«Տղամարդիկ հակված են կենտրոնանալու սեռական ֆունկցիայի վրա, գնահատում են սեռական կյանքի ֆիզիկական կողմը, իսկ կանայք ավելի հաճախ միտված են դեպի հարաբերություններն ու շփումը, գերագնահատում են սեռական կյանքի զգացմունքային կողմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։



Մասնագետը ներկայացրեց սեքսոլոգիայի վերջին ուսումնասիրությունները, որոնք ապացուցում են, որ կանանց և տղամարդկանց շրջանում օրգազմն ունի դրական, հրաշագործ ազդեցություն: Այն ունի հակացավային, հակասթրեսային ազդեցություն, որը կապված է օքսիտոցինի ձերբազատման հետ: Տվյալ հորմոնը մեծ քանակով արտազատվում է օրգազմի ժամանակ, որն ապացուցվում է նաև գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ. «Տղամարդու օրգազմի ժամանակ այնպիսի նյութեր են արտազատվում և դուրս բերվում շագանակագեղձից, որոնք իջեցնում են քաղցկեղի հավանականությունը։ Այն մարդիկ, որոնք ունենում են ռեգուլյար օրգազմ, ավելի քիչ են հակված ինքնասպանության և դեպրեսիայի։ Եթե անձը բավարարված է սեռական կյանքում, դա նշանակում է, որ հետագայում ևս նա առավել քիչ է հակված դեպրեսիայի»։

Սևադա Հակոբյանն ընդգծեց, որ սեռական կյանքի բավարարվածության և կյանքի որակի միջև կա փոխկապակցվածություն, որն ապացուցված է գիտականորեն։ Ըստ այդ ուսումնասիրության՝ 91 տոոկոս տղամարդիկ և 84 տոկոս կանայք կարևորում են սեռական կյանքի ազդեցությունն իրենց ինքնազգացողության վրա, և ովքեր ավելի հաճախ են ապրում սեռական կյանքով, ավելի քիչ կարիք ունեն հոգեմետ դեղերի. օրգազմի ժամանակ ցավազրկող մեդիատորը VIP-ն է, որը գլխացավի ժամանակ մեծ ազդեցություն է ունենում։ Օրգազմը ցավազրկող ազդեցություն է ունենում նաև միգրենոզ գլխացավերի ժամանակ, որի ազդեցության ուժը հավասար է 10 մգ մորֆինի ազդեցությանը»։

Կան նաև այլ հետաքրքիր տվյալներ. կանանց կողմից կծու տաքդեղի օգտագործումը բերում է հեշտոցի առաջային պատին գտնվող G կետի (գոտու) վնասմանը և ցավազրկող զգացողությունն ավելի թուլանում է։ G կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատին, որն իրենից ներկայացնում է նյարդային վերջույթների (ռեցեպտորների) կուտակում։ Այն մեծ նշանակություն ունի կնոջ օրգազմի մեխանիզմում։ Այս գոտու գրգռումը ծննդաբերության ժամանակ պտղի իջնելու միջոցով ապահովում է ցավազրկող էֆեկտ, այդ պատճառով էլ հին հնդկուհիները հղիությունից առաջ կծու չէին օգտագործում։

 

http://1in.am