2019 թվականի հուլիսի 10-14-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ EFPT-ի 27-րդ ֆորումը (European Federation of Psychiatric Trainees): Այս անգամ Հայաստանը ներկայացրեցին ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Սաթենիկ Սահակյանը և հոգեբուժության կլինիկական օրդինատոր, Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի անդամ Տաթևիկ Խաչատրյանը։
Ֆորումի այս տարվա կարգախոսն էր «Ձևավորելով հոգեբուժության ապագան» (Shaping The Future Of Psychiatry)։
Հայաստանն արդեն երկրորդ տարին է մասնակցում ֆորումին, ինչի շնորհիվ հաջորդ տարի հնարավոր կլինի դառնալ ֆեդերացիայի լիիրավ անդամ։ Դրան կնպաստի նաև EFPT MENTA (Maintaining and Establishing a National Trainee Association) աշխատանքային խումբը, որտեղ ակտիվ մասնակցություն ունի Սաթենիկը դեռևս անցյալ տարվանից: Նշենք, որ անդամ երկիր դառնալու պարագայում մեր երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ընդգրկվեն EFPT-ի կողմից կազմակերպվող մի շարք միջոցառումներում, մասնակցեն փոխանակային ծրագրերին եվրոպական երկրների համալսարաններում և կլինիկաներում, ստեղծելով նոր գիտական և գիտահետազոտական կապեր:
Տաթևիկն ընդգրկվեց CAP (Child and Adolescent Psychiatry) աշխտանաքային խմբում, որտեղ նախատեսվում է սկսել հետազոտություն եվրոպական երկրների շրջանակում. միասնական ուժերով նպաստել ոլորտի զարգացմանը , քանզի ոչ միայն Հայաստանում, նաև այլ երկրներում նույնպես կան մանկական հոգեբույժների պակաս։
Ֆորումի բացմանը ելույթ ունեցան Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեքը, Չեխիայի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Պավել Մոհրը, UMES-ի քարտուղար Ժոզեֆ Դրագասեկը, EPA-ում երիտասարդ հոգեբույժների ղեկավար Մարիանա Պինտո դե Կոստան և EFPT-ի նախագահ Պավել Տրանչիկը։
Տարբեր երկրներից ժամանած, ինչպես նաև տեղացի վաստակավոր բժիկներ անցկացրեցին ինտերակտիվ դասախոսություններ․ պրոֆ․ Նորման Սարտորիուս, պրոֆ․ Գիլ Զալցման, պրոֆ․ Ժիրի Հորաչեկ, Ջուլիան Բիզհոլդ, Անդերս Մարտին, Կարել Նեսպոր, Միխալ Գոեց, Բերնադկա Դուբիչկա, Օլգա Գլասզներ։
Մասնակիցներն այցելեցին նաև Բոհնիսի հոգեբուժարան, որտեղ տեղի ունեցավ պաստառների ներկայացումը (poster presentation), դասախոսություններ, այցեր տարբեր բաժանմունքներ։ Հոգեբուժարանի տարածքում գործում է նաև ձիարշավարան՝ հիպոթերապիայի նպատակով։
Դելեգացիան վերադարձավ նոր գիտելիքներով, վառ հուշերով և բարձր մոտիվացիայով, ինչն էլ կխթանի Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացումը։