Մեծ ափսոսանքով հայտնում ենք մեր հայրենակից գործընկերներից մեկի՝ բժիշկ Պիեռ Ասալյանի մահվան մասին: 

Բժիշկ Ասալյանը 45 տարի ՄակԳիլի համալսարականական բուժկենտրոնի հոգեբուժության ամբիոնի անդամ էր, իսկ 1975-ից միացավ Մոնրեալի գլխավոր հիվանդանոցի անձնակազմին, որը ղեկավարում էր բժիշկ Ալան Մաննը։
 Նրա եզակի նվաճումներից մեկը մարդու սեռականության ոլորտում էր: Նա 1978-ից Մոնրեալի գլխավոր հիվանդանոցի  «Մարդու սեռականության» բաժնի տնօրենն էր և Կանադայի առաջին հոգեբույժն էր, ով Սեքս-թերապևտների Ամերիկյան Ասոցիացիայի կողմից  հավաստագրված սեքս-թերապևտ էր: Նա կլինիկական ղեկավարն էր գենդեր դիսֆորիայով և սեռական խանգարումներով պացիենտների, ինչպես նաև տրանսգենդերների։ Պիեռ Ասալյանը հոգեբուժություն, հոգեբանություն և սեքսոլոգիա է դասավանդել ուսանողների սերունդների: Նա լավ ճանաչված էր սեռական բժշկության (Sexual Medicine) ոլորտում, ունի հրատարակված բազում հոդվածներ և գրքեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։

Պիեռ Ասալյանի դերակատարումը շատ կարևոր էր Հայաստանում կլինիկական սեքսոլոգիայի զարգացման գործում: Հայաստան կատարած այցերի ընթացքում ԵՊԲՀ-ի Սեքսապաթոլոգիայի ամբիոնում և կլինիկայում նրա կողմից անցկացվել են դասախոսություններ, կլինիկական դեպքերի ներկայոցումներ, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, այցելուների խորհրդատվություններ: Նրա աշխատանքը նշանակալի էր Հայաստանում սեռական առողջության ոլորտում:
Պիեռ Ասալյանը Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ է:

Հարգելի Բեթի և Պիեռի հարազատներ, մենք խորապես վշտացած ենք Ձեր և Ձեր ընտանիքի կրած կորստով: 

Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունները: Պիեռը շատ տաղանդավոր և հրաշալի անձնավորություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ: Նրանք, ովքեր պատիվ ունեին նրան «ընկեր» կոչել, կարող են փաստել շրջապատի հանդեպ նրա ցուցաբերած բարությունն ու կարեկցանքը: 

Թող Աստված նրան հավերժական խաղաղություն տա ու ուժ ընտանիքին, որպեսզի դիմանան այս մեծ ցավին ...

 

Մեր օրհնություններով, հոգատարությամբ և սիրով՝ 

Սեքսոլոգների հայկական ասոցիացիա