Երեխան ծնողին հարցնում է, թե որտեղից է ինքը լույս աշխարհ եկել: Ծնողը լուրջ դեմքով պատասխանում է, որ իրեն կաղամբի մեջից են գտել, և երեխան սկսում է թերահավատությամբ լցվել դեպի ծնողը, քանի որ բակում այդ նույն հարցին մեծ ընկերներն այլ բան էին ասել: Կամ էլ հակառակը՝ ծնողը մանրամասն բացատրում է, թե ինչպես է կատարվում այդ ամենը, և դեռևս անընկալունակ ուղեղով երեխայի մոտ բարդույթներ են ձևավորվում, քանի որ նա դեռ պատրաստ չէր նման մեկնաբանության:
Սեքսապաթալոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը կարծում է, որ պետք է և ծնողները, և ուսուցիչները պատրաստ լինեն նմանօրինակ հարցերին խելամիտ պատասխան տալու, որպեսզի հնարավոր լինի բավարարել երեխայի արդարացված հետաքրքրասիրությունը և զերծ պահել նրան հոգեբանական հարվածներից: Զաքարյանն առաջարկում է գոնե կենսաբանության ուսուցիչների համար թրեյնինգներ կազմակերպել:
Խոսելով դեռահասների սեռական գիտելիքների մակարդակի մասին՝ սեքսապաթոլոգը նշեց, որ, ի զարմանս իրեն, վերջիններս բավականին տեղեկացված են, և ինֆորմացիայի հիմնական աղբյուրը նրանց համար ինտերնետն է, որը ոչ բոլոր դեպքերում է օպտիմալ խորհրդատու. երեխան, կամ նույնսիկ մեծահասակը, կարդում է ինտենետում տեղադրված հոդվածը, հասկանում է գրվածի միտքը և այն իր համար դարձնում չափորոշիչ, սակայն ինտերնետի ոչ բոլոր նյութերն են արժանահավատ և սպառիչ: Արդյունքում մարդը հաճախ ընկնում է մոլորությունների մեջ:
«Սեքսուալ առողջապահություն» ՀԿ-ի տնօրեն, ԵՊԲՀ սեքսապաթալոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանը խոսեց առավել տարածված մոլորությունների մասին, որոնց թվում առանձնացրեց այն, որ շատերը կարծում են, թե անհրաժեշտ է մինչամուսնական կապ (կամ կապեր) ունենալ` պարզելու համար սեռական համատեղելիությունը: Սակայն շատ դեպքերում լիովին համատեղելի զույգերը, որոնց միջև կան նաև փոխադարձ զգացմունքներ, մեկ սեռական ակտից հետո որոշում են, որ իրենք անհամատեղելի են, և դա հարաբերությունների խզման պատճառ է դառնում:
Բժիշկը համոզված է, որ դեպքերի մեծամասնությունում անհրաժեշտ էր ուղղակի մեկ անգամ այցելել մասնագետի` պարզելու թվացյալ անհամատեղելիության պատճառը, որը շատ հաճախ նաև հոգեբանական բնույթի է լինում: Իսկ ֆիզիոլոգիական տեսանկյունից խնդիրները մեծամասամբ լուծելի են. անհրաժեշտ է ուղղակի մոտիվացված լինել:
Մարատ Զաքարյանը նշեց նաև, որ 16-17 և ավելի վաղ հասակում թե աղջիկների, թե տղաների համար ցանկալի չէ սկսել սեռական կյանքով ապրել, քանի որ օրգանիզմը դեռևս բավականաչափ հասունացած չէ, իսկ առանց սեռական կյանքի մարդը մինչև 30 տարեկան կարող է հանգիստ ապրել և նրա մոտ պաթոլոգիական երևույթներ չեն առաջանա, քանի որ մեր օրգանիզմն օժտված է հզոր պաշտպանական մեխանիզմներով: