Կրծքի չափերի հետ կապված անհանգստությունը տարածված է շատ երիտասարդ աղջիկների մոտ: Այս անհանգստության առաջացման հիմքում թերևս ամենամեծ դերը պատկանում է զանգվածային լրատվամիջոցների կողմից սեքսուալ համարվող կնոջ աղավաղված պատկերի ներկայացմանը: Մաս մեդիան հրամցնում է կանացի սեքսուալության այնպիսի գրավականներ, ինչպիսիք են` մեծ կրծքագեղձերը, երկար ոտքերը և այլն: Սեքսուալ կնոջ այսպիսի կերպարի ստեղծումը, ունենալով հիմնականում կոմերցիոն շարժառիթ, զերծ չէ այնուամենայնիվ և գիտական հիմքից, քանի որ տղամարդկանց սեքսուալությանը բնորոշ է ֆետիշացման հատկանիշը: Խելացի կանայք օգտագործում են ֆետիշացման այս թուլությունը` տղամարդու ուշադրությունը գրավելու համար ի ցույց դնելով իրենց մարմնի այս կամ այն առավել աչքի ընկնող մասը:
Այսպես օրինակ, տղամարդը, ով կնոջ սեքսուալության գնահատականը նեղացնում և տեղայնացնում է կրծքի չափի մեջ, հավանաբար որպես սեռական զուգընկերուհի ընտրում է հենց կրծքի մեծ չափեր ունեցող կնոջ: Վերջինս մեծ պատրաստակամությամբ ցուցադրում է իր կուրծքը և գոհանում այդ ցուցադրության թողած շշմեցուցիչ արդյունքներով: Այսպիսով կամաց-կամաց նման կնոջ մոտ զարգանում է այն համոզումը, որ իր սեքսուալության հիմնական զենքը կուրծքն է, քանի որ հենց դրա միջոցով է նա արժանանում հակառակ սեռի ուշադրությանը, և այդպիսով մեծ վտանգ է առաջանում դառնալու սեփական համոզման գերին: Սա ամենասարսափելի վիճակն է, որում կարող է հայտնվել կինը, քանի որ նման պարագայում կնոջ իսկական սեքսուալությունը այդպես էլ մնում է չբացահայտված:
Իրականում կնոջ սեքսուալությունը բազմատարր ու բազմակողմանի է, որը ոչ մի դեպքում չի սահմանափակվում մարմնի առանձին մասերի չափերով: Կնոջ սեքսուալության կարևոր բաղադրատարրերից են` սեռային ինքնագիտակցությունը, սեռադերային վարքը, հակառակ սեռի հետ հաղորդակցման ունակությունը, սեռազգայնությունը, սեռահուզային վերապրումների կարողությունը: Ուստի եթե կինն ուզում է լիարժեք զարգացնել իր սեքսուալության լայն հնարավորությունները, նա պետք է համակողմանի պատկերացում ունենա սեքսուալության և հատկապես կնոջ սեքսուալության վերաբերյալ: