Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով` ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ։
Գիտաժողովին մասնակցեցին բժիշկ-սեքսոլոգներ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ և հոգեբաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից: Նրանց թվում էին ճանաչված մասնագետներ Պիեռ Ասալյանը (McGill համալսարանի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր), Կևան Ուայլը (Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր), Բևերլի Ուիպլը (Ռուտգերսի համալսարանի պրոֆեսոր) և Վոետ Գիանոտենը (Դե Տրապենբերգի ֆիզիկական վերականգնողական կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ):

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, կանխարգելման, ախտորոշման և բուժման հրատապ խնդիրները: Զեկուցումները նվիրված էին սեքսուալ և վերտադրողական առողջության վերականգնման և պահպանման մոտեցումներին: Սեքսոլոգների համաշխարհային և Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիաների համատեղ գիտական և գործնական աշխատանքները զարգացնելու նպատակով քննարկվեցին տարբեր ծրագրեր:
Գիտաժողովից հետո ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդունեց արտերկրից ժամանած անվանի սեքսոլոգներին, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին և ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի աշխատակիցներին:

Պրոֆեսոր Պիեր Ասալիանը և արտասահմանյան երկրներից ժամանած մյուս մասնագետները ռեկտորին իրենց գոհունակությունը հայտնեցին գիտաժողովում թեմաների քննարկումը խորությամբ, ինչպես նաև այլ մասնագետների հետ համագործակցությամբ կազմակերպելու համար։ Հյուրերը Հայաստանի մասնագետների հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին։

Ռեկտոր Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն իր մասնագետների շարունակական վերապատրաստման ու կատարելագործման քաղաքականություն է վարում և այդ ուղղությամբ պատրաստ է համագործակցել նաև հյուրերի ներկայացրած կազմակերպությունների հետ։

«Մեր ամբիոնն արդեն երկու տարի է, ինչ համագործակցում է Սեքսոլոգների համաշխարհային ասոցիացիայի հետ։ Պատրաստ ենք առաջիկայում ավելի սերտացնել այդ փոխհարաբերությունները», - ասաց ռեկտորը։

Հյուրերի հետ նա քննարկեց հետագա համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊԲՀ-ի միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը: