Ամուր և ներդաշնակ ընտանիքի հիմքը առողջ սեռական կյանքն է, որը մարդու ընդհանուր առողջության անքակտելի մասն է:

  Զույգերի ‹‹առողջ›› միջանձնային հարաբերությունները, սեռական ներդաշնակությունը և իհարկե փոխադարձ   վստահելի  հարաբերությանները վերոնշյալի կարևորագույն մասն են: Սակայն որոշ դեպքերում



հիվանդությունները, սոցիալ-     հոգեբանական, մշակույթային գործոնները պատճառ են դառնում սեռական աններդաշնակության առաջացման, որը       սեքսոլոգիական պրակտիկայում դրսևորվում է ցավային համախտանիշի (դիսպարեունիա) տեսքով:

 Ըստ DSM V-ի այն ներկայումս դասակարգվում է որպես սեռա-կոնքային ցավ, ներթափանցման խանգարում:

Դիսպարեունիան սեռական խանգարում է, որը բնորոշվում է ցավային զգացողություններով փոքր կոնքում, հեշտոցում և արտաքին սեռական օրգաններում՝ սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում և/կամ հետո կամ նույնիսկ այդ մասին մտածելիս:

Հանդիպում է և կանանց, և տղամարդկանց մոտ: Սակայն կանանց մոտ առավել հաճախ:

Ցավի առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման բաժանվում են 2 հիմնական խմբի ՝

1.փսիխոգեն՝ պայմանավորված հոգեբանական գործոններով,

2. օրգանոգեն՝ պայմանավորված ֆիզիկական կամ այլ ախտաբանական վիճակներով:

 

Փսիխոգեն պատճառներ.

1.չափից ավել ֆիքսվածություն ցավային զգացողությունների վրա և/կամ վախ ցավից, որը կարող է տարած փսիխոտրավմաների հետևանք լինել ՝ բացասական  սեռական փորձ, առաջին ցավոտ  սեռական ակտ, սեռական բռնություն,

2. լարված միջանձնային հարաբերություններ, նյարդահոգեկան լարվածություն, դեպրեսիվ և տագնապային  վիճակները ,

3.վախ սեռական հարաբերությունից, կուսազրկումից, հղիանալուց, սեռավարակներից,

4.ոչ բավարար լյուբրիկացիա (սեռական օրգանների խոնավեցում) և պատրաստվածություն սեռական ակտին, զուգընկերոջ կոպիտ և  ոչ ադեկվատ վարք,

5.տղամարդու ինքնահաստատման անվերահսկելի ցանկություն, որը դրսևորվում է սեռական հարաբերության ժամանակ կոպիտ և ագրեսիվ վարքով,

6.անտիսեքսուալ դաստիարակություն, ինֆորմացիայի բացակայություն կամ դեզինֆորմացիա,

7. մեղքի զգացում,

8. անձնային առանձնահատկություններ՝ ինֆանտիլություն. անսահման ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկություն, մանրախնդրություն, անինքնավստահություն, ցածր ինքնագնահատական և այլն:

 

Օրգանական պատճառներ.

1.փոքր կոնքի և սեռական օրգանների հիվանդություններ,

2.սեռական օրգանների զարգացման արատներ և տրավմաներ:

 

Հիվանդություններ, որոնք պատճառ են դառնում ցավոտ սեռական հարաբերության՝

l սեռական օրգանների ինֆեկցիոն և ուռուցքային հիվանդություններ,

l պրոստատիտ,

l էնդոմետրիոզ,

lհեշտոցի չորություն (էստրոգենային անբավարարության և անոթային խնդիրներով պայմանանվորված),

l միոմա,

l ձվարանների կիստա,

l աղիքային հիվանդություններ

lնյարդային համակարգի խանգարումներ և այլն:

 

 

Կլինիկա

Հիմնական գանգատը, որի համար դիմում են սեքսոպաթոլոգին մշտական կամ կրկնվող ցավն է սեռական հարաբերության ժամանակ, որը ոչ միայն ներանձնային խնդիրների այլ նաև ամուսնական աններդաշնակության պատճառ է դառնում:

Ցավի պատճառով զույգը սկսում է խուսափել սեռական հարաբերությունից, որն էլ ավելի է խորացնում խնդիրը`պատճառ դառնալով սեռական ցանկության բացակայության, գրգռման խանգաման,  անօրգազմիայի, ինչպես նաև ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների առաջացման:

 

Տարբերակիչ ախտորոշում

Անհրաժեշտ է տարբերակիչ ախտորոշում անցկացնել օրգանոգեն և ոչ օրգանոգեն ծագման ցավերի միջև:

Ցավի տեղակայումը, բնույթը, ինտենսիվություն, կապը սեռական հարաբերության հետ, սոմատիկ հիվանդությունների առկայություն կամ բացակայություն (շաքարային դիաբետ, վասկուլոպաթիաներ և այլն) կլիմակտերիկ շրջան.  կարևոր դիագնոստիկ նշանակություն ունեցող նշաններ են:

Լիարժեք հավաքված սեքսոլոգիական անամնեզի, գրագետ ուղորդված հետազոտությունների, բոլոր տիպի օրգանական ախտահարումները բացառելուց հետո միայն կարելի է ախտորոշել փսիխոգեն ծագման ցավ և կազմակերպել համապատասխան բուժում: Անամնեզի հավաքման ընթացքում անհրաժեշտ է պրոցեսի մեջ ներգրավել զուգընկերոջը/զուգընկերուհուն, քանի որ նրանց մասնակցությունը շատ կարևոր է հետագա բուժման պլանավորման գործընթացում:

 

Բուժում

Օրգանական պատճառի հայտնաբերման դեպքում պետք է ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ՝ շարունակելու համար հետագա բուժումը:

Փսիխոգեն ծագման դեպքում՝ փսիխոթերապիա (սեքս-թերապիա) զուգակցված անտիդեպրեսանտների, տրանկվիլիզատորների, անքսիոլիտիկների, ինչպես նաև սեռական օրգանների մկանային և կապանային համակարգը մարզող ու ամրացնող՝ Կեգելի  վարժությունների հետ:

 

Անհրաժեշտ է հնարավորինս վաղ  կողմնորոշվել և դիմել մասնագետի, քանի որ ժամանակի ընթացքում ավելի է խորանում զույգի միջանձնային, ինչու չէ նաև ներանձնային դժվարությունները, վախի զգացումը և ի վերջո արմատավորվում է անելանելիության ելքը: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ նույնիսկ այս դեպքերում զույգի համատեղ մեծ ցանկության դեպքում, խնդիրը լուծելի է, պարզապես կպահանջվի ավելի երկար ժամանակ: Քանզի սեռական առողջությունը ընդհանուր առողջության և ներդաշնակ ընտանիքի հիմքն է, ուստի հորդորում եմ ճիշտ ժամանակին դիմել մասնագետի լուծելու համար խնդիրը և ապրել անհոգ  ու լիարժեք:

 


Հեղինակ՝ Լուսինե Ստեփանյան