Հուլիսի 8-9-ին տեղի ունեցավ «Սթրեսոլոգիա» խորագրով գիտաժողովը, որը կազմակակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան։  Գիտաժողովը նվիրված էր մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։ 

  Պրոֆ. Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ:  Անվանի հոգեբույժ-սթրեսոլոգը մասնագիտական գործունեության 60 տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: 

Գիտաժողովն աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ, քանի որ այն կարողացավ մեկ խորագրի ներքո միավորել հոգեբույժներին, հոգեբաններին, սեքսոպաթոլոներին ուրոլոգներին, նյարդաբաններին, էնդոկրինոլոգներին, թերապևտներին և ընտանեկան բժիշկներին:   Ադել Թադևոսյանն ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։  Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ Դիմելով հոբելյարին՝ ռեկտորը ընդգծեց, որ Ադել Թադևոսյանը լավագույն օրինակ է ուսանողության համար, թե ինչպես կարելի է հավատ ներշնչելով՝ մարդկանց բուժել ոչ միայն դեղամիջոցներով ու բժշկական նշտարով, այլ նաև խոսքով, թե ինչպես մարդ կարող է այսքան շատ սիրել ու նվիրված լինել իր մասնագիտությանը, գործին։ 

Հոբելյարին շնորհավորեց նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը՝ նշելով նրա հսկակայական դերակատարումը սթրեսաբանության կայացման և զարգացման գործում։ Շնորհավորելով Ադել Թադևոսյանին՝ պրոֆ. Ա. Հակոբյանը Ասոցիացիայի անունից նրան հանձնեց պատվոգիր։     Այնուհետտև հետո ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որտեղ ներկայացվեց անվանի մասնագետի՝ Ադել Թադևոսյանի անցած մասնագիտական ուղին։ Ֆիլմից հետո հոբելյարը ներկայացրեց բավականին հետաքրքիր զեկույց՝ «Հոգեբուժությունը հազարամյակի եզրին» թեմայով։ 

Բժշկական բուհի մեկդարյա հոբելյանի շրջանակում անցկացվող միջոցառման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ արդի և հետաքրքիր թեմաներ՝ օգտակար բոլոր մասնագիտությունների բժիշկների, ինչպես նաև ուսանողների, օրդինատորների, մարդկանց լայն շրջանակի համար:  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց «Արդյո՞ք պետք է ինձ սթրեսը» զեկույցը՝ մատնանշելով կանանց և տղամարդկանց սթրեսի հաղթահարման առանձնահատկությունները, ներկայացրեց առողջապահական ցուցանիշներ: 

Հաջորդիվ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ քաղաքի կանաչապատմանը՝ կարևորելով կանաչապատման դերը բնակչության առողջության պահպանման համար:  Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը տեսակապով ներկայացրեց «Տղամարդը սթրեսի մեջ. անդրոլոգիական պատկերը» թեմայի մասին:  «44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների մոտ հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման որոշ հոգեբանական հարցեր» թեմայով զեկույցով հանդես եկավ Արցախի պետական համալսարանի հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը: 

Մեկ այլ կարևոր թեմայի անդրադարձավ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ խոսելով ինտեգրալային հոգեթերապիայի մասին ընդհանուր բժշկության պրակտիկայում:  «Ինչ կապ կա սթրեսի և տեսողության միջև» զեկույցով հանդես եկավ ակնաբույժ-ռետինիստ, «Ռետինա» կլինիկայի ղեկավար, Ռ.Ա. Գրիգորյանը:  Թերապևտ, սրտաբան, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը մանրամասնեց թերապևտի պրակտիկայում տագնապային խանգարումների և օրգանային նևրոզների մասին:  Պրոֆեսոր, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մանվելյանը խոսեց «Չափավոր կոգնիտիվ դեֆիցիտ» թեմայի մասին:  Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Covid-19-ի թողած հետևանքներին, որոնք մասնագետների ուշադրության կենտրոնում են ամբողջ աշխարհում: 

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Թաթարյանը ներկայացրեց «Covid 19-ի, ռազմական սթրեսի և Հայաստանի բնակչության շրջանում սոմատիզացված հոգեկան խանգարումների թեման»:  Անդրադարձ կատարվեց նաև շաքարային դիաբետին, հետտրավմային աճին, սթրեսոգեն սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներին:  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան խոսեց երկարատև Covid 19-ի և շաքարային դիաբետի մասին: 

«Հոգեբանական տրավմա, տոկոնություն և հետտրավմային աճ» զեկույցը ներկայացրեց դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, իսկ դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը անդրադարձավ սթրեսոգեն սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներին:  Գիտաժողովի երկրորդ օրը ևս հագեցած էր: «Սթրեսոլոգիա. կլինիկական դեպքեր». գիտագործնական միջազգային սեմինարը նվիրված էր բժշկական պրակտիկայում հանդիպող կլինիկական դեպքերի քննարկմանը և վերլուծմանը: Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, պրոֆ. Ա.Է. Հակոբյանը ներկայացրեց «Հոգեկան բաղադրիչի  դերը սեռական դիսֆունկցիաների   պաթոգենեզում» զեկույցը։ 

Գիտաժողովի աշխատանքները ամփոփվեցին Ադել Թադևոսյանի, Արմեն Մուրադյանի և Վրեժ Շահրամանյանի համահեղինակությամբ «СТРЕСС-СЕКС-СОМА» գրքի շնորհանդեսով:              Հեղինակները նշեցին, որ այս գրքում նրանք իրենց անցած մասնագիտական պրակտիկ փորձն են ներկայացրել և կարծում են, որ այն շատ օգտակար կլինի ընթերցել նաև ուսանողներին ու կլինիկական օրդինատորներին և ոչ միայն։  Հեղինակների խոսքով՝ գիրքը բանալի է ցանկացած բժշկի համար, քանի որ առաջին անգամ փորձ է կատարվել ներկայացնել մարդուն բժշկության մեջ՝ որպես առանձին անհատի հոգեսեռական կառուցվածքում։ 

Նշենք, որ գիտաժողովը հավաստագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 7 տեսական և 3 գործնական ՇՄԶ կրեդիտով: