Այցելուն 38 տարեկան չամուսնացած մի կին էր, եկել էր այն պատճառով, որ վախի զգացում ուներ տղամարդկանցից, չէր կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել և ամեն անգամ նոր հանդիպումից խորը հիասթափության զգացում էր ապրում թե՛ տղամարդուց, թե՛ իրենից: «Ինչքան շատ եմ ճանաչում այդ մարդուն, այնքան քիչ եմ սկսում վախենալ նրանից և ցանկություն է առաջանում մեջս: Այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ կինը հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»:  Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց  կապտուկներ ստանալու վախի: Եվ այսպես կինը օրեցօր հեռանում էր իրականությունից:


Կարծում եմ` բոլորին ծանոթ է «Շրեկ» մուլտֆիլմը:  Պատմությունը մի հրեշի մասին է, ով վախկոտ արքայազնի փոխարեն պետք է ազատի վիշապի հսկողության տակ դղյակում գերված արքայադստերը: Բնականաբար, ասպետական դպրոցի կրթություն չունեցող հրեշը արքայադստերը պիտի փրկեր սեփական մոտեցմամբ: Տեսնելով քնից ընդարմացած արքայադստերը, որ շուրթերը կիսաբաց պառկած է, գոռում է ողջ ուժով.
-Հե՜յ, արթնացե՛ք,
-Ի՞նչ:
-Դուք արքայադուստր Ֆիո՞նան եք:
-Այո՛, ես սպասում եմ քաջ ասպետին, որ պիտի փրկի ինձ:
-Պարզ է, գնացի՛նք:
-Սպասեցե՛ք, ասպե՛տ: Չէ՞ որ սա մեր առաջին հանդիպումն է: Մի՞թե այս պահը չպիտի լինի ռոմանտիկ և հեքիաթային: 
Արքայադուստրը դրամատիկ թատերականությամբ վայր է ընկնում` ձեռքը ճակատին հպած: -Ցավում եմ, բայց մենք ժամանակ չունենք,- ասում է Շրեկը`քաշելով նրա թևից:
-Այս ի՞նչ եք անում: Դուք պետք է գրկեիք ինձ, պատուհանից դուրս բերեիք և նստեցնեիք ձիու վրա: 
-Երևում է` Դուք շատ ժամանակ եք ունեցել այս ամենի մասին մտածելու համար,-   ասում է Շրեկը, թափով բացում դուռը և մեծ-մեծ լոնքերով վազում աստիճաններն ի վար:
-Հարկավոր է վայելել այս պահը, Դուք միգուցե բանաստեղծությու՞ն կարդայիք ինձ համար, սոնե՞տ, բալլա՞դ, դե մի բան գոնե, օ՜, ես չեմ կարող հավատալ, ի՞նչ է ,Դու՞ք չեք սպանել վիշապին. չէ՞ որ այդպես էր նախատեսված ծրագրով:
-Արագացրե՛ք:
-Դե՛, այսպես չի լինի, Դուք  պետք է հարձակվեիք` թուրը ձեռքն առած, ինչպես մյուս ասպետները…այս ի՞նչ տեսակ ասպետ եք Դուք:
-Ես էլ այս տեսակի ասպետ եմ:
Իր տեսակի մեջ ուրույն ասպետ, ահա, թե ինչը չեն կարողանում ընդունել և հասկանալ արքայադուստր Ֆիոնան, Սեդան, Մարինեն, Լուսինեն, Անահիտը և շատ այլոք, ովքեր գերադասում են իրենց երևակայության մեջ ստեղծված տղամարդու տեսակը իրականից: Որովհետև իրականության օբյեկտիվ ընկալումը և երազներից հրաժարումը նշանակում է հոգնատանջ աշխատանք` ամեն վարկյան իրականության հեղինակ, պատասխանատվություն, համառություն, հաստատակամություն և հանկարծ` հիասթափություն, հուսալքություն…  Իսկ երազում ապահով ես, ամեն ինչ վերահսկման տակ է և հեշտ կառավարելի: 
Կարծես թե ինքս շեղվեցի, լավ, հիմա վերադառնամ բժշկական իրականություն: Եվ այսպես, վագինիզմ, ահա թե ինչպես է կոչվում այն սեռական խանգարումը, որի պատճառով 38-ամյա իմ այցելուն խուսափում էր մտերմիկ հարաբերություններ կառուցել տղամարդու հետ, քանի որ մտածելն անգամ, որ հնարավոր է առնանդամի ներթափանցումը հեշտոց` խուճապի հասնող տագնապ էր առաջացնում: Վագինիզմի առաջացման պատճառները բազմաթիվ են` օրգանական, ինչպես նաև հոգեբանական, լինում է և համակցված պատճառագիտություն:
Բազմաթիվ պատճառների մեջ այս գրառման մեջ ուզեցի հատուկ շեշտադրել սեռական բարդույթները, «Քնած դիցուհու» կամ «Մոխրոտի» բարդույթը` մասնավորապես: Աղջկան թվում է, որ մի օր, վերջապես, հայտնվելու է ասպետը սպիտակ ձիով ու փրկելու է իրեն ձանձրալի և  տաղտկալի այս իրականությունից: Սա այն վիճակն է, որ գնալով խորանում է և տարածվում ոչ միայն ռոմանտիկ, այլև մարմնական շփման վրա:
Մի կարծեք, թե այսպես պարզունակ է վագինիզմի առաջացման պատճառագիտությունը, ուղղակի վերը նկարագրածը նպաստավոր հող է, որպեսզի մնացած խթանող գործոնները սնեն և ծաղկեցնեն վագինիզմի սերմը, որն իր վերջնական պտղագոյացման համար դեռևս կարիք ունի փաղաքշական վերաբերմունքի և հոգատար խնամքի: Բայց կարծես թե էլի գեղարվեստական շեղում տվեցի:
Մի այցելու կար` 15 տարի ամուսնացած էր և ոչ մի անգամ սեռական հարաբերություն չէր ունեցել:  Այն թյուր համոզումը կար, որ մի օր ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի: Ավաղ, վագինիզմը այն վիճակն է, որ չի բուժվում ոչ ալկոհոլի ազդեցությամբ, ոչ ժամանակի հետ, ոչ էլ ինքնուրույն ջանքերով: Եվ ինչքան ձգձգվում, այնքան ավելի է խորանում ու բարդանում բուժումը:
Վագինիզմի առաջացման համար անձը մեղավոր չէ և պետք չէ կաշկանդվել մեղավորության զգացումով ու խուսափել բժշկի դիմելուց, հատկապես որ այն կարող է ոչ միայն խորանալ ու դառնալ դժվար լուծելի, այլ նաև ազդում է զուգընկերոջ սեռականության վրա: Այսպիսով, պետք է ուղղակի որոշում կայացնել` վերջ տալու անլիարժեք գոյությանը, վայելել սիրո մարմնական հաճույքը և բացվել հարաբերության խոստումնալից հեռանկարների առջև:  


 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS