Սեռակրթության խնդիրների, սեռական դաստիարակության և շատերին հուզող այլ խնդիրների մասին LN-ն զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:
-Պարոն Շահրամանյան, Ձեր հրապարակումներից մեկում նշել եք' հայ երիտասարդների շրջանում պոռնոն շատ տարածված է, քանի որ, սեռական դաստիարակություն չստանալով ընտանիքում, երեխան փորձում է ինֆորմացվել այլ աղբյուրներից: Սա ավելի շատ հայ աջիկների՞ն է վերաբերում, թե՞ տղաներին:
-Խոսքը, իհարկե, ավելի շատ տղաների, մասնավորապես, դեռահասների և պատանիների մասին է, քանի որ վերջիններիս սեռական զարգացումը համեմատաբար ավելի բուռն է ընթանում: Ինչպես գիտեք, ըստ «Google Trends» ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգում: Գաղտնիք չէ, որ նման կայքերի այցելուների մեծամասնությունը կազմում են դեռահասները:
-Սա ինչի՞ հետևանք է եւ ինչի՞ կարող է հանգեցնել:
-Մինչ Հայաստանում պայքարում են հեռուստատեսությամբ էրոտիկայի և բռնության ցուցադրման դեմ, հայաստանցիները «տպավորիչ» արդյունքներ են գրանցում համացանցով ոչ թե էրոտիկ, այլ բացահայտ պոռնոգրաֆիկ կայքեր այցելելով: Մեր երկրում ստույգ վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե դեռահասների քանի տոկոսն է այցելում «չափահասների համար» նախատեսված կայքեր: Սակայն Google-ի տվյալներից դատելով' կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, ով ունի համացանցում գտնվելու հնարավորություն, գոնե մեկ անգամ որոնել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր: Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը, նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
-Ի՞նչ կասեք այն մասին, որ հայ տղամարդկանց մի անազատ հատված սեռական դաստիարակություն ստացած և այդ իմաստով տեղեկացված կնոջը չի դիտարկում որպես պոտենցիալ հարսնացուի, քանի որ «հայ աղջիկը պիտի համեստ լինի» սկզբունքը դեռ չի վերացել:
-Ժամանակի ընթացքում հայացքները փոխվում են, այդ կարծրատիպերը՝ նույնպես: Սեռական կյանքի այբուբենին ծանոթ լինելը բնավ չի նշանակում ցոփ ու շվայտ կյանքով ապրել: Անկողնային հարցերում թե՛ տղամարդը, թե՛ կինը պարտավոր են գրագետ լինել:
-Փաստ է, որ շատ հայ տղամարդիկ ընտանիքի պատերից դուրս են փնտրում իրենց սեքսուալ կարիքների բավարարումը, քանի որ կանանց այլևս չեն դիտարկում այդ համատեքստում: Ինչո՞ւ է այդպես. տղամարդի՞կ են ավելի ցանկասեր, թե՞ կանայք չեն կարողանում գրավել սեփական ամուսնուն: Ինչպե՞ս հաղթահարել ու լուծել այսպիսի խնդիրը ընտանիքի ներսում:
-Ամենատարածված պատճառը այն է, որ շատ դեպքերում տղամարդը տանը՝ անկողնում, կնոջից չի ստանում այն, ինչը իրեն լիարժեք կբավարեր: Հետևաբար, սկսում է փնտրել դրսում: Հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես, ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց մի քանի տեսակ: Տղամարդկանց մի մասը դիմում է այդ քայլին, քանի որ շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Իսկ հիմա, երբ արդեն «հասունացել է», ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը' «ման գալ» գեղեցիկ աղջիկների հետևից: Կան տղամարդիկ էլ, որ կարծում են' անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինն իր սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին' հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Կան տղամարդիկ, որ ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որ շարունակի: Եվ եթե ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է ու չի ցանկանում լքել նրան: Սովորելով հասկանալ դավաճանության պատճառները' կինը սովորում է նաև ներել տղամարդուն' հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք՝ ոչ... Դավաճանությունը պետք է տարբերել «ժամանակավոր չարաճճիությունից»:
-Ձեր հրապարակումներից մեկում գրում եք. «Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը»։ Ելնելով սրանից' կարո՞ ենք ասել, որ մեր հասարակության զգալի հատվածը հիվանդ է:
-Սեռական առողջությունը ինտեգրալային հասկացություն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։ Սեռական առողջության առաջատար սյունը հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունն է:
-Չե՞ք կարծում, որ սեռական ճիշտ դաստիարակության համար Հայաստանում սերնդափոխություն է պետք, քանի որ շատ մայրեր այսօր իրենք էլ չունեն ճիշտ սեռական կրթություն և չեն կարող այն փոխանցել երեխային:
-Սերնդափոխությունը հարց չի լուծի, քանի որ ժամանակակից սերունդը սեռակրթության հարցերում նույնպես «ոտաբոբիկ» է: Բացի այդ, սեռակրթությունից կաղում են ոչ միայն մայրերը, այլ նաև հայրերը, տատիկները, պապիկները, մի խոսքով՝ բոլոր ազգակիցները: Այդ բացը լրացնելու նպատակով պետք է մշակել սեռակրթության առողջ և կենսունակ համակարգ, որի օգնությամբ հնարավոր կլինի աստիճանաբար տարածել հանրամատչելի և հանրօգուտ տեղեկատվություն սեռական առողջության վերաբերյալ:
-Ի՞նչն է, ըստ Ձեզ, կարմիր խնձորի բովանդակությունը, որն ստիպում հայերին վերահսկել այլ անձանց սեռական կյանքն ու ցանկությունները:
-Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է եւ առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ: Այն տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի եւ գույնի ընտրությանը, հեթանոսական եւ հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել: Խնձորը համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման եւ պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի: Հետո մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է' համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին եւ պատկերացումներին: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում եւ արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կամ սեռական կյանքով ապրելու, կամ կարմիր խնձորի ավանդույթին հետևելու երկընտրանքի առաջ կանգնած երիտասարդ զույգերին:
-Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջիվերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ:
Լարա Առաքելյան
http://ladynews.am