Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները( acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան – կոսմետոլոգների:Ստանում են բուժում, սակայն այն կարճատև արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է:
Սակայն ավելի մանրամասն հարցում անելիս, բժշկական լեզվով ասած` անամնեզ հավաքելիս, պարզ է դառնում, որ առկա են նաև գինեկոլոգիական և էնդոկրին խնդիրներ`դաշտանային ցիկլի , ձվազատման, հղիության ընթացքի բազմաթիվ խախտումներ: Հասկանալի է դառնում, որ հիմքում ընկած է ընդհանուր մեկ խնդիր , որն անվանվում է հիպերանդրոգենային համախտանիշ:
Անդրոգենները` արական սեռական հորմոններն են , համախտանիշն էլ ավելի հասկանալի կարելի մեկնաբանել որպես կնոջ արյան մեջ արական սեռական հորմոնների բարձր պարունակություն:
Իրականում անդրոգենները, ինչպես նաև իգական սեռական հորմոնները` էստրոգենները, սինթեզվում են երկու սեռերի օրգանիզմում բոլորիս շատ հայտնի մի նյութից` խոլեստերինից: Կնոջ օրգանիզմում անդրոգենների առաջացումը կատարվում է ձվարաններում, մակերիկամներում և ծայրամասային հյուսվածքներում: Դրանց նկատմամբ ռեցեպտորներ`ընկալիչներ, կան ողջ օրգանիզմում`գլխուղեղում, մկաններում, մաշկի մազարմատներում, ճարպագեղձերում, երիկամներում, միզասեռական համակարգում և այլն: Հետևաբար արյան մեջ անդրոգենների բարձր պարունակությունը խնդիրներ կառաջացնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ որ կան այդ ռեցեպտորները, որոնց միջոցով էլ կակտիվանա կամ կճնշվի տվյալ օրգանի տվյալ ֆունկցիան:
Կլինիկորեն անդրոգենների բարձր պարունակություն արյան մեջ կամ կենսաբանորեն ակտիվ արդրոգենների ավելացում դիտվում են մի քանի հիվանդությունների, համախտանիշների դեպքում:
Դրանք են`
- Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
- Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա( դասական և ոչ դասական ձևեր )
- Ձվարանների անդրոգենարտադրող ուռուցքներ
- Մակերիկամների անդրոգենարտադրող ուռուցքներ
- Հիպոֆիզի ուռուցքներ
- Հիպոթալամիկ համախտանիշ
- Հիպերպրոլակտինեմիկ համախտանիշ
- Վահանձև գեղձի ֆունկցիայի խախտում
- Անդրոգենային ազդեցություն ունեցող որոշ դեղերի երկարատև ընդունման ժամանակ`անաբոլիկների, գլյուկորտիկորիդների, հեստագենների, հակատուբերկուլյոզային դեղերի և այլն
Սրանց ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները`
պզուկներ`ակնեներ (acne vulgaris) - սեբորեա`մաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացում`ճարպահոսություն
- հիրսուտիզմ` մաշկի անդրոգենկախյալ հատվածների(վերին շրթունքից վեր, դեմքի կոմնային հատվածներ, կզակ, պարանոց, կրծքավանդակ, մեջք, հարպտուկային շրջան, որովայնի սպիտակ գիծ, ազդրերի ներքին մակերես ) ավելորդ մազակալում հաստ տերմինալ մազերով- պետք չէ խառնել հիպերտրիխոզի հետ, երբ ողջ մարմինը պատված է բարակ աղվամազերով:
- անդրոգենային ալոպեցիա` գլխամաշկի մազածածկույթի նոսրացում տղամարդկային տիպի( սկսվում է քունքայնին հատվածից)
- վիրիլիզացիա-առնականացում( ուսագոտու լայնացում, կոնքի նեղացում, կրծքագեղձերի հետաճ, ձայնի տեմբրի փոփոխություն, ծլիկի գերաճ)
- դաշտանային ֆունկցիայի խախտում` ցիկլի երկարում, դաշտանի ուշացում 2-3 երբեմն 6 ամսից ավել
- վերարտադրողական ֆունկցիայի խախտում – ձվազատման բացակայութուն , դեղին մարմնի անբավարաություն , հղիության բացակայություն, հղիության նորմալ զարգացման խախտում` ինքնաբեր վիժումների կամ չզարգացող հղիության տեսքով
Ախտորոշման համար անհրաժեշտ է համալիր հետազոտությունների անցկացում` հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, հորմոնալ պրոֆիլի դինամիկ ստուգում, փոքր կոնքի, ըստ անհրաժեշտության նաև այլ օրգան-համակարգերի, սոնոգրաֆիկ հետազոտություն, հորմոնալ փորձերի կիրառում:
Բուժման պլանը կազմելիս հաշվի է առնվում առկա խնդրի տեսակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, վաղեմություն, նախկինում ստացած բուժման էֆեկտիվությունը, տարիքային առանձնահատկությունները և այլն:
Բուժումն իրականացվում է համատեղ մի քանի մասնագետների `գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, մաշկաբան – կոսմետոլոգի, գաստրոէնտերոլոգի (հաճախ պատճառը մարսողական տրակտի հիվանդություններն են) կողմից:
Կան բուժման վիրաբուժական, կոնսերվատիվ(դեղորայքային) և համակցված մեթոդներ: Հասկանալի է, որ վիրաբուժական մեթոդն կիրառվում է ուռուցքային պատճառների դեպքում, երբեմն էլ այն անհրաժեշտ է լինում խնդրի վաղեմության , ոչ արդյունավետ կոնսերվատիվ բուժումից հետո:
Գրագետ բուժումը, որը կարող է տևել միջինում 6 ամսից մինչև 2 տարի, ապահովվում է արյան մեջ անդրոգենների կայուն ցածր քանակը, հետևաբար հիվանդության կլինիկական նշանների վերացումը , անցանկալի մազերից, պզուկներից ձերբազատումը, դաշտանային ցիկլի և ձվազատման վերականգնումը, չբերության խնդրի լուծումը: