ կենտրոնները գտնվում են գլխուղեղում և կեղևային կառույցներում, որոնք էլ պատասխանատու են վարքի, այդ թվում նաև սեռական վարքի և հույզերի առաջացման ու կառավարման համար:
Եվ՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ սեռական ցանկությունն ապահովող գլխավոր հորմոնը տեստոստերոնն է, որը հանդիսանում է սեռական մտերմության ձգտման, ֆանտազիաների և մտքերի հիմքը: Սակայն, բացի տեստոստերոնից, մասնակցություն ունեն նաև մի շարք այլ հորմոններ՝
1.դոֆամին-առաջացնում է էյֆորիա, բավարարվածության զգացողություն,
2.օքսիտոցին-կարևոր դեր է խաղում կայուն պահելով հարաբերությունը զույգերի միջև սեռական ակտից հետո, ինչպես նաև պահպահվում է սեռական ցանկությունը, սերը, հավատարմությունը և սեռական մտերմությունը,
3.սերոտոնին- երջանկության հորմոն,
4.էնդորֆին- առաջացնում է էյֆորիա և հանգստություն սեքսուալ օբյեկտի կողքին,
5.մելատոնին-կարգավորում է քունը և տրամադրությունը՝ անմիջականորեն ազդելով սեռական ցանկության վրա:
Սեռական ցանկության փոփոխության պատճառները 2 սեռերի դեպքում կարող են լինել ֆիզիոլոգիական և ախտաբանական:
Կանանց մոտ սեռական ցանկությունը ենթարկվում է ֆիզիոլոգիական ցիկլիկ փոփոխությունների ՝ պայմանավորված դաշտանային ցիկլի փուլերով, հղիությամբ, հետծննդաբերական շրջանով, կրծքով կերակրմամբ, նախա-հետկլիմակտերիկ շրջաններով, որոնք ևս խիստ անհատական են:
Տղամարդկանց մոտ նման ֆիզիոլոգիական փուլային փոփոխություններ չկան : Սակայն տղամարդկանց մոտ կան այլ մեխանիզմներ, որոնք կարգավորում են ցանկության առաջացումը և ռեալիզացիան ՝ պահպանելու համար օրգանիզմի ներքին կայունությունը:
Շատ դեպքերում սեռական ցանկության իջեցումը կամ բացակայությունը պատճառ է դառնում միջանձնային հարաբերությունների լարվածության և հետևաբար սեռական խանգարումների առաջացման և/կամ խորացման, ամուսնական աններդաշնակության, ընդհուպ մինչև զզվանք և բացասական վերաբերմունք դեպի սեռական կյանքը ՝ սեքսուալ ավերսիա : Եվ զույգերը չհասկանալով և/կամ չկարևորելով այդ ամենը կանգնում են լուրջ խնդրի առաջ:
Սեռական ցանկությունը օրգանիզմի ներքին հավասարակշռության, միջանձնային հարաբերությունների պահպանման և ամրացման, սերնդաշարունակության հիմքն է:
Ուստի, հաշվի առնելով սեռական ցանկության վերոնշյալ պատճառահետևանքային մեխանիզմները, կարևորում եմ բժիշկ- սեքսոլոգի դերը, ով նման խնդիրների դեպքում ցուցաբերում է ինտեգրալ մոտեցում ՝ յուրաքանչյուր անհատի կոնստիտուցիոնալ և անձնային առանձնահատկություններին համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև հարակից մասնագետների:
Ամփոփելով, միանշանակ խրախուսվում է ճանաչել Ձեր դժվարությունները և դիմել համապասխան մասնագետներին, քանզի այս խնդիրների ժամանակին լուծումը ապահովագրում է հետագա բարդություններից: