2017թվականը հագեցած էր կոնֆերանսներով և սեմինարներով, որոնց ընթացքում տեղի ունեցան հանդիպոիւմներ և քննարկումներ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ, ինչի արդյունքում կյանքի կոչվեցին  ՀՀ ում սեքսոլոգիայի զարգացման համար գիտա-բժշկական կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր:

2017թվ. ապրիլի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Կիսլովոդսկում «ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ¦ գիտաժողովի շրջանակներում, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան: Զեկույցի թեման էր «Վաղաժամ սերմնաժայթքում. հոգեսոմատիկ  մոդել»:

Մայիսի  24-27-ին Սոչիում կայացավ  Ռուսաստանի սեքսոլոգների և անդրոլոգների պրոֆեսիոնալ ասոցիացիայի 12րդ գիտաժողովը, որտեղ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյաը  զեկույց ունեցավ «Տղամարդկանց հոգեսոմատիկ սեռական խանգարումներ» թեմայով:

Մայիսի 28-31-ին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի դելեգացիան մեկնել էր Պրահա՝ մասնակցելու Սեքսոլոգների Համաշխարհային Ասոցիացիայի /WAS/ 23րդ գիտաժողովին: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ WAS-ի նախագահի, ԵՊԲՀ հրավերքային պրոֆեսոր՝ Կևան Ուայլի և գիտական խորհրդի այլ անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին այժմյան կարևորագույն հարցերը՝ մասնավորապես սեքսոլոգիական ուղեցույցների մշակման և կիրառման մոտեցումները:

Սեպտեմբերի 2-ին և 3-ին  Մոսկվայում կայացավ Միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանս «ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ», որտեղ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիային ներկայացրեց  բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը և հանդես եկավ երկու զեկույցներով՝ «Սեքսոլոգիան որպես պարտադիր առարկա բարձրագույն բժշկական կրթական համակարգում» և «Վաղաժամ սերմնաժայթքում. Սեքսոլոգիական անալիզ»:

Հուլիսի 7-ին «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադա (Ադել) Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան. բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը հանդես եկավ «Սեռական խանգարումների պսիխոսոմատիկան» գիտական զեկուցմամբ և համանուն տպագիր աշխատանքով։ 

Օգոստոսի 8-ին, ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնում  հյուրընկալվել էր պրոֆեսոր Ալլեն Ազիզյանը (Կալիֆորնիայի Պետական Համալսարանի կրիմինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի գիտական կոմիտեի նախագահ): Նա հանդես եկավ «Հաշմանդամների հոգեսոցիալ և վարքային ռեաբիլիտացիայի ընդհանուր մոտեցումները» զեկույցով: Հնչեցին տարբեր մասնագետների` սեքսոլոգների, հոգեբանների, սոցիոլոգների կարծիքներ և տեղի ունեցավ քննարկում:

Սեպտեմբերի 23-ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում, տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» թեմային:

Սեպտեմբերի 25-ին ԵՊԲՀ-ի Նիստերի դահլիճում, Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր միջազգային գիտաժողով՝ «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի չափորոշիչները» թեմայով: Գիտաժողովի պատվավոր հյուրերն էին՝ բժշկական սեքսոլոգիայի ավագ դասախոս,  հերոնտոսեքսոլոգիայի և օնկոսեքսոլոգիայի խորհրդատու, վերականգնողական  սեքսոլոգիայի փորձագետ Վոետ Գիանոտենը (Հոլանդիա), Կիևի գլխավոր սեքսոլոգ, սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը։  

Նոյեմբերի 8-ին ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայում կայացավ սպասված հանդիպում Սթրեսի և վարքի միջազգային ասոցիացիայի անդամ և սթրեսոլոգիային վերաբերող մի շարք մենագրությունների հեղինակ, Սթրես կենտրոնի հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի հետ: Քննարկվեցին մարդու հոգեկան առողջությանը և սեքսոպաթոլոգիային վերաբերող մի շարք հիմնահարցեր: 

 

Նոյեմբերի 27-ից  դեկտեմբերի 1-ը  տեղի ունեցավ «ԵՊԲՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ 2017» տարեկան հաշվետու գիտաժողովը, որի շրջանակներում՝ նոյեմբեիրի 30-ի գիտական նիստի ժամանակ, Սեքսոլոգիայի ամբիոնը և Սեքսոլոգների հայկական ասոցիացիան հանդես եկավ առանձին գիտական նիստով, որի ընթացքում ներկայացվեց 7 զեկույց՝ նվիրված սեռական առողջությանը:

Ահա և մեր կազմակերպության հագեցած տարվա ամփոփումը: