2014 թվականի նոյեմբերի 28-ին մեկնարկել է «ՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 15-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի

համատեղ նախաձեռնությամբ:

Երկօրյա գիտաժողովի առաջին օրը անցկացվեց ԵՊԲՀ-ում, որի ժամանակ սեռական առողջության վերաբերյալ տարաբնույթ ելույթներով հանդես եկան սեքսոլոգիայի ամբիոնի բոլոր աշխատակիցները: Բովանդակալից և հետաքրքիր զեկույցներ ներկայացրին նաև հարակից՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոսները: Գիտաժողովի երկրորդ օրը շարունակվեց Աղվերանի «Բեստ Վեստերն» հյուրանոցային համալիրում, որի ժամանակ տեղի ունեցավ բժիշկ սեքսոլոգների կողմից կլինիկական դեպքերի վերլուծություն, կլինիկական փորձի փոխանակում և ակտիվ քննարկում: Գիտաժողովը պրոդուկտիվ էր թե գիատկան և թե կլինիկական ասպեկտներով:

Գիտաժողովի պատվավոր հյուրն էր Վրաստանի բժշկական սեքսոլոգիայի միության նախագահ, պրոֆեսոր Զուրաբ Մարշանիան: Նա ներկայացրեց վագինիզմի զարգացման խնդիրները թեմայով զեկույց՝ «Վրաստանում վագինիզմի առաջացման որոշ սոցիո-կուլտուրալ ասպեկտները, տարածվածությունը և բուժումը»:
Հատկանշական է, որ պրոֆ. Մարշանիան գիտական և կլինիկական տեսանկյունից բարձր է գնահատում Հայաստանում սեքսոլոգիայի զարգացման մակարդակը: Գիտաժողովն ավարտվեց երկու միությունների միջև համագործակցության համաձայնագրի կնքմամբ, որի շրջանակում նախատեսվում է հաջորդ գիտաժողովը անցկացնել Վրաստանում՝ Անդրկովկասում սեքսոլոգիայի զարգացման հեռանկարները խթանելու համար: