Հարց` Արդեն 5 տարի է ամուսնացած եմ և դեռևս ոչ մի անգամ չեմ զգացել օրգազմ: Ունենք երկու երեխա: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց չկա լիարժեք լիցքաթափում: Ամուսինս փորձում է ինձ օգնել, բայց ապարդյուն: Դիմել ենք բժշկի, բայց ասել են, որ դա միայն ժամանակի խնդիր է, սակայն դրանից հետո անցել է արդեն 2 տարի և ոչ մի արդյունք: Ինչպես անեմ, որ ես էլ շատ կանանց պես բավականություն ստանամ սեքսից: Արդյոք հնարավոր է լուծել այդ ինձ համար շատ ցավոտ խնդիրը տնային պայմաններում: Ինչ դեղորայք կառաջարկեք նման դեպքում:

Պատասխան` Հարգելի նամակագիրՕրգազմ ապրելու կարողությունը իսկապես շատ դեպքերում ժամանակի խնդիր է, եթե չկան օրգազմի հասնելու այլ խանգարող հանգամանքներ: Դրանց թվին են պատկանում կոնստիտուցիոնալ գործոնը, օրգանիզմի հորմոնալ հագեցվածությունը, միջանձնային հարաբերությունների բնույթը Ձեր ամուսնու հետ, Ձեր ներքին սեքսուալ բարդույթները, սեքսուալ գրգռման ձևը և համապատասխանությունը Ձեր պահանջներին: Ձեր դեպքում փաստորեն առկա է վերոնշյալ գործոններից որևէ մեկը կամ մի քանիսը, քանի որ ժամանակի հետ խնդիրը չի լուծվել: Չկա այնպիսի դեղորայք, որի ազդեցության անմիջական թիրախը լինի կնոջ օրգազմելիության վերականգնումը: Այնուհանդերձ, տնային պայմաններում այս խնդրին լուծում տալու համար Ձեզ հավանաբար օգտակար կլինի իմանալ, որ օրգազմի վրա ֆիքսումը դժվարեցնում և գրեթե անհնարին է դարձնում այդ ֆիզիոլոգիական ռեակցիայի բնականոն առաջացումը: Դուք պետք է նաև իմանաք, որ երկար տևելու դեպքում այս խնդիրը կարող է բացասական անդրադառնալ ձեր մարմնական առողջության վրա երկրորդային նևրոտիկ ռեակցիաների առաջացման հետևանքով: Անօրգազմիայի բուժումը բարձր արդյունավետություն ունի, կան շատ միջոցներ, որոնք, ցավոք, տնային պայմաններում կիրառելի չեն:

 

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան