Այս տարի սեռական բժշկության 27-րդ համաշխարհային հանդիպումը, որը նաև բժշկական սեքսոլոգիայի եվրոպական (ESSM) և միջազգային (ISSM) միության համագումարն էր, տեղի ունեցավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում։ Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը և բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը։

  Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 2 գիտական աշխատանք․ ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Լուռ ցավ». Վագինիզմը հայ կանանց մշակութային առանձնահատկությունների տեսանկյունից»      և բժիշկ-սեքսոլոգներ Ա․ Ղարիբյանի ու Ս․ Սահակյանի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Գաբապենտինի արդյունավետությունը վուլվոդինիայի բուժման մեջ. դիտարկումներ փոքր կլինիկական նմուշում»: 

Աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ և սեռական առողջության ոլորտի վերջին նվաճումները լուսաբանող հզոր գիտական ​​ծրագիր ունենալով՝ հանդիպումը արժեքավոր հարթակ ստեղծեց փորձի փոխանակման, ուսուցման և իմաստալից քննարկումների համար:  Այս տարվա համագումարին կար ավելի քան 1200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Փոխգործակցության և համագործակցության բարձր մակարդակը իսկապես արտացոլում էր միջազգային համայնքի ուժը:

  

Համագումարը մուլտիդիսցիպլինար էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։