Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվեց ISSAM-ի (Տղամարդկանց ծերացման հարցերի ուսումնասիրման միջազգային ընկերակցության) X հոբելյանական միջազգային ժողովը, որին մասնակցում էին էնդոկրինոլոգներ, սեքսոպաթոլոգներ, ուրոլոգներ և ո՛չ միայն` ժամանած Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ավստրիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, ՌԴ-ից, ինչպես նաև Հայաստանից:

 Հայտնի բժիշկ-էնդոկրինոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ, պրոֆեսոր Բրունո Լունենֆելդը (Իսրայել) մեզ հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց ծերացման հարցերին և տարիքային հիվանդությունների դեմ պայքարի ուղիներին է նվիրված ISSAM-ի ժողովը:  


«Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հաճախ են այցելում բժշկի. նրանք երիտասարդ տարիքից սովոր են այցելել գինեկոլոգի: Տղամարդիկ չեն ցանկանում ցուցադրել սեփական թուլություններն ու երևալ հիվանդ, այդ իսկ պատճառով բժշկի չեն այցելում: Արդյունքում կանանց կյանքի միջին տևողությունը 7-8 տարով երկարում է»:


Զրուցակցի փոխանցմամբ. «50 տարի առաջ մարդիկ մահանում էին շաբաթների կամ ամիսների ընթացքում՝ հիմնականում վարակիչ հիվանդություններից: Այսօր կյանքի միջին տևողությունը երկարել է, բայց այնպես է ստացվել, որ կյանքի վերջին 7-8 տարվա ընթացքում սրտանոթային խնդիրներ, ուռուցքային կամ այլ հիվանդություններ են ունենում...»: 

Բ. Լունենֆելդն ընդգծեց, որ իրենց նպատակն է հավասարեցնել կյանքի միջին տևողությունը և առողջ կյանքի տևողությունը:

 

Բժիշկ-էնդոկրինոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Սվետլանա Կալինչենկոն (ՌԴ) մեզ հետ զրույցում պատմեց, որ ISSAM-ի հիմնադիրը` իր ուսուցիչ Բրունո Լունենֆելդն է. «Երկար տարիների պատմություն ունի այս ֆորումը: Այն հիմնադրվել է Բրունո Լունենֆելդի կողմից: Նրան ես, պարզապես, պաշտում եմ: Զարմանալի Մարդ, հիմնեց ISSAM-ը, երբ թոշակի անցավ: Ի դեպ, 2017-ին կբոլորի նրա 90-ամյակը: Իր սեփական խնդիրները վեր հանելով՝ նա հիմնեց այս ընկերակցությունը: Իմ բախտը բերել է, ես եղել եմ առաջին ժողովին, որտեղ ներկա էին մոտավորապես հիսուն մարդ: Աշխարհում այս թեման ոչ մեկի չեր հետաքրքրում, հիմա չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում…»:  


Ս. Կալինչենկոն ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս ժողովների կազմակերպիչն է. «Իմ գլխավորությամբ մի քանի ժողով արդեն անցկացվել է Մոսկվայում, Ղազախստանում, Պրահայում և այժմ` այստեղ: Երևանը շատ եմ սիրում: Անցյալ տարի նույնպես Երևանում մասնակցել եմ ժողովի»:

 Մասնագետն ասաց, որ իրենց համար կարևոր չէ, թե ինչ մասնագետներ կհավաքվեն ժողովին, քանի որ չեն կիսում ու բաժանում մասնագետներին. «Մենք կարծում ենք, որ բժիշկները պետք է համագործակցեն միմյանց հետ, և միայն այդ պարագայում բուժումը կարող է արդյունավետ լինել»:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Բորիս Վորնիկը (Ուկրաինա) համակարծիք է գործընկերուհու հետ. «Ինձ դուր են գալիս այս տեսակի ժողովները, քանի որ այստեղ հրատապ խնդիրներ են բարձրացվում: Գերագնահատել նմանատիպ ֆորումների աշխատանքն անհնարին է: Պետք է նմանատիպ ժողովներ ավելի շատ լինեն և հարցերի շրջանակներն ընդլայնվեն. մարդու առողջությունը հատուկ ձևաչափեր չի ճանաչում,  ճիշտ ախտորոշում դնելու համար պետք է հաշվի առնել նաև սոցիալական և հոգեբանական գործոնները, դրա մասին խոսեցի նաև իմ զեկուցման մեջ»: 

 ՀՀ գլխավոր բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Հակոբյանը՝ շարունակելով գործընկերների խոսքը, նույնպես կարևորեց ժողովի միջմասնագիտական ուղղվածությունը. «Այս ժողովին մասնակցում են սեռախտաբաններ, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, և դա շատ լավ է. կզարգանան միջմասնագիտական մոտեցումները: Հիմնական գիտական թեմաները, որոնք ներկայացվում կամ քննարկվում էին՝ այնպիսին էին, որոնք առնչվում են տարբեր ոլորտների մասնագետներին»:

Ա. Հակոբյանն ասաց նաև, որ շատ մեծ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ հարակից մասնագիտությունների շարքում ներկա է եղել սեռախտաբանության դպրոցը՝ իր առաջատար մասնագետներով. «Մեկ օր առանձին նվիրված էր սեռախտաբանության արդի հարցերին: Մենք նկատում ենք, որ բավականին թվով սեքսոպաթոլոգներ են ներկա, ովքեր ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ Վրեժ Շահրամանյան, Մարատ Զաքարյան և այլն...» :

 

 Սկզբնաղբյուր. med-practic.com