«Մենք գիտենք, որ գարնանը ձմեռվա խոր քնից հետո բնությունը զարթոնք է ապրում»,- «Զարուհու» հետ զրույցում ասում է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ.գ.թ. Մարատ Զաքարյանն ու հավելում, որ գարնանը մարդիկ  ակտիվ չեն լինում: Շատերի մոտ առաջանում է վիտամինների պակաս:

«Բանն այն է, որ  ձմռանն այդքան էլ վիտամինային կերակուրներ` միրգ, բանջարեղեն չենք օգտագործում: Իսկ վիտամինային պակասը օրգանիզմի համար անհետեւանք չի անցնում: Սակայն ավելի շատ կուզենայի խոսել գարնանային ընկճվածության ու դեպրեսիվ վիճակի մասին: Եղանակի փոփոխությունը մարդկանց մոտ ընկճված վիճակ է առաջացնում: Փոփոխության այս շրջանում մարդու հոգեկան աշխարհը եւ նյարդային համակարգը չեն կարողանում հարմարվել միջավայրին, բնությանը»,- ասում է Մ. Զաքարյանը:

Ըստ զրուցակցի, 40-60 տարեկան մարդկանց մոտ կարող են ավելի մեծ խնդիրներ սկսվել. «Օրինակ` արյան ճնշման տատանումներ, (դա նաեւ վերաբերում է երիտասարդներին), սակայն մեծահասակների մոտ այն ավելի ցայտուն է արտահայտվում: Հնարավոր է` մի շարք հիվանդություններ սրվեն, հատկապես հոգեկան, նյարդային, ուռուցքային, էնդոկրին,  աղեստամոքսային հիվանդությունները»,- ասում է բժիշկը:

Մ. Զաքարյանը նաեւ նշում է, որ գարնանը մարդիկ գանգատվում են նաեւ տրամադրության անկումից,  չեն ուզում շփվել մարդկանց հետ, միայնություն են փնտրում, ինչը կարող է ավելի ուժեղացնել այդ ընկճվածությունը: Սակայն մեկ-երկու ամսվա ընթացքում այս երեւույթներն աստիճանաբար վերանում են:

Մեր դիտարկմանը, թե գարնան գալուն պես մարդիկ ավելի շատ են սիրահարվում, սեր խոստովանում, բժիշկը նկատեց. «Եթե ընկճվածությունը կա, սերն, ընդհակառակը, կարող է նվազել, բայց դա սովորաբար տեղի է ունենում ապրիլ-մայիս ամիսներին: Դեպրեսիվ վիճակները, տրամադրության անկումը բերում են ինչ-որ չափով սիրո հորմոնների նվազեցման: Այդ շրջանում հնարավոր է` «չակտիվանա» սերը, բայց հետո աստիճանաբար կարող է բնության հետ զարթոնք ապրել եւ սերն «ուժեղանա»: Սա վերաբերում է բոլորին` անկախ տարիքից եւ սեռային պատկանելությունից»,- պարզաբանում է բժիշկն ու հավելում, որ եթե  մարդն ունի սիրած էակ, ունի ստիմուլ` խթան. ենթադրենք` մեկը մեկին սիրում է, խանդում է, ապրում է սիրած էակով, ապա երջանիկ է եւ գարնանային ընկճվածությունն ու դեպրեսիվ վիճակներն այդքան էլ մեծ նշանակություն չեն կարող ունենալ:

Այդուհանդերձ, գարնանային ընկճախտից խուսափելու համար Մ. Զաքարյանը խորհուրդ տվեց. «Մարդը կարող է բարելավել ե՛ւ հոգեկան աշխարհը, ե՛ւ նյարդային համակարգը, թեեւ շրջապատողներից, ոչ ոք չի գա ու ասի. «երիտասարդ, արի քո «հավեսը» տեղը բերեմ»: Դեպրեսիվ վիճակներից ձերբազատվելու համար բժշկական օգնություն է պետք: Սովորաբար հոգեթերապեւտիկ սեանսներ ենք անցկացնում, տալիս ենք աուտոթրեյնինգի (ինքնակարգավորման) սխեմաներ, որպեսզի մարդը կարողանա ինքնուրույն կարգավորել իր հոգեկան աշխարհը եւ ստիպված չլինի անընդհատ հոգեմետ դեղորայք օգտագործել»:

Մ. Զաքարյանը խոսեց նաեւ գարնանն առաջացող սեռական  խանգարումների, թուլությունների` լիբիդոյի` (սեռական ցանկության) իջեցման մասին, ինչն էլ կարող է խորացնել ընկճվածությունը. «Կարծես պաթոլոգիական «օղակ» է առաջանում. սեռական խանգարումները բերում են նեւրոտիկ վիճակի սրման, իսկ  նեւրոտիկ վիճակի սրմանը` սեռական խանգարումների: Դրա համար հարկավոր է  ինչ-որ մի «օղակ» բուժել, որ մյուսն էլ, իր հերթին, կարգավորվի»,- ասում է սեքսապաթոլոգն ու եզրափակելով նշում, որ դեպրեսիվ վիճակներից կարելի է հեշտությամբ ձերբազատվել, եթե ժամանակին դիմենք համապատասխան մասնագետի` տվյալ դեպքում հոգեթերապեւտի եւ համապատասխան կարգավորումներ անեք: Շատ դեպքերում բժշկական միջամտությունը պարզապես անհրաժեշտ է: Առո՛ղջ եղեք:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

http://zaruhi.com