2020 թվականի հուլիսի 1 – 5-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ EFPT-ի 28-րդ ֆորումը (European Federation of Psychiatric Trainees): Այս տարի համավարակի պատճառով ֆորումը կազմակերպվեց վիրտուալ տիրույթում։
Հայաստանից մասնակցում էին՝ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Սաթենիկ Սահակյանը, Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի անդամներ Տաթևիկ Խաչատրյանը, Անետա Մելքոնյանն ու Անի Հովհաննիսյանը։
Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է ֆորումին և մասնակիցներն էլ ակտիվություն են ցուցաբերում տարբեր աշխատանքային խմբերում։ Արդեն 3 տարի է, ինչ Սաթենիկը ակտիվ մասնակցում է MENTA (Maintaining and Establishing a National Trainee Association) աշխատանքային խմբի հանդիպումներին և գործունեություններին։ Այդ խմբի նպատակն է օգնել ֆեդերացիայի ոչ անդամ երկրներում ստեղծել երիտասարդ մասնագետների ազգային ասոցիացիաներ՝ հաջորդիվ ընգրկելով EFPT-ի կազմ։ Տաթևիկը նույնպես մասնակցում էր MENTA, ինչպես նաև CAP (Child and Adolescent Psychiatry) աշխտանաքային խմբի գործունեություններին։
Նրանց ջանքերով վերաձևավորվեց «Երիտասարդ հոգեբույժների սեկցիան», որի գործառույթը մինչ այս սեմինարների/ծրագրեի մասին ինֆորմացիայի տարածումն էր օրդինատորների և երիտասարդ մասնագետնեի շրջանում։ Այս ամենի շնորհիվ էլ Հայաստանն այս տարի դիմում էր ներկայացրել EFPT-ին անդամագրվելու նպատակով։
Ֆորումի գլխավոր ժողովի քվեարկության ժամանակ Հայաստանը անդամ բոլոր երկրների կողմից միաձայն ընդունվեց՝ որպես ֆեդերացիայի լիիրավ անդամ։
Լիիրավ անդամ դառնալով մեր երիտասարդ մասնագետները արդեն իսկ հնարավորություն ունեն ընդգրկվեն EFPTի կողմից կազմակերպվող մի շարք միջոցառումներում,
մասնակցեն փոխանակային ծրագրերին եվրոպական երկրների համալսարաններում և կլինիկաներում ՝ ստեղծելով նոր գիտական և գիտահետազոտական կապեր: