Ս/թ հոկտեմբերի 14-ից 16-ը  Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի 7 անդամները,   նախագահ, պրոֆ. Ա.Է. Հակոբյանի գլխավորությամբ  մեկնեցին գեղատեսիլ Արցախ։ Այցը գիտա-գործնական էր, որի կազմակերպման կատարողականությունը պատկանում էր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիային, այսինքն՝

ինքնուրույն, սեփական ուժերով։ 

Պատվիրակությանը ջերմորեն ընդունեց ԼՂՀ Առողջապահության նախարար Կ. Աթայանը, ով իր խոսքում ընդգծեց և կարևորեց  Հայաստանի պատվիրակության այցը հատկապես հիմա՝ քառօրյա պատերամից հետո՝ նշելով, որ երևույթը կամրապնդի և կզարգացնի ազգաբնակչության սեռական և վերարտադրողական բժշկության հիմքերը: 

Այցի առաջին օրը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում մեր բժիշկները՝ պրոֆ. Ա.Է. Հակոբյանը, Ա.Դ. Գրիգորյանը, Ռ.Է. Ազատյանը և Վ.Ա. Շահրամանյանը արցախցի մասնագետներին   ներկայացրին գիտական տարատեսակ զեկուցումներ՝ նվիրված սեռական և վերարտադրողական առողջության արդի խնդիրներին։  

Արցախցի գործընկերների համար այս հանդիպումը իր տեսակով եզակի էր, ինչը  զարմանքի և ուրախության ալիք առաջացրեց։ Փաստացի, սա լայն հնարավորություն ընձեռեց մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել: 

Պրոֆ. Ա.Է. Հակոբյանը ներկայացրեց «ЭРЕКЦИОННАЯ ДИСФУНКЦИЯ» աշխատանքը: Ունկնդիրների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: 

Ա.Դ. Գրիգորյանը, Ռ.Է. Ազատյանը և Վ.Ա. Շահրամանյանը հանդես եկան հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող այլ զեկուցումներով՝ նվիրված սեռական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին և այլն: 

Այցի երկրորդ օրը տեղաբնակ այցելուների ընդունելություն էր։ Վաղ առավոտից Բժշկական կենտրոնի սպասասրահը մարդաշատ էր՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր եկել էին՝ մեր պատվիրակության բժիշկներին հանդիպելու և խորհրդակցելու։ Բոլոր այցելուները ստացան սեքսոլոգիական և գինեկոլոգիական սպառիչ խորհրդատվություն, իսկ կենտրոնի բժիշկները այցելուների հետագա բուժման հարցերում՝ հստակ հանձնարարականներ և ցուցումներ։ 

Արցախյան ուղևորությունն առանձնացավ նաև պատմական վայրերի այցելությամբ։ Երկրօրյա խիտ ժամանահատվածում մեր Ասոցիացիայի պատվիրակությունը այցելեց Շուշի, Ջդրդյուզ (Հոնոտի կիրճ), Իսաբուլաղ, Գանձասար։  Իսկ հետդարձի ճամփին բժիշկները ճոպանուղու թևերով այցելեցին Տաթևի վանական համալիրը։       

Ուղևորությունն անցավ անչափ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում։ Ջերմ տպավորություններով և հաճելի հուշերով պատվիրակությունը վերադարձավ Երևան։ 

 

Վրեժ Շահրամանյան