Սեռակրթության կարիք ու պահանջ ունի յուրաքանչյուր դեռահաս:
Տարիներ առաջ երեխայի հետ սեքսի, սեռական օրգանների մասին խոսելը համարվում էր ամոթ ու անհարմար, այն փակ թեմա էր: Այսօր վիճակը մի փոքր «շտկվել» է, և դեռահասի տեղեկատվության մակարդակը բարձրացել է:

«Սեռակրթություն» թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

-Ո՞ր տարիքից երեխաները պետք է սեռական կրթություն ստանան:
-Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը, ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Սովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է կյանքի զանազան երևույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, և նա անընդհատ կպատկերացնեի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը:

-Ո՞րն է սեռական դաստիարակության խնդիրը:

-Սեռական դաստիարակության խնդիրն է նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի և մանկածնության գործառույթի լիարժեք ձևավորմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաև մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը:

-Սեռակրթության հարցում ի՞նչ դեր ունեն երեխայի ծնողները, որքանո՞վ է հայ ծնողը պատրաստ խոսել իր երեխայի հետ սեքսի մասին, ինչպե՞ս դա պետք է անել:

-Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից և այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Եվ որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միևնույնն է, երեխայի մոտ հարցեր են առաջանում։ Ընդ որում՝ շատ բնական ու տրամաբանական հարցեր. ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են իմ սեռական օրգանները, ինչպե՞ս են երեխաները ծնվում։ Հաճախ, որպես կանոն, դաստիարակչի դերում լինում է փողոցը, որը, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ։ Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, և եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են։ Հերիք է երեխան մեկ հայացք նետի էկրանին, որպեսզի նկատելի դառնա, որ վերմակով ծածկված կինն ու տղամարդն ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում։ Երեխան լարում է իր երևակայությունը՝ հասկանալու՝ ի՞նչ է այնտեղ կատարվում։ Բնականաբար, նրա մոտ առաջանում են հարցեր։ Կամ, օրինակ, եթե ծնողն ասում է, որ երեխաներին գտնում են կաղամբի մեջ, կամ էլ հիշատակում է արագիլի մասին, երեխայի ու մեծահասակի հոգեբանական շփման եզրերը կարող են կտրվել՝ ստեղծելով անվստահության մթնոլորտ։ Հաջորդ անգամ երեխան այլեւս լուրջ հարցերով չի դիմի ծնողին, կփորձի իր հարցի պատասխանը գտնել փողոցում կամ էլ ստանալ առավել «իրազեկված» ընկերներից, հասակակիցներից, ինչը հղի է մի շարք բացասական հետևանքներով:

-Որքանո՞վ է այսօր սեռադաստիարակված հայ դեռահասը:

- Պետք է փաստել, որ սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը և հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին, օրինակ` պահպանակի օգտագործմանը մեր երիտասարդները չեն տիրապետում: Բացի բուժական գործունեություն ծավալալելուց, մենք, իհարկե, նաև բացատրական աշխատանք ենք տանում մեր հաճախորդների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ և համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի հաճախորդներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառը այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են» նաև նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի և անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը:

-Սխալ ինֆորմացիան, որը երեխան ստանում է համացանցից կամ ինչ-որ մեկից, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի հետագա վարքագծի վրա:

- Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ և թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների և, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով պայմանավորված այս խնդրի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը:
Սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է, բայց թեմայի անհասանելի լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ: Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ, թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաև ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցեր մնում
են փակ, հատկապես տերմինաբանությունը: «Փողոցի լեզուն», ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը:
Ժամանակակից երեխաները ապրում են սեռական հարցերի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի պայմաններում, սակայն այդ թեմայի դարավոր արգելքները և «ցենզուրային» տերմինների բացակայությունը խանգարում են ծնողներին ինչպես հարկն է զրուցել իրենց երեխաների հետ ինտիմ հարցերի շուրջ: Հենց ճշգրիտ ինֆորմացիայի պակասն էլ խոչընդոտում է ճիշտ սեռական դաստիարակությանը:

-Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ հաճախ դեռահասները ինֆորմացիայի պակասը լրացնելու համար դիտում են պոռնոֆիլմեր:

- Դեռահասների, երեխաներին պոռնոֆիլմեր դիտել խորհուրդ չի տրվում: Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը տղամարդու սեռական օրգանի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական կյանքը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
Շարունակաբար պոռնո ժանրի ֆիլմեր դիտելը աստիճանաբար սպանում է սեքսուալ հարաբերությունների ցանկությունը: Դիտելով պոռնոֆիլմ՝ մարդու օրգանիզմն առանց ջանքերի արտադրում է մեծ քանակությամբ հաճույք պատճառող հորմոններ, ինչի հետևանքով էլ ժամանակի ընթացքում ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությունը վերանում է: Ժամանակի ընթացքում տուժում է նաև պոտենցիան:

-Ձեր կարծիքով` սեռական առողջության ու կյանքի մասին խոսելու կոմպլեքսը որքանո՞վ է հաղթահարված և ի՞նչ ճանապարհով պետք է հասնել բարդույթի վերացմանը:

-Սեռական առողջության և սեռական կյանքի հարցերը պետք է քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող և մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ և ճակատագրական հետևանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանջուրժում:
Շնորհիվ մասնագիտական տեղեկատվության տարածմանը վերջերս սեռական հարցերում հասարակական գնահատականի հետ կապված լուրջ առաջընթաց է նկատվում: Հիմա երեխաները, դեռահասները տիրապետում են ավելի շատ ինֆորմացիայի, իսկ ցանկության դեպքում էլ կարող են ստանալ ակտուալ և ճշգրիտ ինֆորմացիա համացանցից՝ սեքսոպաթոլոգին էլեկտրոնային նամակ գրելով: Այն, ինչ անհարմար է հարցնել ծնողներից, կարելի է հարցնել բժշկից, կարդալ գրքում կամ իմանալ հասակակիցներից, որոնք ենթադրաբար կարդացել են:

-Ըստ Ձեզ` դպրոցներում սեռական կրթությունը բավարար չափո՞վ է ուսումնասիրվում: Այս հարցում ի՞նչ դեր ունեն ուսուցիչներն ու դպրոցը:

- Դպրոցներում, որքան նկատել եմ, շատ հպանցիկ են քննարկվում սեռական դաստիարակության հարցերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման: Կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող և թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է:

Գոհար Արամյան


HayNews.am