Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդու սեռական հակումը (լիբիդո) նվազում է: Սակայն, դա չի նշանակում, որ այն իսպառ մարում է: Նախածերունական հասակում նվազում է թե՛ տղամարդկանց, թե՛կանանց սեռական ակտիվությունը, բայց լիովին չի անհետանում և կարող է արտահայտվել տարբեր ձևերով:
Տղամարդու կլիմաքսի (անդրոպաուզա) շրջանում, որի սկիզբը դժվար է պարզել` կլինիկական որևէ ախտանիշների բացակայության պատճառով, տեղի է ունենում սեռական ակտիվության աստիճանական նվազում: Օրինակ, եթե 25-ամյա տղամարդը ցանկանում և ունակ է ամեն օր սեռական հարաբերություն ունենալ, ապա 50-55 տարեկանում այդ ցանկությունը նվազում է: Այնուամենայնիվ, սեռական ցանկությունը պահպանվում է, պարզապես տարբերությունը քանակն է:
Հաճախ կարելի է լսել այն անհիմն կարծիքը, թե տարեցների համար սեռական կյանքը վնասակար է, ինչը ճիշտ չէ:
Ասեմ ավելին` հենց սեռական ժուժկալությունը կամ անբավարարվածությունը կարող է ախտաբանական պրոցեսներին նպաստող պատճառ դառնալ: Կլիմաքսի շրջան ապրող թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ներշնչելը, թե այդ հասակում սեռական կյանքը, իբր, վտանգավոր է…… կամ վնասակար, առաջացնում է զանազան կոնֆլիկտներ, ինչպես նաև վախ սեփական առողջության համար: Դրա պատճառով հաճախ ի հայտ են գալիս մելանխոլիկ ծանր նևրոզներ, որոնք կարող են հոգեբանորեն ծանրացնել մարդու հետագա կյանքը: Նախածերունական հասակում տղամարդկանց սեռական կյանքը պետք է համարել բնական երևույթ` առանց զարմանքի և ամոթանքի:
Կնոջ կլիմաքսի (դաշտանադադար, մենոպաուզա) շրջանի սկիզբն ավելի հեշտ է պարզել, տարաբնույթ ախտանիշներով` քրտնելով, շոգելով, մաշկի հանկարծակի կարմրելով և ″այրվելով″ և այլն: Այդ տարիքում մարում է կնոջ մանկածնման ֆունկցիան, սակայն դա չի նշանակում, որ զուգահեռ մարում է նրա սեռական ակտիվությունը, ինչպես կարծում են շատերը: Երբեմն հենց հակառակ պատկերն է լինում: Մենոպաուզայի շրջանում շատ կանանց սեռական ցանկությունն ուժեղանում է, որը կարող է պահպանվել մի քանի տարի` նույնիսկ մինչև ծերություն: Կլիմաքսի շրջանում կանանց սեռական կյանքը պետք է համարել բնական, ֆիզիոլոգիապես արդարացված երևույթ: Այդ շրջանի սեռական ակտիվությունը չպետք է որևէ ներքին կոնֆլիկտի կամ պաթոլոգիայի կասկածի տեղիք տա: Այն նույնքան բնական է, որքան սեռական հասունության շրջանում:
Տարեցների սեռական ակտիվությունը շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից: Սեռական ակտիվությունը մինչև խոր ծերություն պահպանելը որոշվում է, նախ և առաջ, սեռական հակման ուժգնությամբ և այն գրգռականությամբ, որը բնորոշ է եղել տվյալ անհատին արբունքի շրջանում: Այն մարդիկ, որոնց սեռական հակումն ու գրգռականությունն այդ շրջանում բուռն և ուժգին է դրսևովորվել, իրենց սեռական ակտիվությունը պահպանում են մինչև խորը ծերություն` հաճախ անցնելով նույնիսկ 70-ի շեմը: Մինչդեռ ավելի նվազ սեռական հակումով և գրգռականությամբ մարդկանց սեռական ՙեռանդը ավելի վաղ է թուլանում: Նրանցից շատերը, 60-ի շեմը չանցած, արդեն սեռական ցանկություն չեն ունենում: Այստեղ որոշակի դեր է խաղում հոգեսեռական մարզվածությունը: Այն մարդկանց սեռական ակտիվությունը, ովքեր հասուն շրջանում կանոնավոր սեռական կյանքով չեն ապրել, ավելի շուտ է մարում: Այստեղ առկա է անգործության հետևանքով տեղի ունեցող ատրոֆիայի (հետաճում, ապաճում) կենսաբանական հանրահայտ օրենքը, որը վերաբերում է ոչ միայն մարմնի մկաններին (մարզված մկանները նորմալ գործում են, չմարզվածները` ապաճում), այլև բոլոր օրգան-համակարգերին, մասնավորապես, հոգեսեռական մեխանիզմներին:
Այն մարդիկ, ովքեր հասուն շրջանում կանոնավոր սեռական կյանք են վարել, անհամեմատ ավելի երկար են պահպանում իրենց սեռական ակտիվությունը, ինչը, թերևս, կապված է սեռական հակման և ուժեղ գրգռականության հետ: Ամեն դեպքում, հասկանալի է դառնում, որ սեռական հարաբերությունների քանակական ″լիմիտի″ վերաբերյալ կարծիքները ոչ մի հիմք չունեն:
Ամուսնական կյանքը որոշակի դեր է խաղում սեռական ակտիվությունը մինչև տարեց հասակը պահպանելու գործում: Ամուսնացած տարեցներն աչքի են ընկնում զգալիորեն ավելի ուժեղ սեռական ակտիվությամբ, քան միայնակ ապրող ամուրիները կամ ամուսնալուծվածները: Հնարավոր է, որ դա հոգեսեռական մեխանիզմների կանոնավոր մարզումների հետևանք է:
70-ից հետո նկատվում է սեռական ակտիվության հստակորեն արտահայտվող նվազում, ինչը կարող է պայմանավորված լինել տարեցներին բնորոշ զանազան քրոնիկական հիվանդություններով` նյութափախանակության, արյան շրջանառության, սիրտ-անոթային համակարգի խանգարումներ:
Տարեց հասակում սեռական կյանքի արգելքներ գոյություն չունեն: Պետք չէ տարեցներին վախեցնել ստահոդ և մտացածին համոզումներով, թե, իբր, սեռական կյանքը նրանց առողջության համար վտանգավոր է: Եվ հենց նմանատիպ հանգամանքները կարող են դառնալ մարդու հոգեկանը լրջորեն ծանրաբեռնող զանազան հոգեֆիզիոլոգիական խանգարումների պատճառ: