Ս/թ սեպտեմբերի 17-19 ք. Թբիլիսիում կայացավ «Фундаментальная и практическая андрология» թեմայով միջազգային գիտաժողովը, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի պատվիրակությունը:
Գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես եկան՝
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կուրսի պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Է. Հակոբյան՝ «Սեռական խանգարումների պաթոգենետիկ բուժումը անդրոգենոդեֆիցիտի ժամանակ»,
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արսեն Դ. Գրիգորյան՝ «Առաջնային սեռական դրսևորումները և աքսելերացիայի ֆենոմենը»,
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Ա. Շահրամանյան՝ «Վաղաժամ սերմնաժայթքում. սեքսոլոգիական անալիզ»,
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի ասիստենտ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Է. Ազատյան «Տեստոստերոնի ազդեցությունը տղամարդու վարքի վրա»:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր ժամանել ճանաչված ուրոլոգ, բ.գ.դ., պրոֆ. Մ.Ի.Կոգանը, ով ներկայացրեց չափազանց հետաքրքիր զեկուցում՝ «Տեստոստերոնը և կոնքային քրոնիկական ցավերը»։
Վրացի գործընկերների համար այս գիտաժողովը իր տեսակով եզակի էր, ինչը զարմանքի և ուրախության ալիք առաջացրեց։ Փաստացի, սա լայն հնարավորություն ընձեռնեց մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին տղամարդկանց անպտղության , կոնքային քրոնիկական ցավի, խրոնիկական պրոստատիտի , սեռական խանգարումների և այլ նոզոլոգիաների ախտորոշման, բուժման ժամանակակից հայեցակետերը:
Հարակից մասնագետների կողմից հատուկ ուշադրության արժանացավ սեռական խանգարումների ախտորոշման և բուժման միջդիսցիպլինար մոտեցումը, որը վաղուց կիրառվում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայում։ Հարց ու պատասխանի և թեժ քննարկումների ընթացքում բժիշկները կիսվեցին իրենց բազմամյա գիտելիքներով և փորձով: Քննարկվեցին և մշակվեցին հետագա համագործակցության գիտագործնական ծրագրեր: