«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով: Առաջին հայացքից հիվանդը գանգատվում է այս կամ այն սեքսուալ խնդրից, բայց որոշակի ժամանակահատված հետո հիվանդի մոտ սկսում են ի հայտ գալ հոգեկան շեղման նշաններ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ երբ հիվանդները դիմում են սեքսուալ այս կամ այն խնդրով, առաջինը պետք է հասկանալ, թե այդ հիվանդության տակ թաքնված չէ՞ հոգեկան խանգարում: Մասնագետն ասաց նաև, որ այդպիսի հիվանդների մոտ խնդիրները դրսևորվում են մինչև 30-35 տարեկան հասակը.
«Ամենահաճախ հանդիպող հոգեկան հիվանդությունը՝ շիզոֆրենիան, երբեմն անհատի մոտ դրսևորվում է սեքսուալ գանգատներով: Հիվանդը սկսում է գանգատվել էրեկտիվ դիսֆունկցիայից: Որոշակի ժամանակահատված հետո սկսում են դրսևորվել սեքսուալ մի շարք խանգարումներ»:
Մասնագետի մեկնաբանությամբ՝ հաճախ այդպիսի հիվանդները տառապում են տարիներով, ժամանակի ընթացքում դա խորանում է, քանի որ բժիշկները չգիտեն հիվանդության արմատները: Հիվանդների մոտ սկսում են դրսևորվել սեներթոպատիկ համախտանիշներ՝ սեռական օրգաններում դիսկոմֆորտի զգացողություններ, որոնք որոշակի ժամանակահատված հետո արդեն անատոմիական շեղումների հիմք կարող են լինել.
«Սկսում է զարգանալ պատրանքների, տեսողական կամ լսողական զառանցանքների փուլը, այն կարող է արտահայտվել անհիմն խանդի տեսարաններով, և դա կամաց-կամաց կարող է կրել պրոգրեսիվ բնույթ՝ կապված հիվանդության զարգացման հետ»:
Սևադա Հակոբյանն ասաց նաև, որ մեր իրականության մեջ հաճախ բարեկամները կամ մտերիմները չեն ուզում ընդունել, որ իրենց հարազատը հոգեկան հիվանդություն ունի, որը սկզբնական շրջանում դրսևորվում է սեքսուալ խանգարմամբ: Եթե բժիշկը փորձում է նրանց բացատրել կամ ուղղորդել ավելի լայնածավալ հոգեբուժական օգնության տրամադրմամբ, հիվանդը դա չի ընդունում: Հետագայում նա հրաժարվում է նաև ընկերների, հարազատների հետ շփումից: Մինչդեռ հիվանդության ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է այն հեշտությամբ բուժել.
«Նման դեպքերում անհրաժեշտ է հոգեբանի և սեքսապաթոլոգի համատեղ աշխատանք: Սկզբնական շրջանում դժվար է ախտորոշումը, սակայն կա մի բան՝ նման մարդիկ շատ ավելի խոցելի են սեփական սեռական օրգանների և սեռական ֆունկցիայի նկատմամբ: Այդ է պատճառը, որ հոգեկան խանգարումների սկզբնական նախանշանները սկսում են դրսևորվել սեռական խանգարումների միջոցով»:
http://www.1in.am