Սեքսոլոգիական խնդիրներից է կուսական ամուսնությունը, երբ ամուսնությունից անցնում է որոշակի ժամանակ, սակայն զույգերի մոտ տեղի չի ունենում սեռական հարաբերություն:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա չափազանց մեծ պաթոլոգիկ և սթրեսոգեն հետևանք է թողնում զույգերի վրա. «Ամուսնությունից հետո երկար տարիներ կինը մնում է կույս: Սա շատ լուրջ խնդիր է: Զույգերը հաճախ մեղադրում են մեկը մյուսին, խառնվում են հարազատները, հարցը դարձնում արծարծվող, մյուս կողմից՝ կան զույգեր, ովքեր չստացված սեռական հարաբերությունների փոխարեն փորձում են սեռական կյանքի այլընտրանքային ձևեր, որը որոշակիորեն քողարկում է խնդիրը, սակայն այն չի բուժվում»:

Բժիշկն ասաց, որ նման դեպքերում հաճախում են բժշկի զուտ այն պատճառով, որ երեխա չեն ունենում: Խնդրի գործոնները հիմնականում պայմանավորված են դեռահասության տարիքում աղջկա սխալ սեռական դաստիարակությամբ, սեռական կյանքի վերաբերյալ, տղամարդկանց մասին ունեցած սխալ պատկերացումներով. «Առաջանում է բացասական էմոցիոնալ նախատրամադրվածություն: Կնոջ մոտ առաջանում է վագինիզմ, այսինքն՝ վախ սեռական հարաբերությունից: Խնդիրը արձանագրվում է նաև այն դեպքերում, երբ զույգերը երկար ժամանակ են ընկերություն անում: Այս պարագայում ինտիմ հարաբերությունները աղջիկը պատկերացնում է էրոտիկ քնքշանքների շրջանակներում, և նրա պատկերացումները իրականությանը չեն համապատասխանում»:

Սևադա Հակոբյանն ասաց, որ խնդիրը կապված չէ որևէ անատոմիական շեղման հետ, սա վիճակ է, որը բուժվում է հատուկ սեանսներով. «Խնդիրը ճիշտ սեքսոլոգիական բուժման դեպքում լուծվում է 100 տոկոսով՝ 15-30 օրվա ընթացքում»:

Բժիշկը նաև ողջունեց այն հանգամանքը, որ տեղեկացված լինելու շնորհիվ այժմ ավելի շատ զույգեր են բուժվում, ինչպես նաև գալիս են մինչսեռական սեքսոլոգիական խորհրդատվության. «Այցելությունը կնախապատրաստի ապագայում առողջ ընտանիք ունենալուն և կօգնի տարբեր սեռական խնդիրներից խուսափել»: