Հարց` Ամուսնացած եմ արդեն 3 տարի, շատ եմ սիրում ամուսնուս, սակայն սեռական հարաբերություններից իմ սպասելիքները լրիվ ուրիշ էին, ես ոչինչ չեմ զգում հարաբերության ժամանակ, ցանկություններ ունենում եմ, բայց ոչ իր նկատմամբ, այլ ընդհանրապես. Մենք շատ լավ զույգ ենք, սակայն այդ պլանում դեռ իրար չենք հասկանում: Հույս կա, որ երբևէ ամեն ինչ կփոխվի, թե այսպես ել կմնա. Ամուսինս իրեն բավարարված է զգում,ուղղակի մենք մտածում ենք, որ թերևս մենք շատ մտերիմ ենք դարձել իրար, դրա համար այլ կերպ ենք ընկալում միմյանց: Ես շատ եմ սիրում ամուսնուս, բայց ինձ համար դա մեծ խնդիր է:

Պատասխան
` Հարգելի նամակագիր

Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը թույլ է տալիս ենթադրել, որ Դուք ունեք սեռական գրգռման և օրգազմի խանգարում և իբրև հետևանք Ձեր մոտ զարգացել է սեռական ցանկության իրավիճակային խանգարում: Այս ամենով հանդերձ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, նույնիսկ շատ եք սիրում: Դուք շատ մտերիմ եք զգում նրա հանդեպ, իսկ դա նշանակում է, որ Ձեր սեռազգայունության բացակայության մեջ միջանձնային փոխհարաբերության գործոնը դեր չի խաղում: Մնում է ենթադրել հետևյալը`

1. Դուք ունեք խորը ներանձնային խնդիր կապված սեքսի հետ

2. Դուք ունեք ինչ-որ ֆիզիոլոգիական խնդիր, որի հայտնաբերման և ախտորոշման համար կպահանջվի մանրակրկիտ սեքսոլոգիական քննություն

3. Խնդիրը սեռական ակտի տեխնիկական կողմի մեջ է, որը չի ապահովում Ձեզ անհրաժեշտ սեռական գրգռման մակարդակ: Այստեղ կարևոր է ինչպես սեռական հարաբերության տևողությունը, որը կապ ունի ամուսնու սերմնաժայթքման հետ, այնպես էլ Ձեր էրոգեն գոտիների բավարար և համապատասխան գրգռումը

Իհարկե չի բացառվում այս երեք տարբերակների համատեղ կամ տարբեր համակցումներով առկայության փաստը: Դուք չեք նշում Ձեր տարիքի, հղիությունների և ծննդաբերությունների, որևէ մարմնական գանգատի մասին, այդ պատճառով դժվար է որևէ կոնկրետ գնահատական տալ Ձեր սեռական ֆունկցիան ապահովող ֆիզիոլոգիական համակարգերի մասին: Դուք չեք նշում նմանապես սեռական հարաբերության տևողության մասին, Ձեր էրոգեն գոտիների գրգռման մասին: Դուք նշում եք միայն Ձեր չարդարացված սպասելիքների փաստը, որը իհարկե դեր ունի Ձեր պարագայում, սակայն ոչ մենաշնորհային դեր:

Իհարկե հույս կա, որ ամեն ինչ կփոխվի, միայն թե այն պարագայում, եթե Դուք շատ ցանկանաք այդ փոփոխությունը և պատրաստ լինեք ինքներդ փոխվելու:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան