Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ չի նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն՝ կինը այցելում է բազմաթիվ բժիշկների, հանձնում է անալիզներ և փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:
Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, և տարեց-տարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները և, իհարկե, ամենակարևորը` անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության պրոֆիլակտիկայի համար:


Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգևում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:
Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում:
Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:
Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ և շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. Օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում և սերմնատար երակների լայնացման:
Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաև պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի և գգեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն խանգարող մեխանիկական արգելք, և սերմը դառնում է անկենսունակ:
Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետևանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը, որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:
Տարածված պատճառներից մեկը նաև ոչ լիարժեք սնունդն է: Մրգաշաքարը (фруктоза)  անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, գրեյֆրուտ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր:
Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու, որը երկարացնում է սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:
Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն հանդիսանում է նաև պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի բորբոքման համար: Եվ, իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:
Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սաղմնաբջիջների անտագոնիզմի (հակադրություն) առկայությամբ, սպերմատոզոիդի և ձվաբջջի բացասական քիմիական ռեակցիայով, ինչը անհնարին է դարձնում նրանց միացումը:
Տարբեր են նաև կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:
Առաջնային անպտղության գգլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմանային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը: Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է և պահանջում է տևական ու հետևողական բուժում:
Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարևորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը: