Սեպտեմբերի 20-21-ին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Վրեժ Շահրամանյանը մեկնել էր Կիև՝ մասնակցելու «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողովին:

Արդեն 3 տասնամյակ է՝ Ուկրաինայում պարբերաբար կազմակերպվում է «Սեռական առողջություն» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ և արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն է ընձեռում բոլոր բժիշկներին նոր ծանոթություններ հաստատել, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, տեղեկանալ գիտական սեքսոլոգիայի վերջին նորություններին: Մեր պատվիրակի աշխատանքը կոչվում էր «Սեռական դաստիարակության դերը սեռական խանգարումների գենեզում»:

Հանրահայտ սեքսոպաթոլոգների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի, իսկ մատուցման եղանակը՝ դրվատանքի խոսքերի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:
Կոնֆերանսին ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, տղամարդու անպտղության հրատապ հարցերին և այլն:
Իր ամփոփիչ խոքում Ուկրաինայի գլխավոր սեքսոպաթոլոգ, պրոֆ. Ի.Ի. Գորպինչենկոն ընգծեց Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին՝ նշելով, որ փաստը կամրապնդի և կզարգացնի հայ-ուկրաինական սեքսոլոգիական բժշկության հիմքերը: