Մի  առիթով քարոզներից մեկի ժամանակ լսեցի, որ քրիստոնեությունը հեզության և ոչ թե “եզության” կրոն է: Այս պատկերավոր հակադրությունը այնպես մեխվեց իմ ուղեղում, որ երկար ժամանակ ուղեկցում էր ինձ: Քարոզների ժամանակ հաճախ էի լսում նաև ինքնազոհաբերման մասին, այն շեշտադրությամբ, որ չի կարող լինել իսկական սեր, եթե չկա ինքնազոհաբերում:
Ուզում եմ պատմել մի դեպքի մասին, որ մի գուցե խորհելու առիթ կտա, թե ինչպես կարող է ընկալվել ինքնազոհաբերումը` հատկապես քրիստոնյա կնոջ կողմից:


Ինձ դիմեց քրիստոնյա մի կին 33տ., բարեհաճ արտաքինով, նրբակիրթ և չափազանց նրբաճաշակ: Առաջին տպավարությունից նա ինձ շատ դուր եկավ, որովհետև իր պահվածքի մեջ կար ինքնավստահություն, խոնարհություն, սեփական արժանապատվության գիտակցություն, հատկանիշներ, որոնք ես բարձր եմ գնահատում: Ամուսնացած 7 տարի նա ուներ 5 և 3 տարեկան դուստրեր: Ամուսինը նույնպես հավատացյալ քրիստոնյա էր, ինչը և նրա հետ ամուսնանալու որոշման գլխավոր պատճառն է եղել:
Խնդրի առարկան իր ամուսնու հետ ունեցած լարված հարաբերություններն էին, որոնք սպառնում էին տանել դեպի բաժանություն:
Այժմ ներկայացնեմ նրանց սեռական կյանքի որոշ մանրամասներ: Կինը նշում էր սեռական գրգռման դժվարության մասին: Իմ այն հարցին, արդյոք նա երբևիցէ ունեցել է օրգազմի զգացում, նա անկեղծորեն հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրականում  իրենից ներկայացնում կնոջ օրգազմը: Սեռական մերձեցման նախաձեռնությունը ամեն անգամ գալիս էր ամուսնուց, կինը  երբեք չէր մերժում` անգամ եթե այդ պահին իր խոսքերով ասած “տրամադրված չէր”: Իսկ թե ինչու՞ նա չէր հրաժարվում սեռական կապից, երբ չուներ դրա պահանջը, նա պատասխանեց, որ  եթե իր ցանկությանը մնար, ապա ընդհարապես սեռական մերձեցում չէր լինի, մինչդեռ սուրբգրային խոսքն ասում է` “երկար ժամանակ իրարից հեռու մի մնացեք ” Ա Կորնթ.7:5  Այսպիսով կինը, որոշում է զոհել իր անձնական ցանկությունը (այն է` սեռական կապից զերծ մնալը )` “ամուսնու կարիքները գոհացնելու” համար: Սեռական կապից նրա ստացած հաճույքն այն է, որ դրանով գոհացնում է իր ամուսնուն և բացի այդ վարվում է ինչպես վայել է քրիստոնյա կնոջը:
Ամեն անգամ այսպես ինքնազոհաբերվելով կինը հասնում է այն վիճակին, որ սեռական մերձեցումը սկսում է նրա համար դառնալ անտանելի, որից էլ  սեռական գրգռման դժվարությունը և սեռական ցանկության ի սպառ անհետացումը:
Կարծում եմ կհամաձայնեք, որ այս տեսակ ինքնազոհաբերումը սիրո դրսևորում չի կարելի դիտարկել, երբ իրականում կինը սեռական կյանքից տհաճություն է ապրում, բայց հանուն իր ամուսնու ցույց է տալիս, թե իբր հաճույք է ստանում: Ստացվում է, որ կինը խաբում է ոչ միայն իրեն, այլ նաև իր ամուսնուն (երբեմն այս ամենը կատարվում է անգիտակցական ոլորտում): Կինը  անկեղծության համարձակություն չունի արտահայտելու  իր բացասական ապրումները: Նախ նա պետք է խոստովանի, որ այդքան տարի ստել է, իբր թե հաճույք է ստացել, հետո էլ վախենում է խոստովանել իր սեռական անլիարժեքությունը, քանի որ թյուրիմացաբար կարծում է, որ դրա մեղավորը հենց ինքն է: Կինը փորձում է ինքնուրույն կերպով ելքեր գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ամեն անգամ մատնվում է ձախողման և ընկնում հուսահատության գիրկը:
Կնոջ սեռական կյանքի դրաման նույնությամբ կրկնվում է նրա ամուսնական կյանքի մյուս ոլորտներում: Ամեն անգամ զոհաբերելով իր անձը կինը փորձում է գոհացնել իր ամուսնուն, իր վրա է վերցրել ընտանիքի ֆինանսական ապահովման հոգսը, երեխայի խնամքը, տան կերակուրի պատրաստումը, մաքրության ապահովումը: Ու այդ ամենը կինը անում է առանց տրտնջալու, Ես ուղղակի զարմանում էի, որտեղից է այդ կինը գտել այդքան կենսական էներգիա և  այդպիսի տիտանական համբերություն:
Բայց մի օր ինչպես ասում են, համբերության բաժակը լցվեց: Ամուսնու կողմից հնչեցրած բողոքներն այն առիթով, որ կինը չի հասցնում լիարժեք ապահովել տան մաքրությունը (որովհետև այդ ընթացքում կինը ստիպված էր լրացուցիչ ժամեր աշխատել ֆինանսական որոշակի խնդիրներ հոգալու համար), կնոջը ստիպում են սթափվել: Կինը զգում է, որ այլևս ի վիճակի չէ կրելու իր ուսերին ծանրացած այն բեռը, որ մինչև օրս ստանձնել էր իր ազատ կամքով: Ի հայտ են գալիս  նյարդային սուր անկման կլինիկական դրսևորումներ, այն ինչ մասնագիտական լեզվով ասում են նևրոտիկ ախտանշաններ:  Մի վիճակ, որ առանց բժշկական միջամտության անկարելի է ուղղել: 
Մի քանի հանդիպումների ընթացքում կինը շատ արագ վերականգնեց իր հոգեկան հավասարակշռությունը, նյարդերի ամրությունը, նա դադարեց խղճալ իր ամուսնուն և գուրգուրել նրան փոքրիկ երեխայի պես: Այսօր նա ոչ թե զոհաբերվում է սեռական կապի ժամանակ, այլ իր խոսքերով ասած “լրացնում է  իր ներքին “կիսատությունը”  տղամարդկային կեսի միջոցով` դառնալով լրիվ և ամբողջական”: 
Քրիստոնյաների կյանքում սեռական խնդիրները բազում են և հիմնականում կապված են նրանց սխալ պատկերացումների հետ, սուրբգրային խոսքերի սխալ մեկնաբանության հետ: Այդ է վկայում ոչ միայն իմ անձնական, այլ նաև  իմ կոլեգաների աշխատանքային փորձը: 
Ակամայից նորից եմ հիշում քարոզից գլխումս մեխված միտքը` քրիստոնեությունը հեզության, այլ ոչ թե «եզության» կրոն է…
Հիմնված է իրական դեպքի վրա, մանրամասները փոխված են:

 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS