Հարց` Բարև Ձեզ

Ես 19 տարեկան տղա եմ, ինքնաբավարարմամբ զբաղվել եմ 13 տարեկանից, բայց մի անգամ մայրս տեսել ե ինձ այդ պահին ու ահավոր ծեծել ու պատժել է ինձ: Հիմա չնայած ես գիտեմ, որ դա այդպես չէ, բայց ամեն դեպքում ես զգում եմ, որ մորս հետ այդ միջադեպից հետո ինչ-որ բան է կատարվում իմ հետ, նույնիսկ թեթև անհանգստության զգացում սեռական հարաբերությունից:

Ասացեք խնդրեմ ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ միջադեպը և ընդհանրապես այս հոգեվիճակը և ինչպես կարող եմ ազատվել դրանից:

Շնորհակալ եմ

Պատասխան`Հարգելի նամակագիր

Իհարկե Ձեր տարիքում ինքնավաբարարման համար ստացած պատիժը միանգամայն անարդար է և Դուք ինքներդ բարեբախտաբար հասկացել եք այդ փաստը, թերևս մի փոքր ուշացումով: Ձեր մոր խիստ բացասական վերաբերմունքը ձեռնաշարժության նկատմամբ բեկումնային դեր է խաղացել Ձեր հոգեսեռական զարգացման վրա: Հավանական է, որ Ձեզ փոխանցվել է Ձեր մոր բացասական վերաբերմունքը միանգամայն առողջ սեռական դրսևորումների հանդեպ և Դուք այժմ ռիսկային խմբի մեջ եք` սեռական խանգարումների առաջացման տեսանկյունից: Սակայն Դուք նշում եք սեռական հարաբերությունից առաջ միայն թեթև անհանգստության մասին, որը բնական է և հանդիպում է նաև առողջ անձանց մոտ: Թեթև անհանգստությունը աստիճանաբար` սեռական փորձի կուտակման հետ մեկտեղ իր տեղը կզիջի սեռական ինքնավստահությանը: Այսպիսի բարենպաստ ընթացքին մեծապես կնպաստի բարյացկամ զուգընկերուհին և տարատեսակ խոչընդոտող հանգամանքների բացակայությունը (վերջիններս խիստ անհատական են): Եթե անհանգստությունը պատճառ կդառնա լուրջ սեռական խանգարումների առաջացման, որոնք անհնարին կդարձնեն սեռական մերձեցման հնարավորությունը, ապա Դուք ողջամիտ որոշում կայացրած կլինեք, եթե դիմեք սեքսոպաթոլոգի մասնագիտական օգնությանը:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան