«Սեռադաստիարակությունը մարդու դաստիարակության մի մասն է կազմում և, եթե ընդհանուր դաստիարակության մեջ որևէ մաս բացակայում է, նշանակում է այն թերի է», -այս մասին այսօր «Ելակետ» ակումբում «Սեռադաստիարակության արդի խնդիրները» թեմայի շրջանակենրում հայտնեց  Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:



Սեքսապաթոլոգի խոսքով , սեռական դաստիարակության բացակայությունը կարող է լուրջ շեղումների առաջ կանգնեցնել մարդկանց: Նրա հավաստմամբ անգամ մինչև մայրանալը, հղիանալը ապագա մայրը պետք է զբաղվի իր ապագա երեխայի սեռական դաստիարակությամբ, իսկ սեռադաստիրակաությունն ինքնին մի քանի փուլով է անցնում:

«Տարբեր տարիքային փուլեր իրենց սեռական դաստիարակության յուրահատկությունները պետք է ունենան, բայց ամենապատասխանատու շրջանը սեռական հասունության շրջանն է` սկսած 12-ից մինչև 18 տարեկան, այդ շրջանում է բոլորից շատ հոգեկան, ֆիզիկական, սեռական փոփոխություններ տեղի ունենում դեռահասների օրգանիզում ու եթե ինչ-որ բաց թողնվի, ապագայում սեռական մեծ խնդիրների առջև պետք է կանգնեն, այս է պատճառը, որ սեռական դաստիարակությունը պետք է սկսել ամենավաղ տարիքից», նշեց նա, շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ սեռադաստիարակության բացակայությունը կարող է վատ անդրադառնալ մարդու ամբողջ կյանքի վրա:

Ինչ վերաբերում է մինչամուսնական սեռական հարաբերություններին, ապա նա աղջիկներին եւ տղաներին խորհուրդ տվեց, սեռական հարաբերություններ չունենալ մինչեւ 17-18 տարեկանը, քանի որ հնարավոր է  դա հանգեցնի վատ հետեւանքների` ինչպես հոգեբանական, այնպես էլ կարող է սեռավարակների պատճառ դառնալ:

Թեմային անդրադարձավ նաեւ « Սեքսուալ Առողջապահության» ՀԿ տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանը, ով նշեց, որ սեռական դաստիարկության բացակայությունը,  չիմացությունը կամ սխալ դաստիարակությունը կարող է մարդկանց մոտ հանգեցնել լուրջ շեղումների:

«Ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան թերի իմանալ», հավաստիացնում է նա, հավելելով, որ սխալ է թարգմանված գքերից կամ համացանցից օգտվելը, քանի որ այն կարող է գրված լինել տվյալ երկրի տվյալ հասարակության համար, իսկ մեր հասարակությունը կարող է այն  ճիշտ չընկալել եւ կանգնել  սեռական մեծ խնդրի առաջ:

yelaket.am