«Գոյություն ունի հոգեսեռական և մարմնասեռական զարգացում։ Այս երկուսը պետք է համընթաց և ներդաշնակ զարգանան, որպեսզի ձևավորվեն անհատի սեռային գիտակցությունն ու վարքը, ինչպես նաև՝ սեռական կողմնորոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նա նշեց, որ կան հոգեսեռական և մարմնասեռական զարգացման ուշացումներ և արագացումեր, որոնք կապված են մի քանի պաթոլոգեն գործոնների հետ։ Դրանք են գենետիկական գործոնները, միջավայրի ազդեցությունը, դեղորայքային և հորմոնալ դեղերի ազդեցությունը. «Ներդաշնակ զարգացման արդյունքում ձևավորվում է անհատ, որը ունի հստակ սեռական գիտակցություն, ձևավորված սեռական վարք և կողմնորոշում։ Որևէ առումով որևէ խաթարում կարող են առաջ բերել սեքսուալ հիվանդություններ կամ խնդիրներ, որոնք կարող են դժվարություններ առաջացնել տվյալ հիվանդի սեռական կյանքում»,- պարզաբանեց մասնագետը։


Սեքսապաթոլոգի խոսքերով՝ աղջիկների մարմնասեռական զարգացումը լինում է ավելի վաղ, որը զուտ սեռահասունության ժամանակահատվածի հետ է կապված։ Տղաների շրջանում մեկ-երկու տարի ավելի ուշ է տեղի ունենում այս պրոցեսը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ներկայումս սեռահասունությունը մեկ-երկու տարով ավելի վաղ է սկսվում, քան 50 կամ 100 տարի առաջ էր։ Դրա հիմնական խթանիչը միջավայրի փոփոխությունն է, որն ազդում է մարդու օրգանիզմի վրա։

Սևադա Հակոբյանն ասաց, որ աղջիկների սեռահասունացման շրջանը սկսվում է 13-14 տարեկանում, տղաներինը՝ 14-15։ Տղաների շրջանում առաջին նշանը սերմնաժայթքումն է, աղջիկների շրջանում՝ դաշտանի շրջանը։ Սեռահասունությանը բնորոշ նշաններ կան նաև արտաքինից։ Դրանք կոչվում են երկրորդային սեռական հատկանիշներ. «Դրանք հորմոնների փոփոխությամբ պայմանավորված՝ մարմնական փոփոխություններն են, որոնք աղջիկների շրջանում կանացի սեռական հորմոնների՝ էսթրոգենների ավելի բուռն արտադրությամբ են բնորոշվում, տղաների շրջանում՝ արական սեռական հորմոնների՝ անթրոգենների արտադրությամբ»։ Այս շրջանում տղաների ձայնը կոպտանում է, սկսվում է մազակալում, ձևավորվում են մարմնական առանձնահատկություններ, որոնք են լայն ուսագոտին, նեղ կոնքերը։ Աղջիկների շրջանում ձևավորվում է կանացի տիպի մարմնակազմվածք, լայն կոնք, նեղ ուսագոտի, ճարպի կուտակում կոնքի հատվածում, կրծքագեղձերի մեծացում։

Կովկասյան ժողովուրդները աչքի են ընկնում բարձր սեռականությամբ և կամային բարձր հատկանիշների դրսևորմամբ։ Դրանով է պայմանավորված, որ կովկասյան ժողովուրդների ոտքերն ավելի կարճ են, իսկ եվրոպացիների ոտքերը ավելի երկար են իրանի համեմատ, իսկ մազածածկույթն ավելի թույլ է. «Գոյություն ունի սեռական կոնստիտուցիա հասկացություն, որի մեջ մտնում են մի քանի պարամետրեր։ Դրանցից մեկը մարմնի և հասակի հարաբերությունն է ոտքերի երկարությանը։ Որքան ոտքերը կարճ են իրանի համեմատ, այնքան տվյալ անհատն ունի ավելի ուժեղ սեռային կոնստիտուցիա։ Այն կանայք, ովքեր արտաքինից կարող են այնքան էլ գեղեցիկ չերևալ, ունեն ավելի կարճ ոտքեր և մազածածկույթն ավելի շատ է, բժշկական տեսանկյունից օժտված են ավելի բարձր սեռականությամբ»,- հավելեց սեքսապաթոլոգը։

http://www.1in.am/arm/armenia_society_71058.html