Ըստ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի՝ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տեղի է ունենում սերմաժայթքում՝ նախքան սեռական հարաբերությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ներկայացրեց այս խնդրի շուրջ տարբեր սեքսոլոգների կարծիքները։ Որոշ ամերիկյան սեքսոլոգներ գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տղամարդն անկարող է կառավարել սերմնաժայթքման տևողությունը, այսինքն, կորցնում է այն հմտությունը, որի միջոցով ինքը կարող է ունենալ սերմնաժայթքում այն ժամանակ, երբ որ ցանկանում է։
Ռուսական դպրոցի սեքսապաթոլոգները գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ սեռական ակտը սկսելուց 4 րոպե շուտ է տեղի ունենում սերմնաժայթքումը։ Այս պարագայում համարում ենք, որ տվյալ անհատն ունի խնդիր. «Սա բավականին հաճակի հանդիպող հիվանդություն է, որի արդյունքում առաջ է գալիս ընտանեկան սեքսուալ դիսհարմոնիա, որովհետև վաղաժամ սերմնաժայթքման հետևանքով խախտվում է սեռական կյանքը։ Ամուսինը իրեն սկսում է համարել թերի, շատ գիտնականների կարծիքով՝ այս խնդրով հիվանդը դիմում է բժշկին, երբ ընտանիքում նրա սոցիալական ստատուսը թուլացած է լինում»։ Սեքսապաթոլոգը նշեց, որ սերմնաժայթքումը եթե կատարվում է մինչև սեռական ակտի սկիզբը, ապա հղիության մասին խոսք լինել չի կարող։ Սրա պատճառները բազմազան են, կարող են լինել շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքում, նյարդային համակարգի խանգարումներ։ Սակայն, ինչպես հավաստիացնում է մասնագետը, սա բուժելի հիվանդություն է. «Բուժվելու համար շատ կարևոր է զուգընկերուհու դիրքորոշումը։ Նա պիտի հանդուրժող լինի իր կողակցի նկատմամբ, քանի որ այդ հիվանդության դեպքում տղամարդու մոտ նկատվում է թերարժեքության բարդույթ»։ Սևադա Հակոբյանն ասաց, որ դեղորայքային բուժմանը զուգահեռ՝ զրուցում են նաև զույգերի հետ, որպեսզի նրանք հոգեբանորեն իրենց ճնշված չզգան։
Վերջում սեքսապաթոլոգը հավելեց, որ այս երևույթը դիտվում է հատկապես մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում և այն երիտասարդների շրջանում, ովքեր չունեն կանոնավորված սեռական կյանք։
http://1in.am